«Հայֆիլմը» վերածնվելու է
Երբ 1923 թ. ստեղծվեց Սովետական Հայաստանի առաջին եւ ամենախոշոր կինոստուդիան (1957 թ. կոչվել է «Հայֆիլմ», իսկ 1966 թ. կրում է Համո Բեկնազարյանի անունը) եւ հենց իր առաջին տարիների գործունեությամբ հասավ նշանակալի հաջողությունների, պարզ դարձավ, որ կինոստուդիային սպասվում է երկարատեւ եւ բեղուն աշխատանք: Այդպես էլ եղավ, սակայն հասարակարգի փոփոխման հետեւանքով ինչպես մյուս ոլորտներն ու մշակութային օջախները, այնպես էլ «Հայֆիլմը», ապրեց դժվար տարիներ: Այսօր ստուդիան ֆիլմեր է նկարում ֆինանսական, տեխնիկական (ունի ընդամենը 1 տեսախցիկ) սուղ պայմաններում: Պարզ է, որ նման պայմաններում երկար աշխատել հնարավոր չէ, միջազգային շուկա դուրս գալու համար հարկավոր են մեծ ներդրումներ, լավ տեխնիկական զինվածություն: Որոշվեց կինոստուդիան մասնավորեցնել:
«Մոտ մեկ ու կես տարի առաջ սկսվեցին քննարկումներն այս ուղղությամբ, սակայն ներդրում կատարողների (Արա Աբրահամյան, Ջերալդ Գաֆեսճյան) հետ պայմանների ու պահանջների որոշ անհամապատասխանության պատճառով գործընթացը սառեցվեց», պատմում է «Հայֆիլմի» տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Այժմ կինոստուդիան ցանկանում է մասնավորեցնել ամերիկահայ գործարար, «Vision Quest Pictures» ընկերության նախագահ Խաչիկ Խաչիկյանը: Ամերիկահայ գործարարը միայն կինոստուդիայի մասնավորեցման համար կտրամադրի 1,5 մլն դոլար, իսկ հետագա ներդրումները 100 մլն դոլարից ավելի կլինեն: «Հայֆիլմի» տնօրեն պրն Գեւորգյանի խոսքերով, վարչապետի հանձնարարությամբ այժմ գույքի հաշվառում է կատարվում, որից հետո էլ կորոշվի մասնավորեցման համար տրվելիք վերջնական գումարը: Ինչ վերաբերում է այն մտավախությանը, թե գործարքը կարող է անհուսալի լինել, պրն Գեւորգյանը հերքեց. «Պայմանագրի կարեւորագույն կետերից է այն, որ ամբողջ գույքը պետք է մնա գրավ պետությանը մինչ ներդրման իրականացումը»: Պայմանագրի կարեւոր կետերից է նաեւ ստուդիայի անվան եւ խորհրդանշանի (Սասունցի Դավթի արձանը) պահպանումը:
Պրն Գեւորգյանը, ներկայացնելով ամերիկահայ ճարտարապետի ստեղծած ապագա «Հայֆիլմի» մակետը, նկարագրեց ստուդիայի հիմնական կառույցները: Նախՙ տնօրենը հերքեց այն լուրերը, թե ներկայիս ստուդիայի շենքը հողին է հավասարեցվելու, հետո միայն կառուցվելու: «Կինոստուդիան իր հիմնական մասերով մնալու է, այլ բան է, որ գուցե քանդվեն փոքր, ոչ այնքան կարեւոր հատվածները», նշեց տնօրենը: Ուրեմն ի՞նչ է սպասվում «հայկական» Հոլիվուդին:
Նախ կինոքաղաքի կառուցումը բաղկացած է 2 փուլից: Առաջին փուլն ընդգրկում է ամբողջ կինոստուդիայի վերանորոգում, հրապարակների կառուցում, արհեստական լճերի ու շատրվանների ստեղծում, 12 հսկա տաղավարների (ներսում յուրաքանչյուրը 2 հատ է լինելու, այսինքնՙ 24 հատ) կառուցում, կինոդպրոցի հիմնում, ուր սովորելու են մեր բուհերն ավարտած ուսանողները, եվրոպական չափանիշներին համապատասխան զինվածության ապահովում, կինոարտադրամասի, բուտաֆորական քաղաքի կառուցում: Այս փուլի համար նախատեսվում է 112 մլն դոլարի ներդրում: Ի դեպ, թվայնացվելու են նաեւ կինոստուդիայի ֆիլմերը եւ որ պակաս կարեւոր չէ, հիմնվելու է միջազգային կինոփառատոնի անցկացման գեղեցիկ ավանդույթը:
Երկրորդ փուլը նախատեսում է հյուրանոցային համալիրի կառուցում, որը ոչ թե ժամանցի վայր է լինելու, այլ հյուրընկալելու է տարբեր երկրներից եկած կինոգործիչներին: Այս փուլի համար նախատեսվում է հարյուր մլն դոլարի ներդրում: Փաստորեն ներդրումները կլինեն ավելի, քան նախատեսվել էր:
Մի խոսքով իսկական հրաշք, որը ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կիրականացվի առաջիկա հինգ տարիների ընթացքում:
Վերածնված «Հայֆիլմում», տնօրենի խոսքերով, ներկայիս մոտ 300 աշխատողների փոխարեն կաշխատի 2500-3000 մարդ, որով ինչ-որ չափով կլուծվի նաեւ աշխատատեղերի խնդիրը, եւ ամենացածր աշխատավարձը լինելու է հարյուր դոլար:
Իսկ այս վերակառուցման ընթացքում կինոստուդիան չի՞ աշխատելու: Պարզվում է, որ կինոքաղաքի կառուցմանը զուգահեռ «Հայֆիլմը» շարունակելու է ֆիլմեր նկարահանել: 2005 թ. «Հայֆիլմը» նախատեսում է 5-6 դեբյուտային, 4 գեղարվեստական ֆիլմերի եւ 4 մուլտֆիլմերի նկարահանում: Տնօրենի խոսքերով, «Հայֆիլմը» 2005 թ. Կաննի փառատոնին կներկայացնի Էդգար Բաղդասարյանի «Մարիամ» եւ Վիգեն Չալդրանյանի «Ագաթանգեղոս» ֆիլմերը, հասցնելու դեպքում, պրն Գեւորգյանի խոսքերով, ֆիլմ կներկայացվի նաեւ Օսկարի մրցանակաբաշխությանը:
Տնօրենը դժվարացավ ասել, թե որքան արժե մեկ ֆիլմը (որովհետեւ ֆիլմի ծախսերի մի մասը հոգում է այն երկիրը, կողմը, ում հետ նկարահանվում է ֆիլմը), բայց նշեց, որ պետությունը կինոստուդիային ամեն տարի տրամադրում է միջին հաշվով 250 մլն դրամ:
Այս լավ նախաձեռնության հեղինակներին ցանկանանք հաջողություն, որ մի օր էլ առիթ ունենանք անդրադառնալու կինոքաղաքի հաջողություններին:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ