Գործուղման գնացող պատգամավորն անգամ քարոզչություն պիտի անի
Գարնանային նստաշրջանի մեկնարկից առաջ ԱԺ դաշնակցության խմբակցությունը երեկ ներկայացրեց իր առաջիկա գործողությունների գլխավոր ուղղությունները: Աթկինսոնյան կողմնակալ բանաձեւը դաշնակցականներին հարկադրել է վերանայել աշխատաոճը խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում, արտաքին ճակատում Հայաստանի համար աննպաստ որակումներն ու իրողությունները: Փորձ է արվում պատճառաբանել ոչ միայն արտգործնախարարության, այլեւ պառլամենտի գործունեության անլիարժեքությամբ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը համոզված է, որ դրսի աշխարհում պառլամենտական դիվանագիտությունը չօգտագործված ներուժ ունի, որոնք անթույլատրելիորեն մինչ այժմ չեն օգտագործվել եւ Հայաստանի ու Ղարաբաղի մասին թյուր պատկերացումներ են ստեղծվել: Այժմ անհրաժեշտ է որոշակի հայեցակարգ մշակել խորհրդարանական դիվանագիտության վերաբերյալ: Քարոզչական խելամիտ մեխանիզմներն ու լոբբիինգային լուրջ աշխատանքը խիստ այժմեական են դարձել համազգային նշանակության, տնտեսական ու քաղաքական խնդիրները աշխարհին պարզաբանելու համար:
«Մենք ունենք հսկայական աշխատակազմ, որ աշխատում է արտաքին ճակատում, ունենք տասնյակ միջխորհրդարանական բարեկամության խմբեր: Արտաքին կապերի հանձնաժողովի միջոցով պառլամենտական այդ գործիքներն օգտագործելով, առաջարկներ պիտի մշակվեն խորհրդարանական քարոզչական առաքելությունը որակական նոր հիմքերի վրա դնելու համար»:
Ըստ Լեւոն Մկրտչյանի, հատկապես Ղարաբաղի հարցում վրիպել է խորհրդարանական դիվանագիտությունը: Այդ հիմնահարցն արդեն 14-15 տարվա պատմություն ունի: «Մեզ թվում է, թե աշխարհը մեզ նման պատկերացնում է Ղարաբաղի հարցն ու դրա արդարացիությունը: Սակայն այդ 14-15 տարվա մեջ միջազգային ասպարեզ են մտել նոր քաղաքական ուժեր ու գործիչներ: Եվ ինչպես 1988-90 թվականներին, մենք այսօր էլ կարիք ունենք աշխարհին բացատրելու հարցի էությունը»:
Ըստ նոր անհրաժեշտության, դրսում Հայաստանը քարոզելու պարտավորություն է ունենալու նույնիսկ գործուղման գնացած պատգամավորը, որն ի սկզբանե աչքի տակ պիտի ունենա մեր պետական քաղաքականության 3-4 խնդիր ու կողմնորոշիչ: Պետք է աշխատել նաեւ Եվրոխորհրդում` քաղաքական ծանրակշիռ հեղինակություն ունեցող պատգամավորների հետ, համադրել արտգործնախարարության եւ խորհրդարանի աշխատանքները:
Ենթադրվում է, որ այս հիմնախնդրով պառլամենտական լսումներ կկազմակերպվեն, ընդ որում նկատի առնելով այնպիսի լուրջ հիմնահարց, ինչպիսին Ղարաբաղն է:
Կարսի պայմանագիրն օրակարգում չէ
Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը վերահաստատում է Կարսի պայմանագիրը: Խոսքը հնչել է թուրքական կողմի հայտարարության առնչությամբ, թե իրենք էլ կարող են չճանաչել Կարսի պայմանագիրը: Ընդգծելով, թե արտգործնախարարը Հայաստանի անունից նման բան ասելու իրավասություն չուներ, Լեւոն Մկրտչյանը հայտարարեց. «Պայմանագիրը ստորագրվել է միջազգային իրավունքի կոպիտ խախտումով, քանի որ նախապայմանավորված է եղել մեկ այլ պայմանագրով: Ռուս-թուրքական բարեկամության Մոսկվայի պայմանագրում հատուկ կետ կար, որով Ռուսաստանը պարտավորվում էր, որ Անդրկովկասի հանրապետությունները եւս նման պայմանագրեր կստորագրեն Թուրքիայի հետ:
Այդ պայմանագիրը չէր կարող եւ չի կարող դառնալ տվյալ սուվերեն երկրի կամքն արտահայտող փաստաթուղթ: Այդ խնդիրը որեւէ ձեւով, որեւէ կերպ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում դրված չէ», եզրափակեց նա:
Իսկ Դաշնակցության գործունեության օրակարգում այս գարնանային նստաշրջանի ժամանակ լինելու է երկու հիմնախնդիր` ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Դաշնակցությունը ջանալու է, որ ընտրական օրենսգիրքն առանց որեւէ շեղման, իսկապես համապատասխանի միջազգային չափանիշներին:
Սակայն այդ ցանկությունը միշտ էլ եղել է: Ինչ երաշխիք, որ դա հնարավոր կլինի իրականացնել այսօր: Լեւոն Մկրտչյանը կարծում է, որ օրենքը մտցնելով միջազգային օրենսդրական մեխանիզմների մեջ, այնպես որ խախտումներ անելն անհնար դառնա, հնարավոր է ազատ ընտրություններ անցկացնել:
Ինչ վերաբերում է ավարտական փուլին մոտեցած սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ապա առաջնայինը դառնալու է դրա տարբերակների շուրջ հասարակական-քաղաքական քննարկումների լայն դաշտի ստեղծումը:
Դաշնակցական խմբակցության համար այս տարին նշանակալից է լինելու նաեւ Եղեռնի 90-ամյակի առումով:
«Այդ հարցը ոչ միայն անցյալի վերք է, այլեւ անմիջականորեն առնչվում է մեր ազգային անվտանգությանը: Առանց ցեղասպանության խնդրի արծարծման այսօր հայ-թուրքական հարաբերությունները դատապարտված են անհաջողության: Այս խնդիրը հեռանկարային է նաեւ պահանջատիրության իմաստով», համոզված է խմբակցության ղեկավարը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ