«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#20, 2005-02-05 | #21, 2005-02-08 | #22, 2005-02-09


ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Չնայած արտահանման կառուցվածքում արձանագրված դրական փոփոխություններին

Արտաքին առեւտրի ցուցանիշները տվյալ երկրի տնտեսական վիճակի բնութագրիչներից են: Բնական է, որ յուրաքանչյուր երկիր ձգտում է զարգացնել արտահանումը, քանի որ դա ապահովում է կապիտալի ներհոսք, հնարավորություն տալիս նոր ներդրումներ կատարելու ու զարգացնելու արտադրությունը, ստեղծելու նոր աշխատատեղեր եւ այլն: Հայաստանի կառավարությունը նույնպես հայտարարել է արտահանմանն աջակցելու քաղաքականության մասին: Սակայն 2004 թ. ցուցանիշները վկայում են, որ անցյալ տարի Հայաստանից արտահանման ծավալների ավելացումը զգալի չի եղել, իսկ ներմուծումն, ընդհակառակը, լուրջ աճ է ունեցել:

Ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը շուրջ 100 մլն դոլարով ընդհանուր առմամբ դրական երեւույթ է, եթե նկատի ունենանք տրանսպորտային առումով այն դժվարին վիճակը, որի մեջ գտնվում է Հայաստանը: Այսինքն, անգամ այդ պայմաններում արտաքին աշխարհի հետ մեր առեւտրային հարաբերությունները զարգանում են: Սակայն մտահոգություններ են առաջացնում արտահանման եւ ներմուծման ցուցանիշները: Համաձայն ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2004 թ. Հայաստանից արտահանվել են 715 մլն դոլարի ապրանքներ: Նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է շուրջ 30 մլն դոլարով կամ 4,3 տոկոսով: Մինչդեռ վերջին երկու-երեք տարիներին արտահանումն աճում էր ավելի արագ տեմպերով:

Հայաստան ներմուծվել է 1 մլրդ 351 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ ավելի է 71 մլն դոլարով կամ 5,6 տոկոսով: Ընդհանրապես ներմուծման ծավալները Հայաստանի անկախության տարիներին մշտապես զգալիորեն գերազանցել են արտահանմանը: Ներմուծման-արտահանման այդ տարբերությունը 90-ական թվականներից հետո վերջին տարիներին որոշակիորեն փոփոխվեց հօգուտ արտահանման, բայց 600 մլն դոլարի բացասական տարբերությունը, անգամ արտահանման ծավալների աճի պայմաններում, չհաղթահարվեց: Եթե 2003 թ. այդ տարբերությունը փոքր-ինչ իջավ այդ սահմանագծից եւ կազմեց 594 մլն դոլար, ապա անցյալ տարի դարձյալ մեծացավՙ կազմելով 636 մլն դոլար: Այսինքն, ավելացավ եւս 42 մլն դոլարով:

Այդուհանդերձ, վիճծառայությունը սփոփանքի համար մեկ հանգամանք մատնանշում է: Անդրադառնալով արտաքին առեւտրի կառուցվածքին, նշվում է, որ առանց ադամանդե քարերի արտահանման ծավալներն աճել են 24,1 տոկոսով, ներմուծմանըՙ 13,1 տոկոսով: Մասնավորապես 2003 թ. արտահանվել են շուրջ 350 մլն դոլարի «թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր եւ մետաղներ, դրանցից պատրաստված իրեր», իսկ անցյալ տարիՙ 300 մլն դոլարից էլ պակաս: Այս թվերից երեւում է, որ 2003 թ. արտահանման մեջ ադամանդագործության բաժինը կազմել է ավելի քան կեսը, իսկ 2004 թ.ՙ մոտ 40 տոկոսը: Անկասկած, սա դրական ցուցանիշ է: Կախվածությունը մեկ ճյուղից նվազել է: Ադամանդագործական արտադրանքի արտահանման նվազման փոխարեն, ինչը հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայում ստեղծված վիճակով, ավելացել են մի շարք այլ ապրանքների (հանքարդյունաբերական, ոչ թանկարժեք քարերից եւ մետաղներից պատրաստված իրեր, մանածագործական իրեր, կենդանիներ, կենդանական ծագման արտադրանք, բուսական ծագման արտադրանք, պլաստմասսա, կաուչուկ, ռետինե իրեր եւ այլն) արտահանման ծավալները:

Ամփոփելով վերոնշյալը, կարող ենք փաստել, որ արտահանման ծավալներն անցյալ տարի գումարային առումով մեծ աճ չունեցան, ինչը բացատրվում էր արտահանման կառուցվածքում մեկ ճյուղի գերակայությամբ: Երբ ադամանդի միջազգային շուկայում խնդիրներ առաջացան, դրանք լրջորեն ազդեցին մեր արտահանման ընդհանուր ծավալների վրա: Հետեւաբար, ինչպես բազմիցս է նշվել, հարկ է զարգացնել նաեւ մյուս ճյուղերի արտահանման հնարավորությունները: Անցյալ տարի դրա արդյունքները երեւացին: Փաստորեն, առանց արտահանման մեջ առաջատար դիրքեր զբաղեցնող ոլորտի, մյուս ճյուղերի շնորհիվ արտահանումն աճեց գրեթե մեկ քառորդով: Այդուհանդերձ, արտաքին առեւտրի բացասական տարբերությունը, շնորհիվ ադամանդագործության արտահանման նվազման եւ ներմուծման ծավալների աճի, պահպանվեց եւ ավելացավ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4