Ոչ մի կերպ չեն դադարում նրա այցի արձագանքները
Օրերս Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Ժան Լուիզ Դեբրեի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Թուրքիա: Այցելության ընթացքում բարձրացված հարցերը երկրի ղեկավարության համար առնվազն վրդովեցուցիչ էին, որ թուրքական լրատվամիջոցները խուսափեցին պատշաճ ուշադրությամբ լուսաբանել այցելությունը:
Խոսքը վերաբերում է փետրվարի 3-ին Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը Ժան Լուիզ Դեբրեի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացմանը: Այդ մասին փետրվարի 4-ի առավոտյան տեղեկացրել էր թուրքական հանրային հեռուստատեսությունը, ապաՙ թերթերը:
Ֆրանսիայի խորհրդարանի նախագահին Էրդողանը պատասխանել էր, որ իրենք այս կարգի հարցերը թողնում են պատմաբանների հայեցողությանը, ապա հայերին մեղադրելու մղումով հայտարարել. «Մենք մեր արխիվները բացել ենք, իսկ նրանք չեն բացում»: Էրդողանի հայտարարությանն էլ փետրվարի 7-ին «Հյուրիեթի» միջոցով պատասխանել է Թուրքիայում Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը: Նա, ընդգծելով Երեւանում երեք առանձին աղբյուրների գործունեության փաստը, ինչպես նաեւ այն, որ դրանք ներառում են 1915 թ.-ին առնչվող փաստաթղթեր, ասել է. «Այս արխիվները բաց են աշխարհի բոլոր գիտնականների, բնականաբար, նաեւ թուրք գիտնականների առջեւ: Սակայն առ այսօր Հայաստանի արխիվներում աշխատելու համար ոչ մի թուրք գիտնական չի դիմել»:
Խնդիրն, իհարկե, արխիվները չեն, այլ Թուրքիայի վարչապետին Ֆրանսիայի խորհրդարանի նախագահի Անկարայում մատուցած տհաճ անակնկալն ու դրա առաջացրած վրդովմունքը: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ Ժան Լուիզ Դեբրեի փետրվարի 3-ին արած հարցադրմանն իշխանամետ «Ենի շաֆաք» թերթը Յասին Դողանի մեկնաբանությամբ շարունակում է արձագանքել փետրվարի 7-ին եւ վրդովմունքը հիմնավորելու համար որոշակի մանրամասներ է հայտնում:
Ըստ «Ենի շաֆաքի», Էրդողանի հետ հանդիպմանը Դեբրեն ոչ միայն Հայոց ցեղասպանության հարց է բարձրացրել, այլեւ ճանաչումը համարելով այժմեական խնդիր, պահանջել է, որ անհապաղ լուծվի: Ընդ որում, նա հորդորել է թուրքերին «արժանանալ ֆրանսիացի ընտրողների հավանությանը», այդ հավանությամբ է պայմանավորել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը, այնուհետեւ խոստացել է, որ ցեղասպանության ճանաչման դեպքում որեւէ այլ խնդիր չի ծագելու:
Հատկանշական է, որ Դեբրեն անպատասխան է թողել թուրք լրագրողի «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանին Ղարաբաղում օկուպանտ է ճանաչել: Ո՞րն է ձեր մոտեցումը» հարցը:
«Ազգը» ժամանակին արձագանքել էր ե՛ւ ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ընդունած բանաձեւին, ինչպես նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Դեբրեի Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ Անկարայում արած հայտարարությանը: Այդ իսկ պատճառով չենք խորանում «Ենի շաֆաքի» մեկնաբանության մեջ: Պարզապես ասում ենք, որ ցեղասպանության ճանաչման հետեւողականությամբ Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը Թուրքիային մատնացույց է անում այդ հարցում Եվրոմիության հետեւողականությունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ