«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2005-02-05 | #21, 2005-02-08 | #22, 2005-02-09


ԳԻՐՔ ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

«Ազգի» ինտերնետային ծառայությունից ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ թուրք-հայկական հաշտության հանձնաժողովի նախկին նախագահ Դեյվիդ Ֆիլիպսը «Չլռեցնելով անցյալը» (կամ «Բացահայտելով անցյալը», «Unsilencing the Past») խորագրով գիրք է հրատարակելՙ փորձելով իր դիտարկումները ներկայացնել այդ խիստ վիճելի կառույցի վերաբերյալ: 170 էջանոց հատորը, ըստ հաղորդագրության, խորամուխ է լինում հանձնաժողովի ստեղծման պատմության մեջՙ տալով դրան առնչվող բարձրաստիճան կառավարական անձնավորությունների եւ քաղաքական կազմակերպությունների հետ իր հանդիպումների մանրամասները: Հանձնաժողովը Մ. Նահանգների կառավարության մտահղացումն էր: 2000 թ. պետքարտուղարության քաղաքական գծով տեղակալ Մարկ Գրոսմանը Ֆիլիպսին առաջարկում է ստեղծել հայ-թուրքական համատեղ մի հանձնաժողով: Ֆիլիպսն այդ ժամանակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել արտաքին հարաբերությունների խորհրդում, Վաշինգտոնի ամերիկյան համալսարանում եւ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում: Նա նաեւ պետքարտուղարության խորհրդատուն է եղել ժողովրդավարության եւ տարածաշրջանային կայունության գծով: Անցյալում օգնել է հույն ու քուրդ համայնքներին մերձենալու իրենց թուրք հարեւաններին: Նման փորձ կուտակած լինելու հանգամանքն էլ պետքարտուղարությանը մղել է դիմելու նրանՙ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց մտցնելու նպատակով:

Հայերը, գրում է նա, ԹՀՀՀ-ն դիտում էին որպես միջոց մերձենալու թուրք վերնախավին եւ նրանց հետ երկխոսություն ծավալելու ցեղասպանության վերաբերյալ: Թուրքերը պատրաստ չէին ԹՀՀՀ-ին տալու ցեղասպանությունը ճանաչելու պարտավորությունը: Նրանց շարունակական ժխտումներն արգելք դարձան, որ հանձնաժողովը կարողանա արդյունավետ աշխատանք կատարել: 2003-ին Նյու Յորքում հանդիպելով, կազմակերպությունը որոշեց դիմել անցումային արդարության միջազգային կենտրոնին (ԱԱՄԿ), մարդու իրավունքների մի կազմակերպության, որը պետք է ուսումնասիրեր եւ պատասխաներ, թե կարելի՞ էր արդյոք 1948 թ. ՄԱԿ-ի կոնվենցիան կիրառել Հայոց ցեղասպանության հարցում: Որոշ ժամանակ անց ԱԱՄԿ-ն մանրամասն տեղեկագիր ներկայացնելով հաստատում է, որ Հայոց ցեղասպանությունը համապատասխանում է ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին:

Հակառակ այս բոլորին, հայկական կողմը սառը վերաբերվեց գործադրված ջանքերին: Ֆիլիպսի գրքում, ըստ հաղորդագրության, քննադատական խոսքեր կան ուղղված ինչպես նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այնպես էլ արտգործնախարար Վարդան Օսկանյանին:

Չնայած նախաձեռնությունը հաջողության չհասավ, ԹՀՀՀ-ն այնուամենայնիվ, ըստ Ֆիլիպսի եզրակացության, սառույցը ջարդեց եւ հնարավորություն տվեց այլ կառույցներին շարունակելու գործը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4