Սփյուռքի գոյության պայմաններում, արդեն մոտ 90 տարի, ազգապահպանման դժվար խնդիրն իրականացնում են հայկական կուսակցությունները, եկեղեցական, դպրոցական մշակութային միություններն ու հաստատություններըՙ ամեն մեկն իր ուժերի ներածին չափով: Երբեմն աներեւակայելի ճիգեր են պահանջվում հայ ոգին, հայի ինքնագիտակցությունն ու ազգային արժեքներն ամենակուլ ներթափանցումներից զերծ պահելու համար: Այս դժվար պայքարում միշտ էլ գտնվում են անհատներ, որոնց ոչ միայն սեփական ընտանիքի հոգսերը հոգալու եւ իրենց զավակներին կյանքում իրենց հաստատուն տեղը գտնելու ձգտումն է առաջնորդում, այլեւ ազգի ճակատագիրը: Ու այդպիսի ամեն մի անհատի հետ հանդիպելիս հպարտ լինելու զգացողությունն ես ունենում: Ամեն ինչիՙ փառքի, հարստության, ճանաչման, հարգանքի կարող ենք ձգտել ու արժանանալ, սակայն մենքՙ հայերս, ի վերջո անբավարարության զգացում ենք ունենում, եթե գոնե մի օր հայի մեր ինքնությունը զոհել ենք մի կտոր հաց ձեռք բերելու խնդրին:
Մեր մեծագույն գրողներից մեկըՙ Շահան Շահնուրն իր «Նահանջը ա-ռանց երգի» ողբերգական շունչ ունեցող վեպում հայի ուծացման տագնապն էր հնչեցնում դեռեւս 20-րդ դարի առաջին կեսին: Դժբախտաբար, այսօր էլ այդ տագնապը կա, որովհետեւ պետություն ունենալու պարագայում էլ դեպի օտար երկրներ տանող մեր գաղթի ճանապարհները չեն փակվել: Բազմաքանակ հայություն ունեցող մի շարք երկրներՙ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, եվրոպական մի շարք երկրներ այսօր էլ ընդունում են հայերին: Ի դեպ, հաճախ ընդունում են սիրով: Բնական է: Տասնամյակներ շարունակ այդ երկրները համաշխարհային պատմության մեջ իրենց էջերը գրում են նաեւ հայի ձեռքով, երբեմն «մոռանալով» նշել գոնե ռուսահայ, ամերիկահայ, ֆրանսահայ, կանադահայ... Ուիլյամ Սարոյան, Վահան Տերյան, Արշիլ Գորկի, Շառլ Ազնավուր, Անրի Վեռնոյ, Արամ Խաչատրյան... Թվարկե՞մ... Բազմաpիվ են նրանք: Ու, ահա, այս իրականության մեջ ականջիս մեջ միշտ հնչում է մեծն Սարոյանի խոսքերը. «Ուր որ կերթասՙ պոռա, որ հայ ես...»: Այս «պոռալու», մեր ազգային ինքնությունը պահպանելու եւ աշխարհին հպարտ նայելու խնդիրն ենք մենք միշտ ունեցել...
...Այս մասին էի խոսում իմ նոր բարեկամիՙ Փանիկ Քեշիշյանի հետ, որն «Ազգի» խմբագրատուն այցելեց օրերս: Եկել էր Միացյալ Նահանգներից:
Իրենՙ Փանիկին որոշ բան զարմացրել էր: Երբ եկել է տեղիՙ Երեւանի հայերից մի քանիսը նախ եւ առաջ հետաքրքրվել էին, թե ինչու է եկել,- ինչ նպատակով: «Ջանըմ, ոչ մի հատուկ, կոնկրետ նպատակով չեմ եկել,- առաջին մեկ-երկու օրը փորձել էր բացատրել ծանոթ-անծանոթին, - կուսակցական հանձնարարություն չունեմ, այստեղ բիզնես հիմնելու նպատակ չունեմ...»: Զգացել էր, որ այնքան էլ չեն հավատում: Ինքըՙ Փանիկը, Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամը, իրավ, ոչ մի այլ նպատակ չուներ, բացի իր երկիրըՙ Հայաստանի Հանրապետությունը տեսնելուց, նրա համն առնելուց: 21-րդ դարում սա գուցե բանաստեղծական է հնչում, սակայն այդպես է: Հայ մարդը, Բեյրութում ծնված, Ամերիկայում ապրող հայ մարդն իսկապես եկել է «հայրենիքի համն առնելու»: Խենթ ու խելառ բանաստեղծի վա՞րք է: Չէ, ինչո՞ւ: Եթե այդպես որակենք, ապա մի ողջ ազգիՙ հայությանը պիտի խենթ ու խելառ բանաստեղծ կոչենք, բանաստեղծ, որի ներսում տան, ընտանիքի, ամենօրյա պարտք ու պահանջի, հոգսի հետ, հոգու խորքում հայ լինելու հպարտ գիտակցությունը կա:
Երիտասարդ տարիքում (թեեւ Փանիկը հիմա էլ երիտասարդ է) Բեյրութից Միացյալ Նահանգներ փոխադրվելիս, կապված է եղել ազգանպաստ գործունեությանըՙ մաս կազմելով Ռամկավար ազատական կուսակցությանը: ((Նրա հայրը` Զոհրապ Քեշիշյանը, լիբանանյան քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է ՌԱԿ զինված ջոկատների հրամանատարը: Զոհվել է զենքի հերթական խմբաքանակը փոխադրելիս): Եվ Լոս Անջելեսում նա արդեն դառնում է ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ, գործունեություն է ծավալում ոչ միայն կուսակցության, այլեւ Թեքեյան միության ամենատարբեր ոլորտներում: Միջնակարգ կրթությունը ստացել է Բեյրութում, ապա նաեւ ավարտել է Լոս Անջելեսի համալսարանը: Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է, բայց այդ ո՞ր հայն է, որ սփյուռքում մասնագիտական աշխատանքից զատ ազգանպաստ գործունեություն չունի: Ոմանք, ինչպես Փանիկ Քեշիշյանը, այս գործունեությունն անչափ կարեւորում են: 1978-ից այսպես է գործում Փանիկը:
Միացյալ Նահանգների արեւմտյան շրջանակի մեջ ՌԱԿ 9 ակումբ գոյություն ունիՙ Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Գլենդեյլում, Փասադենայում, Վելիում, նաեւ Կանադայի Վանկուվեր քաղաքներում: Այս ակումբների, ինչպես նաեւ Ռամկավար ազատական կուսակցության հիմնական գործունեությունը Հայ դատի հետապնդումն է: Այս գերխնդիրը միշտ էլ եղել է ու կա: Սակայն ժամանակի ընթացքում, հասկանալի է, փոխվել են մոտեցման ձեւերը: Եթե տասնամյակներ շարունակ Հայ դատի խնդիրը սոսկ ներկայացման ձեւով էր ընթանում, այսինքնՙ պատմական փաստերի եւ իրողությունների սոսկ ներկայացումն էր օտար ազգերին եւ երկրներին, ապա այժմ ավելի ճկուն լոբբիստական քաղաքականություն է վարվում: Անցյալի մեր պատմությունից, Հայ դատի պայքարի պատմությունից ոչինչ չջնջելով եւ արվածը չժխտելով, այժմ շատ ավելի է կարեւորվում քաղաքական գործիչների եւ իշխանավորների հետ աշխատանք տանելը: Բնավ դժվար չէ հասկանալ, որ ԱՄՆ-ն այսօր աշխարհի միակ գերտերությունն է եւ իր կամքն է թելադրում աշխարհում: Հայ դատի պարագայում այս իրողությունն ըմբռնելն անչափ կարեւոր է, կարծում է Փանիկ Քեշիշյանը: «Պիտի ընդունենք այն իրողությունը, որ ԱՄՆ-ի քաղաքացի դարձած չինացին, ճապոնացին, ֆիլիպինցին կամ իռլանդացին կարող է նաեւ չիմանալ Հայոց ցեղասպանության մասին: Նրանց պետք է բացատրել: Այլեւայլ ժամանակներում բացատրության տարբեր ձեւեր են եղել: Այսօր առաջնային դեր են կատարում քաղաքական գործիչները եւ իշխանական կառույցները: Հենց նրանց հետ տարվող բացատրական աշխատանքի ճանապարհով ենք մենք գնում», ասում է Փանիկ Քեշիշյանը:
2005 թ. կարեւոր ժամանակաշրջան է Հայոց ցեղասպանության պատմության համար: Կոտորածի 90-ամյակն էլ պետք է եւս մեկ առիթ լինի մարդկության մեծագույն ողբերգություններից մեկը աշխարհին ներկայացնելու համար:
Այսօր, իհարկե, Հայաստան-սփյուռք կապն անհամեմատ հզորացել է, որն, ի վերջո, նպաստում է ինչպես Հայ դատի, այնպես էլ ազգապահպանման խնդրի ավելի արդյունավետ լուծմանը: Սակայն, Փանիկ Քեշիշյանի համոզմամբ, առավել արդյունավետ կլիներ սփյուռքահայության, ի մասնավորիՙ ՌԱԿ-ի գործունեության համար, եթե «Հայաստանի կողմից դեպի սփյուռք պետական տեղեկատվությունը մի քիչ ավելի արագ եւ առավել ճիշտ լիներ, այնտեղ ժողովուրդն ավելի իրազեկ դառնար: Իսկ դա անչափ կարեւոր է»:
Տարիների ընթացքում փոխվել է սփյուռքահայ գաղութի որակը: Փանիկ Քեշիշյանը նկարագրում է, որպես մասնավոր օրինակ, Գլենդեյլի վիճակը: «Այստեղ պարտեզներում եւ զբոսայգիներում շատ կհանդիպես խումբ-խումբ նստած հայերի, որ հայերեն ու հայի, Հայաստանի մասին են զրուցում: Հայերենն ինքնաբերաբար փոխանցվում է իրենց զավակներին»: Ու այսօր ինտեգրման դժվարություններն աստիճանաբար մեղմացել են, թեեւ Հայաստանից արտագաղթածները մեծ ճիգեր չեն անում լուծվելու համար: Նրանք մտածում են այսպես. «Մեկ-երկու տարի կաշխատեմ (թեեւ այդ մեկ-երկու տարին կարող է նաեւ տասը-տասնհինգ դառնալ) ու տուն կվերադառնամ»:
Գլենդեյլում հայապահպանման համար կարեւոր օջախ են հայոց դպրոցները, որոնցից Փանիկ Քեշիշյանն անդրադառնում է առանձնապես ԹՄՄ Արշակ Տիգրանյան եւ ՀԲԸՄ Դեմիրճյան վարժարաններին, որտեղ մոտ 1700 աշակերտ կա: Մեծ գործ են անում տեղի մտավորականները, որոնցից Քեշիշյանը թվարկեց հատկապես Սարգիս Վահագնին (նրա «Արշիլ Գորկի» գրքի մասին «Ազգն» արդեն գրել է), Ստեփան Ալաջաջյանին, Վաչե Սեմերջյանին, երիտասարդներին...
...Երկու հայ Երեւանում հանդիպել ու խոսում էինք հայի մասին: Երկուսիս մտահոգությունն էլ նույնն էՙ ազգապահպանությունը: Չգիտեմ, ինչքանով կարողացանք այս պահպանության համար որեւէ գործ անել, բայց որ գործի մեջ ենքՙ հաստատ է:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ