Պատահականությանը մեծ մասամբ չեն հավատում
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիային երկրի բոլոր քաղաքական վերլուծաբաններն ու գործիչները համարում էին առանցքային դեմք վրաց քաղաքական դաշտում եւ պետական կյանքում: Նրա մահվան հանգամանքները տարաբնույթ ենթադրությունների եւ կարծիքների տեղիք տվեցին:
Ըստ քաղաքական վերլուծաբան Գեորգի Խելաշվիլու, Ժվանիան վրացական քաղաքական կյանքի հավասարակշռություն ապահովողն էր: «Վարչապետի մահվան մասին տեղեկությունն ուղղակի ցնցող էր: Ինչպե՞ս կարող էր պատահել, որ վրացական քաղաքականության մեջ ամենամեծ դերակատարում ունեցող անձն այսքան անիմաստ մահանար», «Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Խելաշվիլին: Ըստ վերլուծաբանի, Վրաստանում քաղաքական ուժերի առումով թերեւս փոփոխություններ կլինեն, քանի որ «վրացական քաղաքականությունը պտտվում էր նրա շուրջը»:
Վարչապետ Ժվանիայի ունեցած դերակատարման կարեւորությանը համաձայն է նաեւ քաղաքական փորձագետ Գոգի Խուցիշվիլին: Վերջինս «Ազգ»-ի հարցին ի պատասխան նշեց, որ այս մահը կարող է բերել անգամ կառուցվածքային փոփոխությունների: Միեւնույն ժամանակ, կարեւորելով տաղանդավոր քաղաքական գործչի դերը Վրաստանի քաղաքական կյանքում, ըստ Խուցիշվիլու, պետք է ընդունել, որ պետական քաղաքականության առումով փոփոխություններ չեն լինի, քանի որ այն հիմնականում որոշում է Վրաստանի նախագահը:
Ինչ վերաբերում է Վրաստանի վարչապետի մահվան հանգամանքներին, ապա փորձագետը գտնում է, որ շատ բան այս առումով պարզ չէ, սակայն հետեւությունների համար դեռ վաղ է: Գորիի դեպքերին վարչապետի մահվան առնչությունը Խուցիշվիլին համարում է հապճեպ ենթադրություն, թեեւ դեպքերի հաջորդումն ու բնույթը կարող են նման եզրակացությունների տեղիք տալ:
Քաղաքական վերլուծաբան Գիա Նոդիայի կարծիքով Վրաստանի քաղաքական դաշտում փոփոխություններ շատ չեն լինի: Միեւնույն ժամանակ, ըստ Նոդիայի, Ժվանիան գլխավոր քաղաքական գործառույթ էր իրականացնում երկրի կառավարման գործում, նա ռազմավարական մտածելակերպով եւ ճկուն գործիչ էր:
Իրավաբան-փորձագետ Դավիթ Ուսուպաշվիլին «Սիվիլ.գե» գործակալության հետ զրույցում նշել է, որ Ժվանիայի մահը Վրաստանի ներքաղաքական կյանքում մեծ փոփոխությունների կբերի: Եվ, քանի որ վարչապետը կառավարության կենտրոնական դեմքն էր, փոփոխություններ կլինեն նաեւ գործադիր իշխանության կազմում:
Ըստ Ուսուպաշվիլու, վարչապետի պաշտոնի ստեղծման հարցում Ժվանիա-Սաակաշվիլի հարաբերության եզակիությունն անհնար է դարձնում այդ պաշտոնում փոխարինող գտնելը: Այս հարցում բոլորը համամիտ են, նշելով, որ Ժվանիային փոխարինել չի լինի: Ով էլ լինի հետագայում այդ պաշտոնում, քաղաքական զարգացումների այս ժամանակահատվածում կլինի շատ ավելի թույլ Զուրաբ Ժվանիայից:
Վրացական լրատվամիջոցների համաձայն, Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին նշել է, որ, իրենց տվյալներով, Ժվանիան իր ընկերոջ տուն է գնացել կեսգիշերին մոտ: Որոշ ժամանակ Ժվանիան չի պատասխանել իր թիկնապահների հեռախոսազանգերին, այդ պատճառով էլ վերջիններս կոտրել են պատուհանը: Ժվանիայի դիակը գտել են սենյակում, որտեղ սեղան էր դրված եւ հավանաբար նարդի են խաղացել: Իսկ Ռաուլ Յուսուպովի դիակը գտնվել է խոհանոցում:
Ամեն դեպքում, ըստ դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի ղեկավար Լեւան Չաչուայի, Զուրաբ Ժվանիայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Իսկ մահվան պատճառը գազից թունավորումն է եղել: Կենսաքիմիական հետազոտության նախնական արդյունքները հայտնի կդառնան այսօր, իսկ վերջնական եզրակացությունը կլինի մոտ 10 օրից:
Վրաստանի օրենսդրության համաձայն, վարչապետի մահն ինքնաբերաբար բերում է ողջ կառավարության հրաժարականին: Իսկ մինչ այդ վարչապետի պարտականությունների կատարումը ստանձնել է երկրի նախագահը: Սաակաշվիլին կառավարության անդամներին կոչ է արել շարունակել իրենց պարտականությունների իրականացումը:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ասել է նաեւ, որ Ժվանիայի մահն իր համար ծանր հարված է: «Վրաստանը կորցրեց մեծ քաղաքական գործչի, ես կորցրեցի իմ ամենամոտ ընկերոջը, հուսալի խորհրդատուին եւ ամենամեծ համախոհին»:
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Ալեքսանդր Շալամբերիձեի կարծիքովՙ վերջերս Գորիում տեղի ունեցած ահաբեկչությունը եւ Ժվանիայի մահը կապակցված են: Խորհրդարանականը վրացական լրատվամիջոցներին կասկած է հայտնել, թե Ռուսաստանից գործող որոշակի ուժերի լուրջ միջամտության հետեւանք են նշված երկու ողբերգությունները:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ նման հայտարարությունները թողնում է ասողների խղճին: Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու անկախ այն բանից, թե ով է իշխանության գլուխ կանգնած:
Վրաց-աբխազական հակամարտության գոտում իրավիճակը չի սրվի կապված Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հետ: Նման հայտարարություն է արել երեկ Աբխազիայի առաջնորդ Սերգեյ Բաղապշը: Հարավային Օսիայի հատուկ գործերով նախարար Բորիս Չոչիեւի խոսքերով, Զուրաբ Ժվանիան խաղաղության կուսակցության ներկայացուցիչ էր:
Ցավակցություն է հայտնել նաեւ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: «Վրաստանը կորցրեց մեծ պետական գործչի, իսկ եսՙ մեծ ընկերոջ եւ տաղանդավոր աշակերտի»:
Ի դեպ, այս իրադարձության հետ կապված ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հետաձգել է հինգշաբթի օրը ծրագրված իր այցը Վրաստան:
Հարցականները շատ են: Նախ, ինչպե՞ս կարող էր երկրի վարչապետը որոշ ժամանակ գտնվել մի վայրում, ուր անգամ մուտք չեն գործել նրա թիկնապահները: Ամեն դեպքում, ամենատարրական միջոցառումների ձեռնարկման դեպքում ստուգվում են հնարավոր բոլոր սարքավորումները:
Իհարկե, նման դեպքեր վերջերս բավականին հաճախ են պատահում, բայց երբ նման իրավիճակում մահանում է երկրի վարչապետը, թերեւս կասկածները բնավ էլ ավելորդ չեն: Հատկապես երբ ի սկզբանե հայտարարվում է, թե Ժվանիան մահացել է դժբախտ պատահարից:
Զուրաբ Ժվանիան 41 տարեկան էր, ուներ 3 երեխա: