Հարգելի պրն Ավետիքյան
Երբեւէ հանդես չեմ եկել հրապարակային նամակի ձեւաչափով, եւ թերեւս դրա կարիքն էլ չլիներ, եթե Ձեր խմբագրած թերթի #006, 18/01/2005 համարում չկարդայի «Հոգեորսությունը շարունակվում է» հրապարակումը: Այն խիստ վրդովեցրեց ինձ եւ իմ մերձավորներին: Մի կողմ թողնենք աղանդավորության կամ ոչ աղանդավորության խնդիրը: Շոշափվում են անուններ, որոնք քաջ հայտնի են լայն հանրությանը (բայց, չգիտես ինչու, հանրությանն անհայտ Ռ. Ռ.-ն չի ցանկանում գոնե մի քիչ ընթերցողին հայտնի դառնալՙ ներկայանալով ամբողջական անուն-ազգանունով):
Ես եւ իմ ըտանիքը 10 տարուց ավելի շփվում ենք Էլբակյանների ընտանիքի հետ: Վերջին տասը տարիների ընթացքում միասին իրականացրել ենք հոգեւոր թեմաներով շուրջ 200 մուլտֆիլմերի կրկնօրինակման աշխատանքներ, որոնք առ այսօր հեռարձակվում են տարբեր հեռուստաալիքներով: Բազմիցս առիթ եմ ունեցել տեսնելու այն իրական քրիստոնեական սերն ու խաղաղությունը, որ տիրում է Էլբակյանների ընտանիքում:
Խնդրում եմ բացատրել, թե ինչ է նշանակում հոդվածում տեղ գտած «զբաղվում են խառը սեքսով...» արտահայտությունը: Ով է տեսել հավատացյալ քրիստոնյայի, որը պատվիրանները սրբորեն պահելով, խառը սեքսով է զբաղվում:
Հեռու եմ այն մտքից, թե ինչ-որ մեկի պատվերն եք կատարել, քանի որ կարծում եմ, որ անբարոյական կհամարեիք առանց ճշտված տեղեկության բարի համբավի տեր մարդկանց անունն արատավորելՙ հատկապես գիտակցելով այն անասելի կորուստը, որ ունեցավ այդ ընտանիքը վերջին տարիներին:
Ես պահանջում եմ հրապարակավ ներողություն խնդրել ոչ միայն Էլբակյաններից (ինչպես դա արել եք #008, 20/01/2005 «Անդրադարձ տպագրվածին» հոդվածում, այլեւ բոլոր արվեստագետներից: Ինչպես նաեւ հրապարակել Ռ. Ռ.-ի ամբողջական անուն-ազգանունը, որպեսզի խառը սեքսի սիրահարն այլեւս չարատավորի արվեստագետի անունը:
Հարգանքներովՙ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆ, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար
ԽՄԲԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ.
- Ի տարբերություն հարգարժան նամակագրի, չէի ցանկանա «աղանդավորության եւ ոչ աղանդավորության խնդիրը» մի կողմ թողնել, եւ ոչ միայն այս պարագայում, այլեւ ընդհանրապես:
- Մամուլում լինում են պարագաներ եւ ինչ-ինչ հանգամանքներ, երբ գրության կամ հոդվածի հեղինակը չի ցանկանում իր անվան բացահայտումը եւ հանդես է գալիս անվան սկզբնատառերով կամ կեղծանվամբ: Պարզապես անհրաժեշտ է, որ խմբագրությունն իմանա տվյալ անձի ինքնությունը:
- Ինձ թվում է, որ «հոգեւոր թեմաներով շուրջ 200 մուլտֆիլմերի կրկնօրինակման» փաստն այնքան էլ հաջող ապացույց չէ դրանք իրականացնողների բարեպաշտության մասին: Կարելի է սրբի դեր կատարել (կինոյում, թատրոնում) առանց... սուրբ լինելու: Ինչ վերաբերում է հիշատակված մուլտֆիլմերին, եթե դրանք CBN-ի Կիեւի գրասենյակի պատվերով արված գործերն են, ապա դրանց մեծ մասն «Ակումբ 700»-ի աղանդավորական քարոզչությունն են բովանդակում նաեւ, սուրբգրային դրվագներից բացի:
- Ինչ վերաբերում է «խառը սեքսի» պատմությանը, կրկին եմ կրկնումՙ ցավում եմ, որ մեր գրածը տեղիք է տվել նման թյուրիմացության: Մեր կողմից լուրջ վրիպում էր այդ «պատմությունը» հարգելի արվեստագետների անունից հստակորեն չտարանջատելը:
- Գալով «բոլոր արվեստագետներից հրապարակավ ներողություն խնդրելու» Ձեր պահանջին, ասեմ, որ որեւէ բարդույթ չունեմ ներողություն խնդրելու: Սակայն չեմ կարող անտեղի ներողություն խնդրել որեւէ մեկից, այդ թվումՙ «բոլոր արվեստագետներից»:
Հ. Ա.