Երեկ Երեւանի Սբ. Զորավոր եկեղեցում տեղի ունեցավ տարաբախտ ֆրանսահայ երիտասարդիՙ Քրիստոֆ Քեբաբջյանի հոգեհանգստյան արարողությունըՙ ուրբաթ օրը Փարիզում տեղի ունենալիք հուղարկավորությունից եւ դիակիզումից առաջ: Ինչպես հաղորդել էինք նախապես, Քրիստոֆ Քեբաբջյանը, որ վերջին տարիներին հաստատվել էր մայր հայրենիքում եւ այստեղ գործ դրել, նախանցյալ չորեքշաբթի գիշեր մահացել էր շմոլ գազից: Հոգեհանգստյան արարողությունը մատուցեց Սբ. Զորավոր եկեղեցու քահանայից դասը, գլխավորությամբ Տեր Վարդանի: Ներկա էին հայրըՙ ՀԲԸՄիության կենտրոնական վարչական ժողովի անդամ Լեւոն Քեբաբջյանը, եղբայրը, տիկինը, այլ հարազատներ, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին, պաշտոնական այլ անձինք, ընկերներ եւ բարեկամներ: Ցավակցական նամակներ էին հղել Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը, ՀԲԸՄիության կենտրոնական վարչական ժողովը:
Ստորեւՙ ցավակցական սրտառուչ մի քանի տող:
Տեր եւ տիկին Լեւոն Քեբաբջյաններ
Իմ վիրավոր բարեկամներ, վերջին անգամ ձեզ հանդիպեցի երեւանյան մի տաք ու լուսավոր օր, ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի սրտումՙ Աբովյան փողոցում: Ուրախ էիք, անչափ ուրախ, տուն էիք գնել Երեւանում, մեծ ծրագրեր ունեիք:
Եվ հանկարծ, այսօր, լսում եմ բոթը: Ցավում եմ, սգում ձեր ահավոր կորուստը, մխիթարանք մաղթում: Ուզում էիք կապվել հայրենիքին, ահա եւ Աստված ձեզ հավերժ կապեց նրան, մոռանալով, որ ձեր ծննդով էիք արդեն կապվել եւ երկրորդն ավելորդ չէր, այլ դժբախտություն:
Երկյուղանքով եմ ասում, վախով, սակայն չեմ կարող չասել. ո՞ւր ես նայում Աստված...
ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ