«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#19, 2005-02-04 | #20, 2005-02-05 | #21, 2005-02-08


ՏՈԼՅԱՏԻՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՌԱՖԱՅԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ

ՌԴ-ի Տոլյատի քաղաքում չպարզված հանգամանքներում անցած շաբաթ սպանվել է հայ գործարար, «Արմենիա-Լադա» ընկերության նախագահ Ռաֆայել Արենի Շահմուրադյանը, ծնված 1952 թ.-ին: «Ազգի» ընթերցողներին հիշեցնենք, որ դեռ 2004 թ. մայիսին Ռաֆայել Շահմուրադյանի նկատմամբ մահափորձ էր կատարվել Երեւանում: Մեքենայի վրա, որի ղեկին նստած էր եղել գործարարը, արձակվել էր կրակահերթ, որից էլ Շահմուրադյանը հրաշքով փրկվել էրՙ ստանալով վնասվածք:

«Մեդիամաքս» գործակալությանը տված հեռախոսային հարցազրույցում ՌԴ-ի Սամարայի մարզի ներքին գործերի վարչության մամլո ծառայության ղեկավար Ալեքսեյ Կրովինը հայտնել է, որ փետրվարի 6-ին, ժամը 14.45-ին Տոլյատի քաղաքի Կոմսոմոլի շրջանի Մագիստրալնայա փողոցի ճամփեզրին հայտնաբերվել է գանգուղեղային վնասվածքով 1952 թ. ծնված տղամարդու դիակ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ տարվում է հետաքննություն: Հետաքննության շահերը վկայակոչելով, Ալեքսեյ Կրովինը ձեռնպահ է մնացել սպանվածի տվյալները հաղորդելուց, նշում է «Մեդիամաքսը»:

Նշենք նաեւ, որ «Արմենիա-Լադա» ընկերությունը ռուսաստանյան «Վազ» եւ «Գազ» մարդատար ավտոմեքենաների խոշորագույն ներմուծողն է Հայաստանում: Շահմուրադյանին պատկանող կառույցները Հայաստան են ներմուծում նաեւ «Պեժո», «Ռենո» եւ «Նիսսան» ավտոմեքենաներ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4