«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#17, 2005-02-02 | #18, 2005-02-03 | #19, 2005-02-04


ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԱԿԵՑ ԼՂՈԶՎԱԾ, ԴԵԿԼԱՐԱՏԻՎ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ

Սկզբում սկզբունքներ, հետո համաձայնություն կամ հակառակը

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Սահմանադրական բարեփոխումների շուրջ Աժ նախագահի մոտ երեկ հրավիրված քաղաքական խորհրդակցությանը մասնակցեցին միայն կոալիցիայի ներկայացուցիչները, «Ազգային միաբանությունը», «Ժողպատգամավորը», «ՄԱԿ»-ը: Հիշեցնենք, որ «Արդարություն» խմբակցությունը ԱԺ նախագահին էր ներկայացրել սահմանադրական փոփոխությունների իր տարբերակները եւ երեկ առավոտյան գրավոր պատասխանի էր սպասում: Այդ պատասխանից էր կախված «քաղաքական համաձայնության» գործունեությանը նրա մասնակցության նպատակահարմարությունը, ինչի մասին նախօրոք ասել էր:

Գրավոր պատասխան չեղավ, եւ «Արդարություն» խմբակցությունից ոչ ոք չներկայացավ:

Փաստորեն խորհրդակցություն որպես այդպիսին, չկայացավ, եւ կարճ ժամանակ անց կոալիցիան ընդամենը հրապարակեց իր հայտարարությունը: Վերահաստատելով ընդդիմության հետ համագործակցելու իր անփոփոխ մտադրությունը, ափսոսանք հայտնելով, որ համաձայնության ոգով բարեփոխումների շուրջ քննարկումներին ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել, կոալիցիան, այնուամենայնիվ, կրկին առաջարկում է նրան համատեղ աշխատել գլխադասային հանձնաժողովում ու լիագումար նիստում, գտնելով, որ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ կոնկրետ մոտեցումները կհստակեցվեն այդ կարգի համագործակցության եւ հասարակական-քաղաքական համատեղ քննարկումների ընթացքում:

Կոալիցիայի հայտարարությունը ընդդիմության կողմից միարժեքորեն բացասական հակազդեցության արժանացավ: Մասնավորապես Ալեքսան Կարապետյանն ասաց. «Ի տարբերություն մեր կոնկրետ առաջարկների դա շատ ընդհանուր, դեկլարատիվ բնույթի հայտարարություն է: Մենք առաջարկել ենք կոնկրետ սկզբունքներ կապված կառավարման, դատական, տեղական ինքնակառավարման համակարգերի հետ: Մենք ուզում Էինք ճշտել կոալիցիայի մոտեցումները գործադիրի, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման խնդիրների վերաբերյալ, ինչի մասին առաջարկներ կան ընդդիմության ներկայացրած փաթեթում: Դրանց վերաբերյալ որեւէ խոսք չի եղել»:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը թեեւ նշեց, որ խմբակցությունն իր պաշտոնական արձագանքը կարտահայտի հատուկ նիստ գումարելուց հետո, այնուամենայնիվ, հընթացս ծանոթանալով փաստաթղթի բովանդակությանը, մի քանի գնահատականներ տվեց: «Արձագանքը լղոզված էր, ընդհանուր ձեւակերպումներով: Մեր հարցադրումները նենգափոխվել են, մեր կոնկրետ առաջարկներին ըստ էության պատասխան չի տրվել:

Եթե մեր առաջարկած սկզբունքներն ընդունելի են, ապա մենք կմասնակցենք սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացին:

Մենք առաջարկում ենք սկզբունքները ընդունելուց հետո գնալ համաձայնությունների ճանապարհով: Իրենք առաջարկում են գործընթացներին մասնակցել` հետո:

Եթե այդ սկզբունքները չընդունվեն, եւ մենք քննարկումներին մասնակցենք, մենք ընդամենը դեկորացիայի դեր կկատարենք: Իմ տպավորությունն այն է, որ մեզ քաղաքավարի մերժեցին»:

Նախօրեին ՀՀ նախագահի մոտ կայացած նիստից առաջ կոալիցիայի անդամ կուսակցություններից եւ ոչ մեկը ընդդիմության առաջարկած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք չհայտնեց: Նոր հրապարակված փաստաթղթի մեջ եւս ոչ մի կոնկրետ ակնարկ չկա այդ մասին:

Հայտարարության ոգու ու տառի մասին «ՕԵ»-ի, ըստ էության նաեւ կոալիցիայի գնահատականն արտահայտեց Մհեր Շահգելդյանը, որը, բնականաբար, այլ որակ ու բովանդակություն ունի: «Այս հայտարարությունը ընդդիմության հետ համագործակցության ընդհանուր սկզբունքների շուրջ մեր դիրքորոշման փաստումն է: Այդտեղ ես խուսափողական ոչինչ չեմ տեսնում, բոլոր կետերը հստակ են, մեր մոտեցման փիլիսոփայությունն են նաեւ արտահայտում: Այսօրվա հանդիպման խնդիրը մենք տեսնում էինք ընդհանուր սկզբունքների ներկայացման մեջ, իսկ կոնկրետ սահմանադրության այս կամ այն հոդվածի ձեւակերպումը արդեն զուտ աշխատանքային գործընթացում համաձայնեցման խնդիր է, որը եւ կարելի է իրականացնել համատեղ աշխատանքի արդյունքում»:

Իսկ Դաշնակցությունը սահմանադրական փոփոխությունների ընդդիմության տարբերակի շուրջ նրա հետ համագործակցելը բացառում է այլ պատճառաբանությամբ: Նա սահմանադրական բարեփոխումները, իսկ հետո սահմանադրական հանրաքվեն իշխանափոխության լծակ դարձնելու հեռահար նպատակ է տեսնում ընդդիմության գործողություններում. «Մեզ համար անընդունելի է, որ սահմանադրության հետ կապված որեւէ հարց սպասարկի մեկ այլ, օրինակ, իշխանափոխության խնդրին... Ցանկացած այդպիսի փորձի մենք հակազդելու ենք:

Ժամանակին, երբ կոալիցիան միասնական աշխատանքի առաջարկ արեց ընդդիմությանը, բարդ քաղաքական իրավիճակ էր երկրում: Հիմա գործընթացները շատ ավելի առաջ են գնացել, սահմանադրության եւ ընտրական օրենսգրքի նախագծերը փորձաքննության փուլեր են անցել, իսկ առաջ համատեղ աշխատելու կարիք կար: Այժմ խոսքը կարող է գնալ միայն գործնական աշխատանքներին միանալու մասին: Բայց նախկին իրավիճակը փորձել վերակենդանացնել ուլտիմատիվ հարցադրումների միջոցով, ուղղակի հնարավոր չէ»:

Ընդդիմությունն, այնուամենայնիվ, հայտարարում է, որ իրենք վերջնագրի լեզվով չեն խոսել, այլ ընդամենը գրավոր հարցադրմանը գրավոր պատասխան են ակնկալել ու մերժվել:

Անկախ ամեն ինչից, ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ընդդիմության առաջարկները ձայնակցում են եվրոպական, այսինքն, Վենետիկի հանձնաժողովի եզրահանգումներին, որ գրեթե նույնօրինակ գնահատումներ է անում կառավարման համակարգում գործադիր ու օրենսդիր իշխանության հավասարակշռությունների, քաղաքապետի ընտրովի լինելու վերաբերյալ եւ այլն: Չհանդուրժելով դրանք, կոալիցիան փաստորեն մերժում է նաեւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած եվրոպական սկզբունքները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4