«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2005-02-01 | #17, 2005-02-02 | #18, 2005-02-03


ԻՆՏԵՐՆԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

Իսկ Արշակ Սադոյանը մտադիր է դատի տալ արդարադատության նախարարին

Երիտասարդ տնտեսագետների հասարակական կազմակերպությունը ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունների պատվերով վիճակագրական ուսումնասիրություններ է կատարում: Նպատակը ինտերնետ հեռախոսակապի ծառայությունից օգտվողների քանակի, հեռախոսազանգերի հաճախականության ու տեւողությունների պատկերի, Հայաստանից առավել շատ զանգեր ընդունող երկրների թվի պարզաբանումն է:

Հաշվարկվելու է նաեւ, թե նկատի առնելով սպառողների գնողունակության տարբեր մակարդակները, ծառայության գների սպասվելիք բարձրացման դեպքում ինչքանով կնվազեն սպասարկման ծավալները, ինչպիսի կորուստներ կպատճառեն դրանք սպառողների բյուջեին:

Շաբաթվա վերջին հետազոտության արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով ու կներառվեն խորհրդարանական լսումների օրակարգում: Սպասվում է, որ կստեղծվի նաեւ հատուկ այս խնդիրներով զբաղվող խորհրդարանական հանձնաժողով:

Անցած տարեվերջին «Արմենտելը» հայտարարեց հունվարի 20-ից E-1 հեռախոսային կապուղին անջատելու իր մտադրության մասին: Դա նշանակում է, որ «Արմենտելի» կողմից արտոնագրված տվյալների փոխանցման եւ ինտերնետ ծառայություն մատուցող ընկերություններին իր տրամադրած Հանրային համակցման ցանցի բոլոր հեռախոսագծերը եւ E-1 կապուղիները ունենալու են միայն միակողմանի` մուտքային զանգեր ընդունելու հնարավորություն: Այսինքն, Հայաստանից ինտերնետ ճանապարհով հեռաձայնելու հնարավորությունը կվերանա:

«Արմենտելի» դեմ պայքարի հավատավոր մարտիկ Արշակ Սադոյանը մտադիր է Աժ գարնանային նստաշրջանը մեկնարկելուն պես վերսկսել ճակատամարտը, «որովհետեւ այն, ինչ թույլատրել է կառավարությունը, սահմանադրական կարգի եւ միջազգային պարտավորությունների խախտում է»: Սադոյանը հարցը կրկին բարձրացնելու է խորհրդարանում, բայց քանի որ «արհեստական մեծամասնությունը տապալում է բոլոր գործերը» եւ հնարավոր է, որ հարցը չլսվի, դիմելու է դատախազություն` քրեական գործ հարուցելու արդարադատության նախարարի դեմ:

Չնայած դրան, ինտերնետ ծառայություններից շատերն այսօր շարունակում են գործել, ինչը ենթադրում է, որ «Արմենտելն», այնուամենայնիվ, դեռ վարանում է վճռական գործողությունների անցնել:

Թե ինչքան կշարունակվի այս վիճակը, ինչ քայլեր է ձեռնարկելու «Արմենտելը», հայտնի չէ: Սպառողները եւ ինտերնետ ծառայություն մատուցող ընկերությունները սպասողական վիճակում են:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4