«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2005-02-02 | #18, 2005-02-03 | #19, 2005-02-04


ԱՄԵՐԻԿԱ-ՀՐԵԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է Ի ՆՊԱՍՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ

Վերջին տարիներին Իսրայելի կառավարությունն ու ամերիկա-հրեական մի քանի խմբակցություններ աջակցում են Թուրքիային տարբեր հարցերում, երբեմն նաեւ ի վնաս հայկական շահերի:

Հայոց ցեղասպանությունը ժխտելուն, Մ. Նահանգների Կոնգրեսում ցեղասպանության դեմ խափանարարական աշխատանքներ տանելուն, Ադրբեջանին նեցուկ կանգնելուն զուգընթաց այս հրեական խմբակցություններն այժմ էլ հայերի դեմ իրենց անհամաձայնություններին նոր միջոց են ավելացրել: Անցյալ դեկտեմբերին պատրաստած իր զեկուցման մեջ Ամերիկա-հրեական կոմիտեի (ԱՀԿ) գործադիր տնօրեն Դեյվիդ Հարիսը նշում էր, որ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու Եվրոմիության որոշումը «իրապես կարեւոր նշանակություն ունեցող» քայլ է: Նա ավելացրել էր, որ Թուրքիան այդ հարցում իր հույսը դնում է ԱՀԿ-ի եւ մի շարք այլ ամերիկա-հրեական կազմակերպությունների վրա:

Այս խանդավառ եւ կույր աջակցությունը Թուրքիային հակասում է հայերիս շահերին, քանի որ փորձում ենք այդ անդամակցության դիմաց առնվազն հասնել նրա կողմից ցեղասպանության ճանաչմանն ու սահմանային շրջափակման վերացմանը:

Զեկույցի հետեւյալ հատվածում Հարիսը պարզ ու հստակ ամրագրում է Իսրայելի, ԱՀԿ-ի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող սերտ համագործակցությունը:

«Բրյուսելից ստացված անցյալ շաբաթվա լուրը ոգեւորությամբ է ընդունվում Թուրքիայի հրեական համայնքում, որի հետ ԱՀԿ-ն սերտորեն կապված է: Հրեական համայնքը վաղուց էր հանգել այն տեսակետին, որ արեւմտյան կառույցների հետ Թուրքիայի առնչվելը ազգային անվտանգության, կայունության եւ բարգավաճման լավագույն երաշխիքն է: Իսրայելում էլ այդ լուրը լավ կընդունվի: Իսրայելը հրապարակայնորեն հայտարարել է, որ կաջակցի Թուրքիայի ԵՄ անդամակցությանը:

ԱՀԿ-ի անդամների վերջերս Թուրքիա կատարած այցելության ժամանակ Եվրոմիությունը քննարկման համար առաջին (նաեւ 2-րդ եւ 3-րդ) հարցն էր կառավարության պաշտոնյաների, այդ թվումՙ վարչապետի եւ արտգործնախարարի օրակարգում:

Թուրքիայի առաջնորդները ԱՀԿ-ին դիտում են որպես կարեւոր գործոն քաղաքական դաշտում: Նրանք մեզ կայուն եւ հուսալի են համարում ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար, այլեւ շնորհիվ Եվրոպայում ունեցած մեր լայն կապերի, նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի, հույն եւ այլ եվրոպացի ղեկավարների հետ իրենց հարաբերությունների համար: Չունենալով լավ կազմակերպված սփյուռք, նրանք ամերիկացի հրեաներին են ապավինում այդ գործում:

Իսրայելն այսօր Թուրքիայի հետ հարաբերությունները համարում է կենսականորեն կարեւոր եւ փոխադարձ շահավետ:

Եվ վերջապես, Թուրքիայի հրեական համայնքը, հակառակ արտագաղթի հետեւանքով նոսրացած լինելուն, վայելում է բարգավաճ կյանք: Հակասեմականություն կա երկրում, բայց չի դիտվում որպես սպառնալիք»:

Իրենց դիրքորոշմամբ Իսրայելի կառավարությունն ու ամերիկա-հրեական որոշ խմբավորումներ խորապես վիրավորել են բոլոր հայերին: Այդուհանդերձ, հրեաներն ու հայերը պարտավոր են ուշադիր լինել հետեւյալ առանցքային հարցերում:

Հայերը չպետք է մոռանան, որ շատ կան հայտնի ամերիկա-հրեական կազմակերպություններ նաեւ անհատ բարձրաստիճան հրեաներ քաղաքական ու գիտական ասպարեզներում, որոնք պաշտպանում են հայերին վերոնշյալ հարցերում: Իրենց վրդովմունքի պահերին հայերը չպետք է մոռանան նրանց: Օրինակ, երբ վատ դաստիարակված եշիվա ուսանողները Երուսաղեմում անարգեն հայ կղերականին, հայերը չպետք է բոլոր հրեաներին մեղադրեն հակահայկականության մեջ: Իսրայելցի պաշտոնական անձնավորություններ եւ ռաբբիներ, ինչպես նաեւ ամերիկա-հրեական մի շարք կազմակերպություններ քննադատեցին այդ կոպիտ վերաբերմունքը: Ավելինՙ առաքինի շատ հրեաներ չեն տատանվել քննադատելու Իսրայելի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

Մյուս կողմից, իսրայելցիներն ու Ամերիկայում ապրող հրեաները չպետք է բոլոր հայերին մեղադրեն հակահրեականության մեջ մի քանի անհատների անպատասխանատու հայտարարությունների պատճառով: Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն ոչ թե վիրավորական արտահայտություններ փոխանակելով, այլ երկխոսության միջոցով:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4