«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2005-02-01 | #17, 2005-02-02 | #18, 2005-02-03


ԲԱԶԵԼՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ԻՐԵՆՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

Երեկ Հայաստանում աշխատանքը սկսեց բանկային վերահսկողության Բազելյան հանձնաժողովի Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի Դաշնության երկրների տարածաշրջանային խմբի 15-րդ կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում էին Բազելյան հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալը, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի բանկային վերահսկողության եւ բանկային մեթոդաբանության ստորաբաժանումների ղեկավարները:

Հիմնական քննարկվող հարցերը վերաբերում են բանկային համակարգով փողերի լվացումը կանխելուն, ոչ բանկային ֆինանսական հաստատությունների ֆինանսական առանձնահատկություններին, արդյունավետ բանկային վերահսկողության հիմնական սկզբունքների կիրառմանը:

Առաջին նստաշրջանում տարբեր երկրների բանկային համակարգեր ներկայացրին Հայաստանի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, Վրաստանի ազգային բանկի բանկային վերահսկողության եւ կարգավորման վարչության նախագահ Կիկորիա Մուրթազը, համապատասխանաբար Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, ՌԴ-ի, Թուրքմենստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները:

Հայաստանի ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց, որ կոնֆերանսի աշխատանքն ունի սկզբունքային նշանակություն, քանի որ բանկային համակարգի կատարելագործումը որոշիչ դեր կարող է ունենալ տվյալ տարածաշրջանային խմբի տնտեսական վերաձեւավորման իրականացման հարցում: Ըստ Տիգրան Սարգսյանի, մեր տարածաշրջանի երկրներում բավական հետաքրքրական քննարկումներ են տեղի ունենում ֆինանսական ոլորտումՙ բարեփոխումների եւ հերթական քայլերի իրականացման առաջնահերթությունների առումով:

Խոսելով Հայաստանի բանկային համակարգում տեղի ունեցած փոփոխությունների մասին, Տիգրան Սարգսյանը նշեց բանկային համակարգում առկա որակական բարեփոխումները: Խոսվեց նաեւ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգին հատուկ իրողությունների մասինՙ նշելով բանկային համակարգում ընթացող հիմնական ուղղությունները: Պրն Սարգսյանն անդրադարձավ ՀՀ բանկային համակարգի հաջողություններին, մասնավորապես 54 մլրդ դրամի չափով տրամադրված վարկերին, մոտ հարյուր հազար պլաստիկ քարտ օգտագործողներին:

Տաջիկստանի ազգային բանկի փոխնախագահ Ջումա Էշովը որպես բանկային վերահսկողության տարածաշրջանային խմբի նախագահ նշեց, որ նման հանդիպումները մտքերի փոխանակության հնարավորություն են տալիս տարբեր հարցերի առնչությամբ, ինչպես նաեւ որոշակիորեն օգնում են գտնելու գործունեության ապագա ուղղությունները:

Այսօր եւ վաղը կոնֆերանսը կշարունակի իր աշխատանքներըՙ քննարկելով տարբեր երկրների բանկային համակարգերում առկա վիճակը, բանկային վերահսկողության արդյունավետության հիմնական սկզբունքների իրականացումը, փողերի լվացման խնդիրը եւ այլն: Կոնֆերանսն իր աշխատանքը կավարտի բանաձեւի ընդունմամբ, ինչպես նաեւ տարածաշրջանային խմբի նախագահի եւ քարտուղարության լիազորությունները կփոխանցվեն այլ երկրի ներկայացուցիչների:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4