«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2005-02-04 | #20, 2005-02-05 | #21, 2005-02-08


ՄԵԾ ՊԱՀՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՐԻՇԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՈՃԱԿ ՄԻ ՍԵՂՄԻՐ, ՄԵՂՔ Է

Երեկ գարնանային նստաշրջանի հետ սկսվեց նաեւ մեծ պահքը: Մարմինն ու առողջությունը մաքրելու հետ մարդիկ նաեւ հոգեւոր կատարսիսի 48-օրյա փորձություն պիտի անցնեն: Այսինքն, մինչեւ մարտի 27-ը չծխեն, չխմեն, չստեն, չխաբեն, չբամբասեն, մի խոսքով, հրաժարվեն բոլոր վատ սովորույթներից ու արատներից: Պատգամավորների դեպքում, թերեւս, կարելի է ավելացնել նաեւ ուրիշի փոխարեն կոճակ սեղմելու մեղքից հրաժարվելը, որ վատ օրինագծերի առաջացման հիմնական պատճառն է:

Եթե մեր պատգամավորները աստվածավախ լինեին ու գոնե ժամանակավոր հետեւեին պահքի պատվիրաններին, ապա ընտրողներս հաստատ կշահեինք: Իհարկե, դժվար է մսեղենից հրաժարվելը, մանավանդ մեր պատգամավորների պարագայում, որոնց մեծ մասը հարցերը լուծում է «մի կտոր հացի»ՙ այսինքն խաշ-խորոված-խաշլամայի շուրջը:

Բայց դժոխքից ապահովագրելու համար կարելի էր դիմել հոգեւոր մաքրագործման այս կարճատեւ զոհողությանը:

Դատելով խորհրդարանի երեկվա անցուդարձից, մեր երեսփոխանների մեծամասնությանը դժոխքի կրակները չեն վախեցնում:

Կոճակ սեղմելու օպերացիան անվրդով ընթանում էր նաեւ պահքի օրը: Զուտ հայեցողական դիտարկմամբ դահլիճում ներկա էր 57 պատգամավոր, բայց քվեարկությունների ժամանակ հաջողությամբ «գրանցվում» էին եւս 10-12 պատգամավորներ:

Մենք փորձեցինք, այնուամենայնիվ, տեղեկանալ, թե մեր պատգամավորների մեջ կա՞ն այնպիսիները, ովքեր որոշել են «մաքրագործվել» հոգով ու մարմնով:

Պարզվեց, որ հանրապետականներից պահք են պահում Արարատ Մալխասյանն ու Մանվել Ղազարյանը: Արեգ Ղուկասյանը ինքն իրեն բնորոշեց հավատավոր «գուրման» (համադամասեր կամ համեղ ուտելիքների սիրահար), ով վճռականապես դեմ է պաս պահելուն:

«Օրինաց երկրից» պաս պահում է Արտակ Առաքելյանը, Դաշնակցությունից` Արմեն Ռուստամյանը: Վերջինս, կուսակից Վահան Հովհաննիսյանի հավաստմամբ, ողջ ֆրակցիայի փոխարեն է պաս պահում` իր վրա վերցնելով նրանց բոլոր մեղքերը, եւ ոչ միայն այս տարի, այլեւ արդեն 1 տասնամյակ:

Ընդդիմությունից պաս են պահում Վիկտոր Դալլաքյանը, Նապոլեոն Ազիզյանը` («Օրինաց երկրից»), անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Նապոլեոն Ազիզյանը մաղթեց (նա Արմեն Ռուստամյանի նման հավատավոր պաս պահող է), որ պաս պահեն անհոգի պատգամավորները:

Ժողպատգամավորից էլ պաս պահողներ կան, բայց նրանց անունները ֆրակցիայի ղեկավար Կարեն Կարապետյանը չհայտնեց, որովհետեւ անուններ տալը նույնպես... մեղք համարեց:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4