Երկրիս մայրաքաղաքի կենտրոնից երկու-երեք կանգառ հեռավորությամբ մի տարածք կա, ուր գիտության զարգացումն իր հետքն է թողել էլեկտրաէներգիայի, ջրաչափերի, էլեկտրահաշվիչների առկայությամբ միայն: Սրանով սկսվում ու սրանով ավարտվում են տեխնոլոգիաների ակնթարթային զարգացում ապրող 21-րդ դարի քայլերը հազարավոր բնակիչներ ունեցող Անդրֆեդերացիայի երկրորդ փակուղի կոչված բլուրում: Քաղաքաշինական ու ճարտարապետական ողջ հանճարի հանրագումարն էլ չի կարող պարզել, թե շինարարական ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվել Երկրորդ համաշխարհայինից առաջ այս բլուրը կառուցապատելիս:
Այս տարածքի հնաբնակ տիկին Արուսյակը պատմեց. «Այստեղ գալիս էին Հայաստանի տարբեր շրջաններից, հիմնականում երիտասարդ ընտանիքներ ու իրենց իմացած, ձեռքներն ընկած շինանյութով կացարաններ կառուցում: Հայրս պատմում էր, ես էլ աղոտ հիշում եմ, որ հիմքը փորելիս բազմաթիվ մարդկային կմախքներ էին դուրս բերում: Երեւի դրա համար էլ այս բլուրը ժողովուրդը կոչում է Մուխաննաթափա: Տաքսիստներն էլ այդ անունով են գտնում մեր թաղը»: Բնակիչների մի մասը բլուրը մուխաննաթՙ չարաբաստիկ, վտանգավոր, կասկածելի կոչելու պատճառը համարում է հայտնաբերված մարդկային կմախքների անհերքելի փաստը, մյուս մասն էլ դա բացատրում է առասպելով, թե հերթական անգամ հայ-թուրքական պատերազմի ընթացքում հայերը պաշտպանվելու համար մի քանի օրում սարքել են նշյալ բլուրն ու դրա շնորհիվ մարտում հաղթանակ տարել, ինչն էլ ստիպել է թուրքերին բլուրը կոչել չարաբաստիկՙ մուխաննաթ:
Ինչեւէ, մասնագիտական գրականությունն այդ մասին ոչինչ չի ասում: Սակայն մերօրյա իրականությունն այլ հիմքեր է ներկայացնում բլուրը չարաբաստիկ համարելու համար: Իրար գլխի թառած տներից մեկի կտուրը մյուսի համար բակ է ծառայումՙ տեղանքի պարտադրանքով, ինչը, տիկին Ամալյայի հավաստմամբ, երբեմն անխուսափելի, բայց եւ անհետեւանք վեճերի պատճառ է դառնում ըստ էության համերաշխ հարեւանների համար: Պրն Հարությունն էլ ասաց. «Հույսներս կտրել ենք գազաֆիկացման հեռանկարից: Անվտանգություն ապահովել անհնար կլինի: Ձմեռն ուղղակի պատուհաս է մեր թաղամասի համար: Մեզ մոտ փողոց կոչվածը երկու թզաչափ լայնք ունի, մաքրած ձյունը լցնելու տեղ էլ չկա: Մաքրելն անիմաստ է դառնում: Իսկի երեխեքն էլ ձյան գալով չեն ուրախանում»: Երեխաներն, իհարկե, հասցնում են նաեւ խաղալ ու զմայլվել ձյան գեղեցկությամբ, բայց օրվա հոգսըՙ ջրի հայթայթման ծանր ու երկարատեւ ընթացքը, ներառում է նաեւ նրանց: Այստեղ ջուր բերելը վաղուց արդեն կանացի գործ չէ, ինչպես դարերով եղել է հայ հասարակությունում: Թաղամասի բնակիչներըՙ հիմնականում տղամարդիկ, խմելու եւ կենցաղային օգտագործման ջուրը բերում են 600-700 մետր հեռավորությունիցՙ նկարագրված կածաններով: 2005 թ. այդ կենցաղով ապրում են դեռ 2 շաբաթ, իսկ նախորդ տարի տարերային ջրակրումը տեւել է շուրջ 6 ամիս: Նախորդ տարի օրը մի քանի վթարներից մեկը տեղի է ունեցել հենց Անդրֆեդերացիայի երկրորդ փակուղում: Բնակիչների երկարատեւ ու հետեւողական բողոք-դիմումները ջրմուղ եւ Էրեբունու թաղապետարան արձագանքվել են օրեր անց, իսկ մինչ այդ ջուրն անարգել ողողել է մի քանի փողոց: Արձագանքելուց հետո պատկան մարմիններն ի վերջո փակել են ջուրն ու աչքերը եւ խոստացել նորոգել:
Ի վերջո, թաղամասի բնակչությունը սեփական միջոցներով փոխել է ջրագիծը ու կարծել, թե դրանով ավարտվեցին օրհասական ջրի խնդիրները: Բայց ո՛չ, դրանք չեն ավարտվել, անգամ չեն կրճատվել: Նորոգումն իրականացվել է առանց մասնագետի, եւ ձմռանը սառել է ողջ ջրագիծը: Մինչդեռ ջրմուղը պատասխանատու է մինչ տուն հասնող ջրագծերի գործունեության համար: Ջրմուղը պատասխանատվություն չի ստանձնել: Արդյունքում մուխաննաթափցիները, այլընտրանք չունենալով, բարեկամացել են հարեւան փողոցների բնակիչների հետ: Բայց նման բարեկամությունը մի օր կարող է կտրականապես դադարել:
«Ախր, որքան կարող են մարդիկ բարեսրտորեն ջուր տրամադրել մեզ: Մի ընդհանուր ծորակից էինք օգտվում, դա էլ կտրեցին գլխներիցս: Էլ չեմ ասում, որ հիվանդ ունեցողը շտապօգնության անհրաժեշտության դեպքում վազքի ռեկորդ է սահմանում: Ամենամոտ հեռախոսը փոստում է: Փոստն էլ կես կիլոմետրից հեռու է», փաստեց տկն Աստղիկը:
Նախորդ տարի 30-ից ավելի ընտանիք դիմել է հեռախոս ձեռք բերելու եւ «Արմենտելի» համապատասխան ծառայությունից պատասխան ստացել, որ մինչեւ 2005 թ. ավարտն այդ թաղամասերին հեռախոսահամարներ չեն տրամադրվելու, այդ տարածքը հեռահար ծրագրերում է ընդգրկված: «Այսքանը մի՞թե բավարար չէ բլուրն իրոք չարաբաստիկՙ մուխաննաթափ համարելու համար», հարցրեց Սարգիս պապն ու այսօրվա իշխանավարումն էլ մուխաննաթ համարելով ասաց. «Գարունը բացվի, էլի հույսներս մեզ վրա դրած փորձենք մի բան անել»:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ