«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2005-02-02 | #18, 2005-02-03 | #19, 2005-02-04


ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳԵԼԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Խմբի անդամները տնետուն են անցնում, «զրուցում» մարդկանց հետ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Մինչեւան-Զանգելան

ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը, որին երեկ կրկին միացան Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ռուս համանախագահները, ուղեւորվեց Արաքսի ափ: Միջնավան (նախկինում Մինչեւան) եւ Կովսական (նախկինումՙ Զանգելան) քաղաքներում եւ շրջակա բնակավայրերում նրանք մանրակրկիտ ուսումնասիրում էին, մտնում երդիկից ծուխ ելնող ամեն մի տուն, հարցաքննում հանդիպող ամեն մարդու:

Փաստահավաք առաքելությունը շարունակում է անխոնջ աշխատանքը: Նրանք մի քանի օրից կհեռանան ԼՂՀ-ից եւ արդեն Եվրոպայում կպատրաստեն զեկույց Մինսկի խմբի համար: ԼՂՀ իշխանությունները առաքելության համար ստեղծել են աշխատանքային բոլոր պայմանները:

Գետաշենում տունը եւ ունեցվածքը կորցրած 38-ամյա Արթուր Բալասանյանին փաստահավաք առաքելության ղեկավար Էմիլի Հաբերը հանդիպեց Միջնավանի գլխավոր փողոցում: Արթուրը, որ ավելի շատ 50 տարեկանի է նման, Միջնավան է տեղափոխվել 1996-ին: Այստեղ են ծնվել նրա 4 տղաներից երկուսը: Իսկ մինչ այդ Արթուրը հիվանդ ծնողների հետ ապաստան է գտել Հրազդանի պանսիոնատում, ապա Մեղրու Նյուվադի գյուղում: Նրա համար Միջնավանը կյանքի վերջին կանգառը չէ, եւ հնարավորության դեպքում կհեռանա մի այլ վայր, որի անունը ինքն էլ չգիտի: Գետաշեն ցանկանում է վերադառնալ, սակայն հասկանում է , որ իր երկհարկանի տունն արդեն բնակիչ ունի:

25-ամյա Վլադիմիր Գասպարյանը Բաքվի Արմենիքենդ հայաբնակ թաղամասից ընտանիքով հեռացել է 9 տարեկանում: Բաքվից նրանց նստեցրել են ավտոմեքենա, տեղափոխել Ղուբաթլու, ապա Կապան: 1998 թ.-ին, մոտ 10 տարի հանրակացարանում բնակվելուց հետո, ընտանիքով տեղափոխվել են Միջնավան:

«Հինգ երեխա ենք, մեծը ես եմ: Ամբող ընտանիքով գնում ենք դաշտՙ ուրիշների հողամասերում քաղհան անում, պարարտանյութ ցանում: Հնարավորություն ունենանք կհեռանանք այստեղից», ասում է Վլադիմիրը եւ հավելում, որ քաղաքում Բաքվից փախած եւս 5-6 ընտանիքներ կան:

Արմատներով կիրովաբադցի Մամիկոն Յավրումյանին կյանքը ստիպում է մնալ Կովսական քաղաքում, նաեւ հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվել: Մամիկոնը եւ կինըՙ Արփինեն ուսուցիչներ են, ծանոթացել են Կովսականում, ամուսնացել: Նրանց 2-րդ երեխան 1 ամսական է:

«Կյանքը ստիպում է դեռեւս ապրել այստեղ, քանի դեռ Հայաստանում տուն չունենք: Խմելու ջուր չկա, օձերը վխտում են այս տարածքներում, չենք կարողանում երեխաներին ազատ թողնել», ասում է նա:

Վարչականորեն նախկինում Ադրբեջանին պատկանող Զանգելանի շրջանը ձմեռ չունի: Եղանակն այս կողմերում մեղմ է, ձյուն շատ հազվադեպ է լինում: Ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից ամենափոքրը հենց Զանգելանն է, որն զբաղեցնում է Ողջի, Ծավ եւ Հակարի գետերի ստորին հոսանքները:

ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը երեկ ամբողջ օրն անցկացրեց այս վայրերում, զրուցեց պատահած մարդկանց հետ, այցելեց տներ: Խմբի անդամները թուղթ ու գրիչը ձեռքներին գրառումներ էին անում, որպեսզի հետագայում ի մի բերեն ու պարզենՙ ովքեր են այս տարածքների բնակիչները, երբ են եկել, որտեղից: Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Հայաստանը եւ Ղարաբաղը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում վերաբնակեցման եւ յուրացման քաղաքականություն են վարում: Մինչդեռ Երեւանն ու Ստեփանակերտը նկատում են, որ պետականորեն նման քաղաքականություն չի վարվում, եւ այդ տարածքներում տարերայնորեն բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնի տեղահանված հայերը:

Այսօր ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը մոնիտորինգ կանցկացնի Ղուբաթլուի շրջանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4