«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2005-02-05 | #21, 2005-02-08 | #22, 2005-02-09


ՀԱՅԱՍՏԱՆ-ԲԱՀՐԵՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ Է

ՀՀ ԱԺ պատվիրակության առաջին պաշտոնական այցն արաբական երկրների բանկային կենտրոն Բահրեյնի թագավորություն նպատակ ունի երկու երկրների հարաբերությունների, բազմակողմանի համագործակցության իրավապայմանագրային հիմքը դնել եւ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել: Երեկ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Բահրեյնի թագավոր Ահմադ Իբն Իսա Ալ Խալիֆան:

ԱԺ նախագահը թագավորին հաձնեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձ-հրավերը: Բահրեյնի թագավորը հայտնեց իր գոհունակությունը եւ ասաց, որ առանց այդ էլ Հայաստանն ու Բահրեյնը կապող կարճ ճանապարհն ավելի կկարճանա Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցից հետո: Թագավորը ողջունեց պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի երկրորդ գումարմանը Բահրեյնի ԱԺ ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը եւ հայտնեց, որ ամեն կերպ կաջակցի Հայաստանում արաբական մշակույթի կենտրոնի բացմանը, ընդհանրապես գիտության ու մշակութային հարաբերությունների զարգացմանը: Նորին մեծությունը հավաստիացրեց նաեւ, որ լիովին կաջակցի Հայաստանին Արաբական երկրների լիգայում եւ Իսլամական կոնֆերանսում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու հարցում:

Բահրեյնի թագավորի հետ հանդիպմանը նախորդել էին եւս երկու հանդիպումներ խորհրդակցական ժողովի նախագահ Արդուռոահման Ջամշիրի եւ վարչապետ Շեյխ Խալիֆա Իբն Սաման Ալ Խալիֆայի հետ: Երկու հանդիպումներում ընդգծվեց հայ-բահրենյան հարաբերություների զարգացման հնարավորությունը, առավել եւս, որ առկա է առանց քաղաքական եւ տնտեսական տարաձայնությունների դաշտ: Վարչապետը հայկական կողմի նախաձեռնություններին խոստացավ իր երկրի կառավարության աջակցությունը:

Երկու երկրների ԱԺ նախագահները խորհրդարանական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: Հանդիպման ընթացքում կարեւորվեց ինչպես մշակութային եւ զբոսաշրջության ոլորտում, այնպես էլ միջազգային կառույցներում համագործակցելը

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4