Իրանում անցկացված բադմինտոնի միջազգային մրցաշարի մասնակից 13 երկրների ներկայացուցիչների թվում էր նաեւ Հայաստանի հավաքականը: Ինչպես տեղեկացանք հավաքականի գլխավոր մարզիչ եւ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Պողոսյանից, 1993 թ. սկսած մեր ընտրանին նման մրցաշարի անփոփոխ մասնակիցն է: Ամենամեծ հաջողությանը մեր հավաքականը հասել է 2000-2002 թթ., երբ Աննա Նազարյան-Ռուզաննա Հակոբյան զույգը 3 տարի անընդմեջ ճանաչվել է լավագույնը:
Այս անգամ մեր բադմինտոնիստները համեստ արդյունքների հասան: Տղաներից լավագույնը Հայկ Միսակյանի ելույթն էր: Հայկը վերջին 3 տարիներին մարզվում է Բուլղարիայի Խասկովո քաղաքի ակումբումՙ շնորհիվ այդ երկրի ֆեդերացիայի նախագահ եւ միջազգային ֆեդերացիայի խորհրդի անդամ Բյուզանդ Կասաբյանի հովանավորչության: Վերջինս նաեւ Հայաստանի ֆեդերացիայի պատվավոր նախագահն է: Հայկն առաջին երկու հանդիպումներում պարտության մատնեց Ադրբեջանի եւ Իրաքի ներկայացուցիչներին, իսկ հաջորդ մրցախաղը տանուլ տվեց իրանցի մարզիկին: Մեր մյուս տղաներն ընդամենը 14 տարեկան էին եւ նման մրցաշարերի փորձ չունեին, ուստի առաջին իսկ խաղում պարտվեցին: Հրաչյա Մնացականյանն ու Սպարտակ Ռսյանը հանդես եկան մենախաղում, իսկ Լեւոն Թորոսյանը, որը վնասվածքով էր խաղում, Հայկ Միսակյանի հետ զուգախաղում զիջեց Ղազախստանի ներկայացուցիչներին: Մեր բադմինտոնիստները թենիսի օլիմպիական մարզադպրոցի սաներ են:
Գայանե Մկրտչյանն առաջին խաղում պարտության մատնեց Թուրքմենստանի ներկայացուցչին, իսկ հաջորդ հանդիպմանը պարտվեց իրանցի մարզուհուն: Լաուրա Սամվելյանի նորամուտն էլ անհաջող էր: Առաջին իսկ խաղում նա պարտվեց իրանցուն եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Մեր բադմինտոնիստներից Լեւոն Թորոսյանը հրավիրվելու է մասնակցելու ապրիլին Սոֆիայում միջազգային ֆեդերացիայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին: Նույն ամսին կկայանա Հայաստանի առաջնությունը, իսկ մայիսին Պեկինում անցկացվելու է աշխարհի թիմային առաջնությունը: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված են լինելու 2-ական տղա եւ աղջիկ: Հայաստանի հավաքականի մասնակցությունն աշխարհի ուժեղագույն բադմինտոնիստների մրցավեճին առայժմ հարցական էՙ ֆինանսական միջոցների սղության պատճառով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ