Հայաստանում տնտեսության բոլոր բնագավառներում կանանց եւ տղամարդկանց գործունեության հավասար իրավունքներն ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ: Սակայն այսօր կանանց գործունեությունը հիմնականում սահմանափակվում է սպասարկման ոլորտում եւ բացառիկ դեպքերում իշխանական կառույցներում (7 ԱԺ պատգամավոր, 2 փոխնախարար, մի քանի խոշոր գործարար եւ այլն):
Չգիտես ինչու մեզանում երբ լսում են գենդեր բառը, անմիջապես հասկանում են կանանց հիմնահարցերին վերաբերող խնդիրներ, մինչդեռ գենդերը երկու սեռերի հավասար իրավունքների արտահայտումն է, ուր բարձրացվում են համահավասար պրոբլեմներ թե՛ հասարակության եւ թե՛ իշխանության շրջանակներում:
Գենդերային հավասարության հիմնախնդրին էր նվիրված երեկ Թեքեյան կենտրոնում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանային գրասենյակի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) կազմակերպած կլոր սեղանի թեման: Լրագրողներին ներկայացվեցին մի շարք թեմաներ, մասնավորապես գենդերային հավասարության առաջխաղացման գործընթացում ԱՄԿ քաղաքականությունը եւ մոտեցումները: Հետաքրքրական վերլուծություններ ու առաջարկներ արեցին ԱՍՀՆ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, ԱՄԿ-ի ենթատարածաշրջանային գրասենյակի հանրային կապերի մասնագետ Օլգա Բոգդանովան, ծրագրի համակարգող Իրինա Մելեխը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ՌԴ ժուռնալիստների միության քարտուղարի տեղակալ Նադեժդա Աժգիխինան եւ այլք: Հանդիպման վերջում մասնակիցներին ներկայացվեց «Հայաստանյան ԶԼՄ-ներով գենդերային հավասարության հիմնախնդիրների լուսաբանման ծրագրի» նախագիծը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ