Մեծամասնությունն «անհանդուրժող է դինոզավրերի նման»
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Երեկ մեկնարկեց խորհրդարանի երրորդ գումարման 5-րդ նստաշրջանի առաջին եռօրյան: 131 պատգամավորներից 29-ը հարկ չէին համարել իրենց ներկայությամբ պատվելու գարնանային նստաշրջանի առաջին օրը: Իսկ պատգամավորական կազմի նորույթը հունվարի 24-ից մանդատ նվաճած, Վազգեն Խաչիկյանի «փոխանորդ» Արմեն Աշոտյանն էր:
Մյուս կարեւոր առանձնահատկությունը, որ երեկվա նիստը շահեկանորեն առանձնացնում էր նախորդ տարվանից, ընդդիմության բոլոր ֆրակցիաների ներկայացուցիչների շռայլ մասնակցությունն էր: Իրենց խոստման համաձայն նրանք եկել էին ներկա գտնվելու ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այնպիսի կարեւոր հարցի քննարկմանը, ինչպիսին է «Հայխնայբանկում ավանդադրված խնայողությունների վերականգնման եւ մարման մասին» Վ. Դալլաքյանի հեղինակած օրենքի նախագիծը:
Օրինագիծը կանխավ նշված էր եռօրյայի` երեկ հաստատվելիք օրակարգում: Չնայած Հանրապետական խմբակցությունն ու Դաշնակցությունը գոնե անցած տարվա ճեպազրույցների ընթացքում համակրանք էին արտահայտել ավանդների վերադարձի օրինագծի վերաբերյալ (իսկ «ՕԵ»-ն դրա ջահակիրն է), այնուամենայնիվ, գլխադասային հանձնաժողովը (որի կազմում նույն այդ ֆրակցիաների ներկայացուցիչներն են) հարցը եռօրյա մտցնելուն դրական եզրակացություն չէր տվել: Եռօրյայում օրինագիծն ընդգրկել-չընդգրկելու խնդիրը առանձին քննարկման արժանացավ:
Այն 32 կողմով, 22 դեմով ու 13 ձեռնպահով քվեարկվեց եւ չմտավ եռօրյայի օրակարգ, չնայած ընդդիմության բոլոր ջանքերին: Հանրապետական Գալուստ Սահակյանը, օրինակ, գտնում է, որ ՀՀ նախագահի հանձնարարականով եւ գործադիրի մասնակցությամբ ավանդների խնդրով նոր հանձնաժողովի ստեղծումը միայն կօգնի գործին: Նոր հանձնաժողովը կամփոփի ու կվերլուծի ԱԺ նույնանուն հանձնաժողովի ուսումնասիրությունները, իսկ կառավարությունը հնարավորություն կստանա հաշվարկելու իր ֆինանսական ռեսուրսները եւ փոխհատուցման խելամիտ չափեր սահմանել:
Գալուստ Սահակյանը «սպառնաց», որ Հանրապետականը դեմ կքվեարկի հարցը եռօրյայում ներկայացնելուն:
Ընդդիմադիրները նոր հանձնաժողովին գերակայություններ տալը գնահատեցին իբրեւ օրենսդիրը գործադիրին ստորադասելու փաստ եւ հանրապետության նախագահի դոմինանտ դերակատարման վկայություն, իսկ Հմայակ Հովհաննիսյանը իրողությունը բնորոշեց իբրեւ ապրիլի 13-ի «շուրջկալ» օպերացիայի շարունակություն:
Թաթուլ Մանասերյանի համոզմամբ, իշխանություններն ավանդների հարցում առաջնորդվում են «մի շտապիր» կարգախոսով: Ինչքան ձգձգեն, այնքան լավ: Բայց 2 մլն 207 հազար ավանդատուների մեջ ծերացած թոշակառուներ կան, «որոնց հնարավոր չէ ասել` մի շտապեք մահանալ»: Ընդդիմադիրների համոզմամբ, այդ հանձնաժողովը կարելի էր ստեղծել 3 ամիս առաջ, երբ կրկին հարցը շիկացած էր: Ի վերջո, ինչի՞ հասան նույն խնդրով առաջներում ստեղծված հանձնաժողովները ԱԺ-ում եւ կառավարությունում: Ի՞նչ երաշխիք, որ հարցը դարձյալ չի տեղափոխվելու անորոշ մի ժամանակաշրջան:
«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը բազմիցս հայտարարեց, որ իրենք ընդամենը առաջարկում են հարցը մտցնել եռօրյայի օրակարգ, ընդամենը երաշխիքներ տալ ընդդիմադիր փոքրամասնությանը: Սակայն մարտնչող մեծամասնությունը մտադիր չէր հանդուրժողականություն ցուցաբերել: Վիկտոր Դալլաքյանը բավական ինքնատիպ նախազգուշացում արեց նրանց: Նրա ասելով, դինոզավրերին երկրի երեսից ոչնչացրել է նրանց անհանդուրժողականությունը: Դինոզավրերի համեմատ մեր մեծամասնությունն ինչ է որ...
Գալուստ Սահակյանը, հակառակը, ինքը հանդուրժողականության ու քաղաքական պարկեշտության կոչ արեց Վիկտոր Դալլաքյանին` 90 կամ ավելի օրով հետաձգելու օրինագծի քննարկումը, մինչեւ կառավարությունն ու նոր հանձնաժողովն ավարտեն ուսումնասիրությունները:
Ի դեպ, ԱԺ նախընթաց պատմությամ մեջ սա վերջին եռօրյան էր, քանի որ փետրվարի 9-ից արդեն նոր կանոնակարգը խաղի նոր կանոններ կսահմանի, որոնց համաձայն ԱԺ նիստերը կգումարվեն 3 շաբաթը մեկ, քառօրյա ընթացքով:
Ինչպես «կողմնորոշել» պատգամավորներին
Գարնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 72 հարց, իսկ այս եռօրյայի համար` 24 հարց եւ 13 միջազգային պայմանագիր:
Երեկ սակայն եռօրյայի օրակարգի հաստատումն իսկական ֆարսի վերածվեց, արժանի միայն մեծն Օտյանի գրչին:
Մեծ օրակարգը հաստատվեց, այլ էր եռօրյայի պարագայում: Հավանաբար պատգամավորների մի մասը նույնիսկ չէր հասկանում, որ քվեարկվում է ընդամենը օրինագծերն օրակարգ մտցնելու հարցը, ոչ թե դրանք քննարկումը: Փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հարկադրված էր բազմիցս կրկնելով` իրողությունը հասցնել բանից անտեղյակ պատգամավորների գիտակցությանը:
Պատգամավորները տարօրինակ ինքնամոռացության մեջ ընկած մեկ առ մեկ մերժեցին նախ` եռօրյայի օրակարգի ընդունումը, իսկ դրանից հետո` առանձին-առանձին նաեւ եռօրյայի օրակարգում ընդգրկված օրինագծերը` բնապահպանական վերահսկողության, ոստիկանության կարգապահական կանոնակարգի, հաստատագրված վճարների, սննդամթերքի անվտանգության մասին եւ այլն: Փաստացի, սուրբ տեղը դատարկ չի մնում, եւ կոալիցիան երեկ, կամա թե ակամա, ինքը հայտնվեց բոյկոտողի դերում: Դրությունը փրկելու համար ֆրակցիաները 2 անգամ 20 րոպեանոց դադար խնդրեցին, բայց միայն կեսժամյա ընդմիջումից հետո կոալիցիային հաջողվեց եռօրյան փրկել խայտառակությունից:
Ընդմիջումից հետո խորհրդարանն ունեցավ արդեն «կողմնորոշված» պատգամավորներ, եւ Վահան Հովհաննիսյանի որակմամբ` նիստը «հեզասահ» ընթացք ստացավ:
Վերը նշվածների փոխարեն կրկին մեկը մյուսի հետեւից ընդունվեցին այնպիսի օրինագծեր, որոնց կարեւորությունն այս անգամ պատգամավորները «գիտակցել» էին: Դրանց շարքում էր, օրինակ, այնպիսի օրինագիծ, ինչպիսին է «Սերմնաբուծության մասին» օրենքի նախագիծը: