«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2005-02-01 | #17, 2005-02-02 | #18, 2005-02-03


ԿԵՂԾԻՔ, ԹԵ՞ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ի՞նչ անել, երբ դասարանում մատներդ սառչում են»

Այս ուստարվա երկրորդ կիսամյակը սկսելուց առաջ առողջապահության եւ կրթության նախարարության պատասխանատուների որոշակի հայտարարությունները հանրակրթական դպրոցներում ձմեռային պարապմունքները վերսկսելու բավարար պայմանների վերաբերյալ թերահավատություն առաջացրին տարիների փորձառությամբ դպրոցահասակ երեխաներ ունեցողներիս մեջ: Հունվարի 24-ից դպրոցներում վերսկսված դասապրոցեսներն իրականում կեղծ էին` ձեւացնելու, թե իբր հանրապետությունում ձմեռային ուսշրջանը վերջապես բնականոն հուն է մտնում: Ցավոք, ցանկությունն այլ է, իրականությունըՙ այլ: Առաջին օրը գրեթե բոլոր դպրոցներում շատ ցածր է եղել հաճախումների թիվը, հետագա օրերինՙ եւս: Միայն լոկալ ջեռուցման համակարգով եւ գազամատակարարմամբ ապահովված դպրոցներում էր հնարավոր դասընթացները կարգավորել, իսկ դրանց թիվն այնքան էլ շատ չէ:

Ինչ վերաբերում է հանրապետության բոլոր մարզերում դպրոցների վառելիքով ապահովված լինելու հավաստիացումներին, դրանք ընդամենը պատրանք են, երբ Երեւանի անգամ Կենտրոն համայնքի շատ դպրոցների դասասենյակների ջերմաստիճանը +10, +11 աստիճանից չէր բարձրանում: Այս պայմաններում շատ բնական էին երեխաների դպրոց չհաճախելու ցանկությունը եւ ծնողների դժգոհությունը: Նույն դպրոցի տարբեր դասարաններն անգամ հավասար պայմաններում չէին, որոշներում ջերմաստիճանը հարեւան դասասենյակի համեմատությամբ կարող էր ավելի բարձր լինել: Գլխարկներով եւ վերարկուներով նստել եւ դասաժամին անվերջ մտածե՞լ սրթսրթացող մատների մասին: Հեշտ է ասել, երեխաներ են, չէ՞, նրանց առողջության մասին մտածողն ո՞վ է, չլինի՞ «Առողջ ապրելակերպի ակումբը»: Կարեւորը լուրջ-լուրջ դեմքով հայտարարություններ ու որոշումներ անելն է (ի դեպ, բոլոր հարցերում, երբ մեր կյանքը միանգամայն այլ իրականության մեջ է): Որքան էլ վերեւների հավաստիացումներին, թե դպրոցները գիշեր ու զօր տաքացվում են, բարեկամուհիս արգելեց որդուն դպրոց հաճախել: Նրանց դասարանում առաջին օրը 36 աշակերտից յոթն էին դպրոց եկել, չորսն անմիջապես տուն էին գնացել ցրտի պատճառով: Ուսուցչուհին պարտադրել է ներկայանալ դասերին, համոզելով նրանց, թե որքան շատ լինեն, դասարանի ջերմությունն այնքան կբարձրանա: «Յուրաքանչյուրիդ մարմնի ջերմաստիճանը 36 աստիճան է, եթե դասարանը լիքը լինի, ձեր մարմնի ջերմությամբ կտաքանա»: Սակայն, երեւում է, աշակերտների քանակի ավելացման եւ դասարանի ջերմաստիճանի բարձրացման ուղիղ համեմատականի մաթեմատիկայի ուսուցչուհու տեսությունը երեխաներին այնքան էլ դուր չէր եկել, եւ հաջորդ օրը դասարան մտան ընդամենը երկու տղա: Նրանք ուսուցչուհուն խնդրեցին տուն գնալ, պատճառաբանելով, որ սանէպիդկայանն արգելում է +11 աստիճանի պայմաններում դաս անել: Դասղեկը սաստում է նրանց, թե կրթության նախարարությունից հրահանգվել է դասերը չընդհատել եւ մինչեւ վերջին ժամը պարապմունքներ անցկացնել: Սակայն այդ «դաս անելը» տարօրինակ արտահայտություն է ունենում: Ուսուցչուհին տղաներին պատվիրում է դասարանից դուրս չգալ, թե ստուգումներ են լինելու, իսկ ինքը թողնում, գնում է, 1-1,5 ժամից վերադառնում է, տղաներն ասում են, որ սառչում են, տեները չեն տաքացնում, զբաղմունք չունեն: «Դե լավ, այնպես գնացեք, որ ձեզ չտեսնեն», խղճում է ուսուցչուհին ու նրանց արձակում: «Պահակներին համոզեցինք, գնացինք: Մեզ ցուրտ դասարանում պահում, իսկ իրենք գնում են տաք կաբինետում նստում, թեյ են խմում, մեզ էլ կարգադրումՙ մինչեւ վերջ նստել, ինչո՞ւ», հարցնում է տղանՙ պատասխանը հաստատ ինձնից լավ իմանալով:

Հնարքներ որքան ասես կարելի է գտնելՙ իրականությունը կոծկելու համար: Թիվ 41 դպրոցի ուսուցչուհիներից մեկը զարմացել էր, երբ լրատվությամբ իրենց դպրոցը ներկայացվել էր իբրեւ բավարար ջերմաստիճանով ապահովված եւ աշխատանքային բնականոն ռիթմով: Նա ասում է, որ մինչ նկարահանումները բոլոր երեխաներին հավաքել են տաքացվող մեկ դասարանում եւ նորմալ վիճակի պատրանք ստեղծել: Չնայած ժամը 6-ից էլեկտրասալիկները միացնում են, ասում է նա, բայց միեւնույն է, եղածը բավարար չէ եւ դասասենյակներում վերարկուներով անգամ ցուրտ է:

Այսպիսին էր ընդհանուր մոտավոր վիճակը Երեւանի մի շարք դպրոցներում նախընթաց շաբաթ, բայց դասերը շարունակվում են. այս պայմաններում, հետաքրքրական է, դրանց օգտակարությունն է առավել, թե՞ հակառակը:

Երեկ մեր հետաքրքրված դպրոցներում, որոնք տաքացվում են էլեկտրական սալիկներով եւ տեներով, պատկերը որոշակիորեն փոփոխված էր: Ըստ տնօրենների, հաճախումների թիվը 70-75 տոկոս է կազմում, արեւկող դասասենյակներում տանելի ջերմություն է: Թիվ 146 դպրոցում ջերմաստիճանը հասնում է 12-15-ի, թիվ 139-ում` 12-14-ի, թիվ 145 դպրոցում, որտեղ տեները միացնում են գիշերվա ժամը 4-ից, առավոտյան ավելի տաք է լինում` 14-15 աստիճան: Թիվ 63 դպրոցում 15 աստիճան է, արեւկող սենյակներում` 17, ցածր դասարաններում լրացուցիչ սալիկներ են ավելացվել, նույնն է եւ թիվ 23-ում, որտեղ նաեւ էլեկտրական բուխարիներ են վառում: Թիվ 25 դպրոցում միջինը 10-13 աստիճան է, իսկ թիվ 114 դպրոցում 18,19, նույնիսկ 20-ի է հասնում, տնօրենի ասելովՙ դա իրենց դպրոցի համար նորություն չէ: Թիվ 41 դպրոց երկարատեւ հեռախոսազանգերից հետո պատասխանողը զայրացավ, թե ինքներդ եկեք, արձանագրեք, կողքից մեկը, թե` կարծես չգիտեն, որ ղիամաթ է: Այսպիսին էր հեռախոսազանգերի մեր արձանագրության տպավորությունը:

Մեկ հավելում եւս. որոշ դպրոցներում աշակերտների եւ տնօրենների տեղեկությունները չեն համապատասխանում, ջերմաչա՞փն է «խաբուսիկ», մեկի աչքին +10,11 է երեւում, մյուսինՙ +17,18, նույնիսկ 20:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4