Մեկը պիտի գար ու մեր էս ժամանակների տարեգիրը, պատմիչը դառնար, ոչ թե իրադարձությունների, փաստերի շարանը մեզ պարզեր, այլ արտաքինից անցներ հոգեւոր խորքեր, մեր հոգեկան երջանկությունների, տվայտանքների ու երազների թարգմանը դառնար: Նա պիտի ոչ թույլ լիներ, ոչ էլ ուժեղ, մերթ խեղճ լիներ, մերթ սխրալի եւ, ոչ մեկը նրա ճշտից ու սխալից տուժած չլիներ: Եկավ այդ մեկը, որին մենք ճանաչեցինք Արմեն Շեկոյան անուն-ազգանունով, եկավ ու մեզ նվիրեց «Երեւան հյուրանոց» գիրքը (ուշադրություն դարձրեք. ոչ թե ««Երեւան» հյուրանոց», այլեւ «Երեւան հյուրանոց», որը բոլորովին ուրիշ բան է): Եկավ եւ դեգերելով շարունակվեց Երկիր հորջորջվող լաբիրինթոսում, շարունակվում է անվերջ ու հոսում անանցանելի ու մութ էս փոսում: Իրեն գիտեն բոլոր մեղավորները, մորուքավոր ու բեղավորները, անմորուսները եւ անբեղները, մեղավորներն ու անմեղները, բոլոր գիտուններն ու թերուսները, նամուսովներն ու աննամուսները... Իրեն գիտեն բոլորը, եթե չասեմ ողջ հայերն աշխարհի, ապա գոնե Երեւանի հայերը: Տո, ինչու միայն հայերը: Իրեն գիտեն բոլոր թուրքերն ու բոլոր օձերն ու կարիճները, բոլոր գրամոլները, նախկին ու նոր տերերը:
Ուզո՞ւմ եք ճանաչել Երեւան քաղաքը. կարդացեք Արմեն Շեկոյանի «Երեւան հյուրանոց» գիրքը, որին վերջերս շնորհվեց ԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակ: Ի դեպ, այս կարեւոր մրցանակին արժանանալու հաջորդ օրն իսկ Արմեն Շեկոյանը «Առավոտ» թերթում սկսեց տպագրել իր վեպըՙ «Հայկական ժամանակը»: Մեզ ներկայացվել է միայն անմահական ջուր, այսինքնՙ վեպի առաջին մասի ամենաառաջին մասը: Ուստի աշխատենք ձեռնպահ մնալ վեպի մասին որեւէ բան ասելուց, որովհետեւ մի կում անմահական ջուր ենք խմել միայն: Հետ դառնանք ու կրկին մտնենք «Երեւան հյուրանոց», որտեղ Արմեն Շեկոյանը մեկ առ մեկ թվարկում է բոլոր հայտնի մարդկանց, բոլոր մեր սիրելի մարդկանց ու ձեզ ատելի մարդկանց: Ում սիրում եքՙ սիրեք, ում ուզում եքՙ ատեք: Արմեն Շեկոյանի համար բոլորը սիրելի են: Ու այս «սիրելի» միտքը տեղ հասցնելու համար «սեր» բառը չի ասում, այլ մարդկանց անուններ է թվարկում, սոսկ թվարկում: Բայց ի՜նչ գեղեցիկ է թվարկում, ինչպե՜ս բանաստեղծավարի: Հապա տեսեք.
«Ինձ գիտեն Թաթուլն ու Հովհաննեսը, /գիտեր Օշականն ու գիտեր Բեսը, /ինձ գիտեր Եպոն, գիտեր Ռշտունին, /Գիտեն Պետրոսն ու Արմեն Վշտունին, /գիտի Համիկը, գիտի Թամարը, /գիտի Շահենը, գիտի Օմարը, /գիտի Կկուն ու գիտի Մըգըլը, /գիտեն Կաքավը, Ծիտն ու Ծըգըլը...»:
Արդեն հոգնում է, քըցում է ֆազը, հոգնում է արդեն չարխափան սազը, սակայն մեկ առ մեկ, սիրով թվարկում է մեզ բոլորիս: Կյանքը դարձյալ շարունակվում է, հաշտ են հերոս ու վարձկան, Մուկ Վալոդը օպեր է դառել, Արջ Վալոդըՙ մուրացկան, նույնիսկ Հարթաթաթն է մարդ դառել ու ԱԺ-ի դեպուտատ, ունի հարուստ ախպար կնիկ ու սոտովի ու մանդատ:
Արմեն Շեկոյանը լավ գիտի մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր ժողովրդի վերջին տարիների պատմությունը: Ու էդ պատմության ճշմարիտ տարեգիրն է: Ավելորդ բառեր չի օգտագործում, կարճ ու հստակ գրում է մեր պատմությունը: Տեսեք.
«Էս կյանքում շատ բան տեսանք ու /լըսեցինք, /շատ ծուռ բաներ հենց մեր ձեռով /դըզեցինք. /խոսքիՙ հենց մեզ կողքից թեթեւ, /բըզեցին, /վրա տվինք, թուրքին մի լավ /գըզեցինք. /քյասար ասեմ, հա՛, թուրքերը /կըզեցին...»: Մերՙ հայոց պատմության վերջին 15-17 տարվա պատմաբաններն ավելի շա՞տ բան ասեցին, քան ասում է Արմեն Շեկոյանը:
Ես միշտ նախանձել եմ ճշմարիտ, ազնիվ ու գրագետ գրաքննադատներին, ովքեր մեծ ոգեւորությամբ գրքեր են գրախոսում, հատկապեսՙ բանաստեղծական ժողովածուներ: Ինձ համար միշտ էլ դժվար է եղել երաժշտությունը, նկարը, բանաստեղծությունը վերլուծելը: Ստացվում է, որ մարդու էությունը պիտի բացատրես: Եվ եթե հեշտ է ասել, թե մարդու մազը շեկ է կամ հանգիստ քայլում է ճանապարհով, ոչ մի անգամ ոչ մեկի մասին չար խոսք չի ասում, ապա դժվար է բացատրել այս մարդու ճգնավորությունը, ներհայեցողության գրեթե կատարյալ վիճակը... Ինչո՞ւ, ինչպե՞ս... Դե, ինչպե՞ս բացատրեմ, որ Արմեն Շեկոյանի բանաստեղծությունը կատարյալ զգացողություն է, այն աստիճան, որ նրա ազդեցությամբ հրաշալի երգ է ստեղծվում (Ֆորշի երգը), ինչպե՞ս ասեմ, որ իր այս գրքում բոլորս կանքՙ անուն առ անուն, մեկ առ մեկ կանք, ու մեր բոլոր զգացմունքները կանՙ մեկ առ մեկ:
Կարդացեք այս գիրքը եւ ինքներդ ձեզ տեսեք գեղեցիկ: Այդպես է ձեզ տեսնում Արմեն Շեկոյանը:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ