Ուղիղ մեկ տարի առաջ մամուլում հրապարակվեց Հայաստանի Թեքեյան մշակութային միության հայտարարությունը առ այն, որ արվեստի եւ գրականության բնագավառներում շնորհվելու են մրցանակներ ութ անվանակարգերով` գրականություն, կերպարվեստ, թատրոն, կինո, հեռուստառադիոլրագրություն, երաժշտություն, ճարտարապետություն, հումանիտար գիտություններ:
Ըստ հրապարակված կանոնադրության, մրցանակները շնորհվելու են հայոց մշակույթի եւ գիտական մտքի զարգացմանը նպաստելու եւ արվեստագետներին խրախուսելու նպատակով, այն ստեղծագործություններին, որոնք արտացոլում են հայրենական կյանքի գեղարվեստական պատկերները, շենացնում ու հարստացնում են հայրենի երկիրը, դրսեւորում են հայեցի մտածողություն, զարգացնում ու տարածում են մայրենին եւ օժտված են գրականության, արվեստի եւ հումանիտար գիտությունների մնայուն արժեքների հատկանիշներով:
Եվ ահա 2004-ի փետրվարից մինչեւ սեպտեմբեր ստացանք հայտեր. չներկայացվեցին միայն թատրոնի եւ երաժշտության անվանակարգով:
Գրականության անվանակարգով ներկայացվեց 34 անուն գիրք, հումանիտար գիտությունների` 4 հեղինակ - 5 գիրք, ճարտարապետություն անվանակարգով` ճարտարապետական նախագծերի հայտեր չեղան, սակայն ներկայացվեցին 2 աշխատություններ, որոնք կարելի է որակել որպես խիստ անհրաժեշտ ուսումնական ձեռնարկներ, կինոյի բնագավառում ներկայացվեցին 3 վավերագրական ֆիլմեր, հեռուստառադիոլրագրություն անվանակարգով հայտեր ներկայացրեցին 4 հեռուստաընկերություններ: Կերպարվեստի բնագավառում մրցութային ցուցահանդեսը կազմակերպվեց վերջերս` հունվարի 26-ին. ներկայացվեցին 27 աշխատանքներ: Կազմվեցին համապատասխան հանձնաժողովներ. ի դեպ, հարկ է նշել, որ բոլոր անվանակարգերում ընդգրկվեցին հեղինակավոր մասնագետներ:
Հասկանալի է, որ մեծ աշխատանք կատարեց գրականության հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահ Երվանդ Ազատյան). նրանց նիստերն ընթացան փուլային կարգով եւ վերջում հաղթող ճանաչվեց բանաստեղծ Արմեն Շեկոյանը: Գրականության անվանակարգում ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ մրցանակ շնորհվեց նրան` «Երեւան հյուրանոց» բանաստեղծական ժողովածուի համար:
Ճարտարապետություն անվանակարգով հանձնաժողովի միաձայն որոշմամբ (հանձնաժողովի նախագահ Արծվին Գրիգորյան) ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ մրցանակ շնորհվեց «Ճարտարապետական հուշարձանների վերականգնումը» ուսումնական ձեռնարկին` ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի ընդհանուր խմբագրությամբ. հեղինակներ` Վարազդատ Հարությունյան, Գրիգոր Նալբանդյան, Արտյոմ Գրիգորյան, Կարեն Աբրահամյան, Վահագն Իսրայելյան:
Հումանիտար գիտությունների անվանակարգով դարձյալ հանձնաժողովի միաձայն որոշմամբ (հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Բարխուդարյան) ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ մրցանակ շնորհվեց Երջանիկ Գեւորգյանի «Հայոց շարժումային լեզվի բառարան» ստվարածավալ գրքին, որը հրատարակել է ԵՊՀ հրատարակչությունը Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ: Հարկ է նշել, որ շարժումային լեզուն լայնորեն առնչվում է հասարակական գիտությունների, բնախոսության, թատրոնի, գրականության, սպորտի, պարարվեստի եւ այլ բնագավառների հետ: Հատկանշական է, որ այս աշխատությունը եզակի երեւույթ է հայոց բառարանագրության բնագավառում:
Կինոյի բնագավառում հանձնաժողովը (նախագահ Ալբերտ Յավուրյան) որոշեց ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ մրցանակը շնորհել ճանաչված կինոռեժիսոր Կարեն Գեւորգյանի «Պատերազմ առանց մեկնաբանության» ֆիլմաշարին` նվիրված արցախյան պատերազմին:
Կերպարվեստի անվանակարգում հաղթող ճանաչվեց երիտասարդ տաղանդավոր գեղանկարիչ Գեւորգ Եղիազարյանը: Հանձնաժողովի որոշմամբ (նախագահ Հրավարդ Հակոբյան) ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ մրցանակը շնորհվեց Գ. Եղիազարյանի «Երկատված կյանք» մեծակտավ աշխատանքին:
Փետրվարի 1-ին տեղի ունեցավ ՀԹՄՄ կենտրոնական վարչության նիստը, որը քննարկեց հանձնաժողովի որոշումները եւ հաստատեց` բացառությամբ հեռուստառադիոլրագրության հանձնաժողովի նախօրոք կայացած որոշման: Նիստում վարչության անդամները արձանագրեցին. քանի որ այդ անվանակարգով ներկայացված աշխատանքները չեն համապատասխանում կանոնադրական կետի պահանջներին, ուստի այդ բնագավառում մրցանակ չշնորհել:
Եվ այսպես, Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը ամփոփելով հանրապետության մշակութային բնագավառում 2003 թվականին ստեղծված ստեղծագործությունների մրցութային արդյունքները, հայտնում է իր գոհունակությունը, շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին, հանձնաժողովի անդամներին` իրենց տքնաջան եւ անկողմնակալ աշխատանքի համար:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆ