Այս մի քանի տողով ես փորձում եմ, արժանին հատուցելով մի լավ հայորդու, նաեւ ներկայացնել իմ մտորումները Հայաստան-սփյուռք հարաբերություններում հաճախ ի հայտ եկող մի երեւույթի մասին: Մենք մի տեսակ բնական ենք համարում, որ արտերկրում Հայաստանի խնդիրների լուծման, նրանց օժանդակման գործին տեղի հայ համայնքները ակտիվորեն են մասնակցում: Իրականում, այդ խնդիրները եւ համայնքների մասնակցությունը դրանց լուծմանը ունենում են շատ բազմազան ձեւեր, եւ արժե երբեմն խորանալ դրանց վերլուծության մեջ:
Հայաստանն արտերկրում սովորաբար ունենում է երեք տեսակի խնդիրներ: Առաջինՙ այդ երկրներից ներդրումներ ներգրավել Հայաստան: Երկրորդՙ Հայաստանի համար նպաստավոր քաղաքական որոշումներ կորզել այդ երկրների քաղաքական վերնախավից: Երրորդՙ հասնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը այդ երկրի կողմից:
Այս տեսակետից, թերեւս եզակի, աննախադեպ օրինակ է այն, ինչ տեղի է ունենում Սլովակիայում: Այս երկիրը ոչ միայն մշտապես առանձնանում է Հայաստանի հետ գործարար կապերով (կամ դրանք սերտացնելու մղումով), ոչ միայն ունի ընդգծված հայաստանամետ քաղաքականություն, այլեւ անցած նոյեմբերին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Անտեղյակ մարդը կենթադրիՙ երեւի Սլովակիայում հզոր հայկական համայնք կա: Եվ իրոք, հաճախ է հնչում, որ այս կամ այն ձեռնարկումն իրականացվել է տեղի «հայկական համայնքի» անունից: Ու քչերին է հայտնի դառնում, որ իրականում այդ ամենը ոչ թե «համայնքի» կամ գոնե մի փոքր խմբի գործունեության արդյունքն է, այլ մեկ անհատիՙ գործարար Աշոտ Գրիգորյանի: Ճիշտ է, պրն Գրիգորյանը հաճախ ստորագրում է «Սլովակիայի հայ համայնքի ղեկավար», բայց դա այսպես ասած, ձեւի համար է, քանի որ հայերն այդ երկրում այնքան սակավաթիվ են, որ համայնքի մասին խոսելը ընդհանրապես դժվար թե արդարացված է:
Ու ահա, մեկ անձը միայնակ կարողացավ ոչ միայն ապահովել սլովակյան գործարար համայնքի հետաքրքրությունը դեպի Հայաստան (իհարկե, ոչ առանց ՀՀ կառավարության հանդիպակաց քայլերի), այլեւ կատարել անհավատալինՙ հասնել այն բանին, որ այդ երկրի խորհրդարանը առանց մեկ իսկ «դեմ» ձայնի ընդունեց Հայոց ցեղասպանությունը եւ պահանջեց, որ իր կառավարությունը համապատասխան պահանջներ դնի Եվրոմիության հավակնորդ Թուրքիայի առջեւ:
«Հայրենիքը լքողների մեջ հայրենասերներ ման գալը հիմնականում անպտուղ աշխատանք է», ասում է ինքըՙ Գրիգորյանը: Լավ է, որ նա ավելացրել է «հիմնականում» բառը, տեղ թողնելով այն սակավ դեպքերի համար, որոնցից մեկն ինքն էՙ բնիկ երեւանցի Աշոտ Գրիգորյանը:
Ուշագրավ է, որ Աշոտ Գրիգորյանը իր հայաստանանվեր գործունեության ընթացքում գրեթե չի դիմում Հայաստանի պաշտոնյաների աջակցությանը: Ավելին, իր խոսքերով, լինում են դեպքեր, երբ ՀՀ պաշտոնյաները, ըստ էության, խոչընդոտներ են հարուցում նրա առջեւ:
Մի դեպք արժանի է հատուկ հիշատակման: Սլովակիայի խորհրդարանում Ցեղասպանության հարցի քննարկման նախապատրաստության ամենաթեժ պահին այդ երկրի որոշ լրատվամիջոցներ սկսեցին վարկաբեկիչ տեղեկություններ տարածել պրն Գրիգորյանի մասին, նույնիսկ բանը հասավ դատախազությանը: Ակնհայտորեն այս ամենը հրահրված էր թուրքական իշխանությունների կողմից: Սակայն ուշագրավ է, որ Հայաստանի դեսպանատունը (գտնվում է Վիեննայում ու սպասարկում է, ի թիվս այլ երկրների, Սլովակիան) այդ քարոզարշավին դիմակայելու որեւէ քայլ չձեռնարկեց: Այսինքն, լվանալով իր ձեռքերը, փաստորեն թողտվության, եթե ոչ խրախուսման ազդանշան տվեց չարակամներին:
Աշոտ Գրիգորյանը դեռ շատ հայրենանվեր ձեռնարկումներ ունի: Հուսանք, որ այսուհետեւ հայրենի իշխանություններից նա միայն աջակցություն կստանա:
Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ