«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2005-02-05 | #21, 2005-02-08 | #22, 2005-02-09


ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Եռօրյա աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին երեկ ընդունել է նախագահ Մոհամմադ Խաթամին: Հանդիպմանը, ըստ պաշտոնական ԻՌՆԱ գործակալության, Իսլամական Հանրապետության նախագահն ասել է, որ Իրանն աջակցում է հարեւան Հայաստանին:

Խաթամին ասել է, որ տարածաշրջանի երկրները կարող են իրենց խնդիրները լուծել բարձր մակարդակով բանակցություններումՙ առանց օտարերկրյա միջամտության: Իրանի նախագահը երկկողմ հարաբերությունների խորացման առումով կարեւորել է Իրանի եւ Հայաստանի երկաթգծային կապի հաստատումը: Իր հերթին Սերժ Սարգսյանն ասել է, որ Իրանի եւ Հայաստանի երկաթգծային կապն արդյունավետ կլինի Հյուսիս-հարավ միջանցքի հաստատման գործում:

Երեկ Սերժ Սարգսյանին ընդունել է նաեւ Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Ռոհանին: Վերջինս, ըստ ԻՌՆԱ-ի, ասել է, որ Բաքու-Երեւան ուղղակի երկխոսությունն արդյունավետ միջոց է ղարաբաղյան կարգավորման հարցում: Ռոհանին բացառել է ղարաբաղյան կարգավորման ռազմական լուծումը: Նա նկատել է, որ արդարացի է լուծումը, որն ընդունելի կլինի 2 կողմերի համարՙ հաշվի առնելով նաեւ Ղարաբաղի քաղաքացիների ցանկությունները:

Ռոհանին ասել է, որ Թեհրանը եւ Երեւանը երբեք թույլ չեն տա, որ օտարերկրյա գործակալները միջամտեն հայ-իրանական երկկողմ հարաբերություններին: Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը, Սերժ Սարգսյանը բացառել է հարցի փուլային եղանակով լուծումը:

Հայաստանի պաշտպանության նախարարին ընդունել է նաեւ Իրանի Պահապան խորհրդի ղեկավար, երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4