Վրաստանի խորհրդարանական Վլադիմիր Պապավան` երկրի ներկա վիճակի մասին
Երեկ «Կովկասի լրագրողների ցանցում» (www.caucasusjournalists.net) տեղի ունեցավ on-line հարցազրույց Վրաստանի խորհրդարանի անդամ, ֆինանսների նախկին նախարար Վլադիմիր Պապավայի հետ: Հայ եւ ադրբեջանցի լրագրողների հարցերի մի մասը վերաբերում էր Վրաստանի վարչապետի մահվանն ու դրա հետեւանքներին վրացական քաղաքականության առումով:
Վարչապետ-նախագահ լիազորությունների առնչությամբ պրն Պապավան պատասխանում է, որ Վրաստանի սահմանադրության համաձայն նախագահին են ենթարկվում ուժային նախարարները, իսկ վարչապետը պատասխանատու է տնտեսության համար` ամենալայն իմաստով:
Ըստ Վլադիմիր Պապավայի, բացի սահմանադրական շրջանակներից, հարկ է նաեւ հաշվի առնել Զուրաբ Ժվանիայի ունեցած քաղաքական հեղինակությունը, քանի որ նա ոչ միայն վարչապետ էր, այլեւ վարդյա հեղափոխության առաջնորդներից մեկը: Ընդ որում, «Ժվանիան Վրաստանի ներկա ղեկավարներից քաղաքական ամենամեծ փորձ ունեցողն էր»:
Վլադիմիր Պապավան գտնում է, որ վարչապետի պաշտոնում հաջորդը ավելի «փոքր քաղաքական տրամաչափի» գործիչ կլինի: «Ազգի» հարցին ի պատասխան Վլադիմիր Պապավան նշում է, որ վարչապետի պաշտոնի պարզեցումն, ըստ էության, չի էլ քննարկվում եւ սխալ էլ կլիներ:
Վրաստանի վարչապետի մահվան հանգամանքների ուսումնասիրությանը մասնակցում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն, որի ներկայացուցիչները երեկ արդեն Վրաստանում էին: Ի դեպ, նրանք կմասնակցեն ոչ միայն վարչապետի մահվան, այլեւ փետրվարի մեկին Գորիում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությանը:
Վրացական իշխանությունները մինչեւ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչների ժամանումը արդեն անհրաժեշտ նյութերն ուղարկել էին ԱՄՆ այլընտրանքային փորձաքննության համար:
Թե երբ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն որեւէ եզրակացություն կներկայացնի հանրությանը, պարզ չէ: Ամեն դեպքում, Վրաստանի վարչապետի եւ Քվեմո Քարթլիի փոխնահանգապետի մահը, Վրաստանի նախագահի աշխատակազմի աշխատակցի ինքնասպանությունը, վրացի գործարարի սպանությունը ժամանակագրության տեսանկյունից պատահականության հավանականությունը մոտեցնում են զրոյի:
Եվ եթե հաշվի առնենք, որ հենց երեկ էլ պայթյուն է տեղի ունեցել Սուխումում` ռուս-աբխազական հյուրանոցի դիմաց, ընդհանուր պատկերը Վրաստանի առնչությամբ բնավ էլ կայունության եւ որոշակիության օգտին չէ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ