«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2005-02-04 | #20, 2005-02-05 | #21, 2005-02-08


ԹԻՄԵՐԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՐԸ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության մասնակից թիմերը շարունակում են նոր մրցաշրջանի նախապատրաստությունըՙ մարզումներին զուգահեռ փորձարկելով ուժերը ստուգողական հանդիպումներին: Երեկ «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում ստուգողական խաղում մրցավեճի էին բռնվել հանրապետության արծաթե մրցանակակիր «Միկան» եւ Երեւանի «Արարատը»: Եթե «Միկայի» ֆուտբոլիստները մարզումների շաբաթական ցիկլն ավարտում են ընկերական խաղով եւ արդեն հասցրել են նման 5 հանդիպում անցկացնել, ապա արարատցիների համար դա առաջին մրցախաղն էր: «Միկան» ասպարեզ էր դուրս բերել հիմնական կազմը, մինչդեռ արարատցիների մարզիչները նպատակահարմար էին գտել հիմնականում փորձարկել երիտասարդներին: Աշխույժ մրցապայքարում անցած հանդիպումն ավարտվեց «Միկայի» հաղթանակովՙ 2-0: Աչքի ընկան Արտյոմ Ադամյանն ու թիմի նորեկՙ նախկին շիրակցի Արտյոմ Բեռնեցյանը:

Խաղից հետո զրուցեցինք «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի հետ: Նա նշեց, որ նման հանդիպումներն օգտակար են թիմերի համար: Մարզադահլիճում անցկացվող խաղերում հիմնականում ստուգվում են ֆուտբոլիստների արագ մտածելու, խաղային իրադրություններում ճիշտ կողմնորոշվելու ունակությունները: Գլխավոր մարզիչն ընդհանուր առմամբ գոհ էր իր սաների խաղից, նշելով, որ թիմում կան հեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք համապատասխան աշխատանքի դեպքում կարող են ընդգրկվել հիմնական կազմում: Անդրադառնալով ուսումնամարզական գործընթացին, Արկադի Անդրեասյանը նշեց, որ նախապատրաստության առաջին փուլում թիմի առջեւ դրված խնդիրները հիմնականում լուծվել են, գոհ է մարզումների նկատմամբ ֆուտբոլիստների վերաբերմունքից: Օրերս թիմը կավարտի ուսումնամարզական հավաքը «Էրեբունի» հյուրանոցում: Առաջիկայում նախատեսվում է հավաքի մեկնել հանրապետությունից դուրս, ինչը հնարավորություն կտա ֆուտբոլիստներին բարենպաստ պայմաններում նախապատրաստվելու նոր մրցաշրջանի մեկնարկին: Մարզիչը հուսով է, որ մնացած ժամանակահատվածը եւս արդյունավետ կօգտագործվի առաջնության եւ գավաթի հանդիպումներին կազմ ու պատրաստ ներկայանալու համար:

Մոսկովյան մրցաշարից վերադառնալուց հետո երկրի չեմպիոն «Փյունիկը» նախապատրաստությունը շարունակում է Երեւանում: Երեկ թիմը ստուգողական երկրորդ հանդիպումն անցկացրեցՙ մրցելով «Դինամո-Զենիթի» հետ: Արմավիրում կայացած խաղում չեմպիոնը հաղթեց 3-1 հաշվով: Փյունիկցիներից հաշիվը 11 մետրանոց հարվածով բացեց Մամադու Դիավարան, այնուհետեւ Ալեքսանդր Պետրոսյանը 2-րդ գնդակը խփեց, իսկ թիմի նորեկ լեգեոներ Դեւիդ Անասը 3-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը: «Դինամո-Զենիթի» կազմում էլ աչքի ընկավ թիմում փորձարկվող վրաց ֆուտբոլիստ Գագա Թբիլիաշվիլին: Շուտով մեր հանրապետության 2 ակումբներինՙ «Միկային» եւ «Փյունիկին» լուրջ փորձություն է սպասվում: «Միկան» փետրվարի 11-ին կմեկնի Աշգաբադՙ մասնակցելու Թուրքմենբաշու գավաթի խաղարկությանը, իսկ փյունիկցիները հանդես են գալու Տաշքենդում կազմակերպվելիք միջազգային մրցաշարին, որը տեղի կունենա փետրվարի 22-ից մարտի 1-ը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4