«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2005-02-05 | #21, 2005-02-08 | #22, 2005-02-09


ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԴԺՎԱՐ ՆՈՐԱՄՈՒՏԸ

Նրանց հաճախորդների թիվն ավելանում է

Ընտանեկան բժիշկների ինստիտուտը առողջապահական բարեփոխումների առաջին ծիծեռնակներից է Հայաստանում: Եվրոպական երկրներում վաղուց գործող այս համակարգի նպատակը բնակչության առողջության առաջնային պահպանման խնդիրների առավել խելամիտ լուծումն է, լայն տարածում ունեցող հիվանդությունների, ոչ բարդացած վիճակների ժամանակին կանխարգելումն ու դրանով իսկ բուժումն ավելի հեշտ ու արդյունավետ դարձնելը:

Չնայած արդեն 6-7 տարի խոսվում է այս մասին, այնուամենայնիվ, ինստիտուտի էությունը դեռեւս բնակչության լայն շերտերին լիովին ընկալելի չէ:

Հայաստանում առողջության առաջնային պահպանման ասպարեզում բարեփոխումներն իրականացնում է ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի կողմից ֆինանսավորվող Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագիրը (ՀՍԲԾ): Փորձարարական ծրագրի մեջ ընդգրկված են ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններ Երեւանում եւ մարզերում: Առայժմ նրանք սպասարկում են երկրի բնակչության ընդամենը 10 տոկոսին, սակայն սպասվում է, որ 2005 թվականին ՀՍԲԾ-ն կընդլայնի գործունեության շրջանակները:

Երեւանում ընտանեկան բժշկության ներդրման մոդելային հաստատություններ են ընտրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնի եւ թիվ 17 պոլիկլինիկաները: Էրեբունի համայնքը նորույթի ներդրման փորձարարական տարածք է ընտրվել առողջապահության նախարարի հրամանով: Ողջ Էրեբունի համայնքի պոլիկլինիկաներում առողջության առաջնային պահպանման բժիշկները (ընտանեկան բժիշկների հետ նաեւ մանկաբույժներ, թերապեւտներ) կարող են ընտրվել իբրեւ տվյալ ընտանիքը կամ նրա առանձին անդամների սպասարկող բժիշկներ:

Հենց այս հաստատություններում գործող ընտանեկան բժշկի բաժանմունքներն այցելեցինք, փորձելով պարզել նորույթի ճակատագիրը: Ե՛վ Էրեբունիում, ե՛ւ թիվ 17 պոլիկլինիկայում (վերջինս սպասարկում է նաեւ «Էրեբունի» համայնքի բնակչությանը) փորձարարական ծրագիրն սկսել է գործել 2003 թվականից:

Հիշեցնենք, որ ընտանեկան բժշկի մասնագիտական որակը, ի տարբերություն նեղ մասնագետի, թույլ է տալիս սպասարկել ավելի հաճախ հանդիպող առողջական խնդիրների ավելի բազմազան շրջանակ: Ընտանեկան բժշկի ընտրությունը բնակչի կամքն է: Լավագույն ընտրություն կատարելը, իհարկե, բարդ խնդիր է: Նրան օգնելու համար 2 պոլիկլինիկաներում էլ, հենց նախասրահներում, փակցված են բժիշկների լուսանկարները` մասնագիտական փորձի ու գործունեության, վերապատրաստումների, պետպատվերային սպասարկման, գնացուցակների, հիվանդների իրավունքների ու բժշկի պարտականությունների մասին մանրամասներով: Անկասկած, դա մարդկանց կասկածամտությունն ու անվստահությունը լուծելու ամենաուղիղ ճանապարհը չէ, քանի որ ծառայությունն անծանոթ է, իսկ մարդիկ ավանդական մտածելակերպին հավատարիմ, միշտ «փորձած թանը նախընտրում են անփորձ մածունից»:

Դեռ ժամանակ է պետք, որ հասցնեն սեփական փորձով համոզվել դրա արդյունավետության մեջ: Այնուամենայնիվ, նրանց չհուսախաբելու համար կարծես թե ամեն ինչ նախատեսում է ծրագիրը: Նախ, ընտանեկան բժշկի ընտրությունը վերջնական չէ: Հիվանդի եւ բժշկի կնքած պայմանագրի համաձայն, որոշ ժամանակ անց, ասենք, 3 կամ 6 ամիս, ցանկության դեպքում նա կարող է փոխել բժշկին: Ընդ որում, պարտադիր չէ, որ բժիշկը սպասարկի ողջ ընտանիքին: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է նախընտրել իր բժշկին:

Բժիշկն ինքը շահագրգռված է առավելագույն հնարավորություններով սպասարկելու հիվանդին, քանի որ նա ամեն հիվանդի համար աշխատավարձից զատ նաեւ հավելավճար է ստանում: Կարող է լինել այնպես, որ բնակչության լայն շրջանում բարձր համարում ունեցող բժշկին միանգամից ընտրի ողջ թաղամասը: Սակայն, ըստ կարգի, մեկ ընտանեկան բժիշկը կարող է սպասարկել 2000 մարդուց ոչ ավելի, այդպես է որոշվել որակը քանակին չզոհաբերելու հաշվարկով:

«Արդեն 32 հազար բնակիչներ ընտրել են իրենց ընտանեկան բժիշկներին, շուրջ 14 հզ.-ըՙ դեռ ոչ», պատմում է թիվ 17 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Գագիկ Սահակյանը: Պոլիկլինիկան 40 ընտանեկան բժիշկներ ունի, նրանցից 8-ը վերապատրաստվել են Նորվեգիայում, նրանք այսօր կրթում են նոր ընտանեկան բժիշկների:

Ընտանեկան բժշկի պոլիկլինիկական ծառայությունը ընդհանրապես անվճար է ողջ բնակչության համար, բնակիչը պարտավոր է վճարել միայն պետպատվերի ցանկում չընդգրկված հիվանդությունների, լաբորատոր գործիքային հետազոտությունների, ախտորոշումների համար: Պետպատվերի ցանկում անվճար բուժօգնություն ստացող մարդիկ (անապահովներ, հաշմանդամներ, զոհված ազատամարտիկների ընտանիքներ եւ այլն) ընտանեկան բժշկի ծառայությունից եւ կանչերից նույնպես անվճար են օգտվում:

Սակայն նույնիսկ լավագույն ընտանեկան մասնագետն ամենագետ չէ: Եթե հիվանդության բուժումն արդեն իր գործառույթների սահմաններից դուրս է, նա նշանակում է հիվանդանոցային կամ նեղ մասնագիտական բուժում:

Ինչպե՞ս է արձագանքում այս նոր ծառայությանը բնակչությունը: Գագիկ Սահակյանի գնահատմամբ, բնակիչների բավական մեծ տոկոս դեռ չի պատկերացնում, թե ինչ է ընտանեկան բժիշկը: Մասնավորապես, նույնիսկ եթե մանկաբույժն է վերապատրաստվել եւ ընտանեկան բժիշկ դարձել, բնակիչն ընդդիմանում է` չէ, ես ընտանեկան բժիշկ չեմ ուզում, իմ երեխային մանկաբույժ պիտի նայի:

Ընտանեկան բժշկի հայաստանյան մոդելն ուշագրավ է նաեւ նորամուծություններով: Եվրոպայում ընտանեկան բժիշկները տնային այցեր չեն կատարում, մեզ մոտ մանավանդ հաշմանդամների համար գործում է տնային կանչերի մեխանիզմը:

Ընտանեկան բժշկի ինստիտուտի նորամուտը Հայաստան դժվարությամբ կամ բոլորովին չեն ընդունում մանավանդ 5-րդ տասնամյակը ոտք դրած բժիշկները: Այդ տարիքում վերամասնագիտանալու դժվարությունները հասկանալի են, եւ ընտանեկան բժշկի ինստիտուտի մեջ սովորաբար ներառվում են համեմատաբար երիտասարդները: Նրանց կարծիքով, իրենց աշխատանքի հիմնական դժվարությունը բնակչության անտեղյակությունը, հետեւաբար նաեւ անվստահությունն է նոր ծառայության հանդեպ:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկան սպասարկում է 40 հզ. բնակիչների: 21 թերապեւտներից 10-ն ընտանեկան բժշկի վերապատրաստման դասընթացներ են անցնում Առողջապահության ազգային ինստիտուտում: Այս պահին ունեն միայն 3 ընտանեկան բժիշկներ: Ըստ գլխավոր բժիշկ Մարիետա Անդրեասյանի, «բնակչությունը սկզբում թերահավատորեն էր վերաբերվում այս ծառայությանը, բայց այս տարի, անցած տարվա համեմատ, հաճախումները մոտ 10 հազարով ավելացել են»: Գլխավոր բժիշկը դա բացատրում է բժիշկների ու բուժքույրերի գործողությունների ակտիվացմամբ, նրանք ավելի շատ են տնային այցեր կատարում:

Այսօր այս պոլիկլինիկայում 1000 հաճախորդից պակաս հավաքագրած բժիշկներ չկան: Սպասարկման անձնակազմում հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներ են, հանրակացարանների բնակիչներ, փախստականներ, գործազուրկներ:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4