«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2005-02-05 | #21, 2005-02-08 | #22, 2005-02-09


ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Բոստոնահայ ազգային գործիչներ Քարոլան եւ Ջորջ Նաջարյաններ ամուսինների` Ձորաղբյուրի սեփականության հափշտակման հետ կապված դատական գործը ասես թե դուրս է եկել դատաիրավականի սահմաններից ու վերածվել է բարոյականության, բարեգործության ու արդարության համար դաժան ու անզիջում պայքարի: Կշեռքի մի նժարին Նաջարյանների` հայրենիքում իրենց սեփական անկյունն ունենալու իրավունքն է, որ արտոնել է օրենքն ու պետությունը, մյուս նժարին, ինչպես ներկայացված է հայցադիմումի մեջ, խարդախ ճանապարհով ուրիշի ունեցվածքը հափշտակողների ու նրանց պաշտպանների ճիգերը: Ասես թե երկրի դատաիրավական համակարգը մի նոր քննություն է հանձնում հասարակության, սփյուռքի, միջազգային իրավական ատյանների, Հայաստանում ներդրումների պատրաստ հարյուրավոր գործարարների առաջ: Ու Նաջարյան ամուսինների միակ մեղքը իրենց հայրենակիցների նկատմամբ հավատքն է ու վստահությունը:

Մի քանի տարի առաջ նման հափշտակության զոհ դարձավ անվանի հայագետ, բեռլինաբնակ դոկտոր Ժիրայր Քոչարյանը, որը եւս ցանկանում էր իր հավաքած գումարով հայրենիքում սեփական բնակարան ունենալ: Սակայն համատարած կոռուպցիան խլեց, յուրացրեց նրա ունեցվածքն, ու հաղթեց անարդարությունը:

Սակայն այս անգամ կոռուպցիան, չնայած մեծ ջանքերին, ճեղքվածք է տալիս: Հայտնի է, որ առաջին ատյանի դատարանը, լսելով գործը, որոշեց նոր քննության ուղարկել, որին դատախազության քննիչները պատասխանեցին վերաքննիչ դատարանին բողոքարկումով: Թե ինչ կլինի այս գործի ճակատագիրը, դա մեր երկրի դատաիրավական համակարգի պատվի գործն է: Իսկ Նաջարյան ամուսինները բարոյական հաղթանակ են տանում ոչ միայն իրենց ունեցվածքը հափշտակել ցանկացող մարդկանց, այլեւ բոլոր օրինախախտների նկատմամբ: Ու նրանց միակ զենքը բարեգործությունն է:

Օրերս լուր ստացվեց Բոստոնից, որ Քարոլան եւ Ջորջ Նաջարյանները կես միլիոն դոլարի նվիրատվություն են արել Բոստոնում Սբ. Ստեփանոս ամենօրյա հայկական դպրոցի ժամանակակից նոր շենքի կառուցման համար: Հին շինությունն ամենեւին չի բավարարում 200 հայ մանուկների կրթության պահանջներին: Նաջարյանների այս բարեգործությունը լուրջ ներդրում է հայապահպանման կարեւոր գործում: Նրանք ոչ միայն չեն ընկճվում անարդարության առջեւ, ոչ միայն չեն ընկրկում, հիասթափվում, այլեւ չարամիտներին պատասխանում են նոր բարեգործությամբ, որը կարող է որպես սխրանք, հերոսություն գնահատվել:

Իսկ նրանց նման քայլին նախորդել էին 1988-ից սկսած հայրենանվեր այս ընտանիքի բարեգործական հարյուրավոր ձեռնարկումներ, որոնց թվում են` աղետի գոտում գործունեությունը, Քարոլանի օժանդակությամբ եւ անմիջական մասնակցությամբ 1994-ին Գյումրու առաջին օգնության կենտրոնի հիմնադրումը, որը առաջին օգնության բժիշկներ է պատրաստում` Գյումրու քաղաքացիներին անհրաժեշտ անվճար օգնություն եւ դեղամիջոցներ տրամադրելու համար: Կենտրոնն այսօր սպասարկում է ութ հազար հիվանդների: Այնուհետեւ Նաջարյանները Ստեփանակերտում հիմնեցին Մայրության «Արփեն» կենտրոնը, որի ծառայությունից օգտվել են Արցախի հազարավոր հղի կանայք: Բարեգործության հաջորդ նշանակետը ազատագրված չորրորդ դարի կիսավեր Ծիծեռնավանքն էր, որը Նաջարյանների օժանդակությամբ վերակենդանացավ ու իր ղողանջները միացնելով Սբ. Էջմիածնի ու Գանձասարի վանքերի հնչեղ ձայներին, 150-ամյա ընդմիջումից հետո մարդկանց շուրթերով իր աղոթքը վերստին ուղղեց Բարձրյալին: Հերոսական մաճկալաշենցիների երեխաներին Նաջարյանների նվիրատվությունը ամփոփվեց մանկապարտեզի վերակառուցումով ու կահավորմամբ: Թվարկել Նաջարյանների բոլոր բարեգործական ձեռնարկները այս մի հոդվածում չենք կարող: Հարց է առաջանում. մի՞թե բոստոնահայ Նաջարյան ամուսինների այս գործունեությունը բավարար չէ, որ ընչաքաղց մարդկանց արգելվի ձեռք մեկնելու Ձորաղբյուրի նրանց սեփականության վրա, եւ իրավապահները հենց օրենքի օգնությամբ պաշտպանեն մարդու իրավունքներն ու սեփականության անձեռնմխելիությունը:

Եվ ահա Նաջարյան ամուսինների ու նրանց բազմաթիվ համախոհների վճռականությունը, պայքարելու եւ հաղթելու անկոտրում կամքը այսօր թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում հույս է ներշնչում, որ մեր երկրում հասարակությունը կարող է վերադառնալ դեպի բարոյահոգեւորի իր ազգային արմատները:

ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4