«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2005-02-05 | #21, 2005-02-08 | #22, 2005-02-09


ԹԱ՞ԽՏԸ ՓՈԽԵԼ, ԹԵ՞ ԹԱԽՏԻ ՎՐԱ «ԲԱԽՏՈՎ» ՆՍՏԱԾԻՆ

Երեկ ԱԺ հայտարարությունների օրն էր

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Խորհրդարանի գարնանային նստաշրջանի պատգամավորական առաջին հայտարարությունների օրը մեկնարկեց ավանդական ռեպերտուարին հավատարիմ: Հայտարարությունների համար հերթագրվել էր 19 պատգամավոր, իսկ դահլիճում նստածներն այդ թվից 5-ով ավելի էին:

Հայտարարությունների ժամի գլխավոր իրադարձությունը լինելու էր «Արդարություն» խմբակցության հայտարարությունը ղարաբաղյան հարցի վերաբերյալ: Այն ներկայացրեց Արամ Գ. Սարգսյանը: «Արդարությունն» ակնկալում էր, որ հայտարարության այդ նախագիծը կստորագրեն նաեւ ԱԺ մյուս խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները:

Շեշտադրվեց, որ «բանակցային գործընթացից ԼՂ-ին դուրս մղելու հետեւանքով նենգափոխվել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի էությունը եւ քննարկումներում ներկայացվում է ընդամենը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճ: Արդյունքում այսօր հիմնահարցի կարգավորումը դիտարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:

Հայտարարության էությունն այն է, որ Ղարաբաղը անկախություն ձեռք է բերել օրինական ճանապարհով, ինքնորոշման միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:Խմբակցության մյուս ներկայացուցիչ Ստեփան Զաքարյանը, հընթացս դատապարտելով արտգործնախարարության քաղաքականությունը, նույնպես զարգացրեց ղարաբաղյան թեման: Նրա գնահատմամբ, մեր քաղաքական գործիչները շարունակաբար պարտվում են Ղարաբաղի վերաբերյալ իրենց հաշվարկներում:

Իրաք զորախումբ ուղարկելը պատճառաբանվում էր նաեւ ղարաբաղյան հարցին ԱՄՆ-ի հնարավոր միջամտությամբ ու դերակատարմամբ: Սակայն Իրաք ջոկատ ուղարկելու հենց հաջորդ օրը ԱՄՆ-ը հայտարարեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անխաթար դիտելու իր դիրքորոշման մասին:

Կմիանա՞ն խմբակցությունները այդ հայտարարությանը (երեւի միանան, պարտավորեցնող չէ), երեկ դեռ պարզ չէր, բայց ակնհայտ է, որ ընդդիմադիրների գործողությունների նոր ելակետը Ղարաբաղն է դարձել:

Ինչպես սովորաբար լինում է նման իրավիճակներում, միօրինակ հայտարարությունների տաղտուկը մեղմացնող հանգամանք, այնուամենայնիվ, գտնվեց:

«Լոռեցուն ասում են` կնիկդ ման է գալիս: Գիտեմ, պատասխանում է,- թախտը վաճառելու եմ»:

Պատգամավոր Վռամ Գյուլզադյանի պատմած այս անեկդոտն էլ դարձավ երեկվա խորհրդարանական տրամաբանության հիմնական լեյտմոտիվը: Գյուլզադյանի դժգոհության թեման առնչվում էր պետավտոտեսուչների չափն անցած ապօրինություններին: Սակայն խնդրի արմատական լուծումների փոխարեն ձեւական միջոցառումներ են իրականացվում: Այնպես, ինչպես լոռեցին է վարվել:

Մի քանի օր առաջ «Տեցի կրուգում» 2 հանցախմբերի հանդիպումը կրկին առիթ դարձավ, որ հայտարարությունների ժամին մի քանի անգամ հիշատակվի քրեածին իրավիճակը, այն մասին, որ երբեւէ չենք լսում, որ պատկան մարմիններից որեւէ մեկի ներկայացուցիչը այսպիսի արտակարգ իրողությունների պատճառով հրաժարական է տվել:

Իր կողմից տուրք մատուցելով «թախտային» թեմային, Գրիգոր Հարությունյանը եզրակացրեց` ոչ թե թախտը պիտի փոխել, այլ «բախտով» թախտին նստածին:

Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը եւս առնչվեց բնակելի թաղամասում տեղի ունեցած զինված բախմանը: Պատգամավորի գնահատմամբ, դա «հանրապետությունում տիրող բեսպրեդելի հետեւանք է: Հռոմը կործանեց բարոյալքումը, Կալիգուլան իր ձիուն սենատոր դարձրեց: Իսկ Հայաստանին սպառնում է բեսպրեդելը»:

Կալիգուլայի կադրային սկզբունքով սենատորներ չունենալու համար պատգամավորը խորհուրդ տվեց փոխել թախտի վրա նստածին:

Իր հայտարարությունը «թախտից» սկսեց նաեւ Շավարշ Քոչարյանը: Նա խորհուրդ տվեց համբերությամբ «չսպասել բախտին, այլապես բոլորս կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ»:

Իսկ ընդհանրապես, թախտային պատմությունը շարունակելով, մեր կողմից ասենք, որ լոռեցու տրամաբանությունը միայն իր պարագայում էր ծիծաղելի: Իրականում բեսպրեդելներից ու անօրինություններից ազատվելու համար թախտը (համակարգը) պիտի փոխել:

Հիշեցին նաեւ անօթեւաններին

Հիշողը Գագիկ Ավետյանն էր «Օրինաց երկրից»: Մոտավոր հաշվարկների համաձայն, Հայաստանում այսօր 800-1000 անօթեւաններ կան: Այս թիվը խիստ կասկածելի, իրականում հավանաբար շատ ավելին է, որովհետեւ անօթեւաններին ոչ ոք այսօր չի հաշվառում: Նրանք անձնագրեր չունեն, նրանցից շատերը մահանում են ցրտից ու սովից, եւ հասարակությունը նույնիսկ չի իմանում այդ մասին: Բնականաբար, հատակն ընկած մարդկանց այս միջավայրում կարող է հասունանալ քրեական ու մարդատյաց, ամեն ինչի ընդունակ տարրը, որի ներկայությունը պարբերաբար զգում ենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4