Իսկ պատասխանատու պաշտոնյաներն այլ բան էին հավաստիացնում
2005 թվականի առաջին ամսին Գյումրու նպաստառու ընտանիքներն այդպես էլ չստացան իրենց հասանելիք նպաստները: Փոխարենը սկսվեց նպաստառուների ու նրանց մեջ մեծ թիվ կազմող նպաստառու թոշակառուների հոսքը, ավելի ճիշտՙ բազմահոգս վազքը սոցծառայությունից ԲՇՏ ու ԲՇՏ-ից սոցծառայությունՙ ամենամյա վերափաստագրման համար: Այս գուցեեւ անհրաժեշտ միջոցառումը կարելի կլիներ հասկանալ ու չդժգոհել, եթե մենք ապրեինք օրենքի երկրում եւ ամեն ինչ կատարվեր այնպես, ինչպես պետական պաշտոնյաները այս կամ այն դեպքում հայտարարում են:
Փաստագրվելու համար, ինչպես հայտնի է, քաղաքացին նախ համապատասխան նմուշի տեղեկանք պետք է ներկայացնի բնակության վայրից: Այսօրվա Գյումրիում համատիրությունները դեռ հատուկենտ են, իսկ թաղային լիազորների ինստիտուտը տարիներ առաջ վերացվել է: Այստեղ մարդկանցից որեւէ հարցով տեղեկանք պահանջելՙ մեծմասամբ նշանակում է նրանց մատնել ԲՇՏ-ների, այսինքն բնակշահագործման տեղամասերի ձեռքը: Սույն կառույցները բնակշահագործման գործառույթներով վաղուց, մեղմ ասած, այնքան էլ չեն զբաղվում: Այսօր դրանք ընդամենը վերածվել են իրենց դիմող քաղաքացիներից տեղական վճարներ բռնագանձող եւ տեղեկանք վաճառող հաստատությունների: Եթե ուզում ես տեղեկանք ստանալՙ պիտի իրենց ուզածը վճարես: Այս պարտադրանքը համենայն դեպս չպետք է վերաբերեր փաստագրման համար անհրաժեշտ հիշյալ տեղեկանքը վերցնող քաղաքացիներին, ինչի մասին ամեն տարի հայտարարում են սոցիալական ոլորտի պատասխանատուները: Սոցծառայության «Գյումրի-1» կենտրոնի տնօրեն Վարդան Ղափլանյանը եւս, որի հետ առիթ ունեցանք հանդիպելու, ասաց ու հատ-հատ կրկնեց. «Այդ տեղեկանքները տրվում են ան-վը-ճար»: Սակայն տեղեկանքը տվող կողմը վստահորեն իրենն է ասում ու անում: Չգիտեսՙ կա՞ մի պետական կառույց, որն այս դեպքում կոչված է եւ կարող է ստիպելՙ չոտնահարել սահմանված կարգը, հետեւաբար եւՙ մարդկանց իրավունքները:
Աղքատության նպաստի համար ձեռքը մեկնող քաղաքացին, ծեր թոշակառուն, բացի ամեն տարվա այս ժամանակ Գյումրու սառցապատ փողոցներով գնալ-գալու փորձությանը ենթարկվելուց, հերթերում սպասելուց, նաեւ անպաշտպան է ԲՇՏ-ի ղեկավարների կամայականությունների, սոցծառայության չվերահսկվող, չափն անցած տեսուչների հարաճուն ու անկասելի «ախորժակի» հանդեպ:
Իսկ... Լուրջ պաշտոնյա մարդիկ ժամանակին հայտարարում-հորդորում էին, թե սոցիալական քարտերը նաեւ նրա համար են, որ ազատվեք այս կամ այն հարցով ամեն տեսակ տեղեկանքներ ու փաստաթղթեր ներկայացնելու պարտադրանքից: Հիմա, երբ կամավոր-պարտադիր սոցիալական քարտերը կան, ի՞նչ է փոխվել: Սոցծառայության պետը, որին այս հարցը տվեցինք, պատասխանեց, թեՙ ի՞նչ ենք ուզում որ. այս մի տեղեկանքն է, բնակչի ինչ-ինչ կարգավիճակի կամ տվյալների փոփոխության դեպքում համապատասխան փաստաթուղթ, մեկ էլ սոցիալական քարտի պատճենը: Այսինքն նույնը, ինչ նախորդ տարիներին, ավելացրած սոցքարտը: Վերջինս գոնե այս պարագայում ոչինչ չի փոխել, այլ ինքը դարձել է մի տեսակ պատժամիջոց (եթե այդ քարտը չունեսՙ ոչինչ չես ստանա):
Կարելի է կարծել, որ սա նման մեկ, բայց ոչ միակ օրինակն է:
Ուրեմն ո՞ւմ եւ ի՞նչ նպատակով էր պետք այս քարտերը ժողովրդին պարտադրելը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի