ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուդապեշտում ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատաքննությունը կշարունակվի մայիսի 10-ին: Այդ ժամանակ նախատեսվում է հարցաքննել փետրվարի 8-ի դատական նիստին չներկայացած գործով վկաներՙ ադրբեջանցի երկրորդ սպային եւ լիտվացի սպային. վերջինս գործով տուժող, ՀՀ ԶՈՒ սպա Հայկ Մակուչյանի հետ զբաղեցնում էր նույն սենյակը:
Ինչպես Բուդապեշտից հեռախոսով տեղեկացրեց տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը, փետրվարի 8-ին հարցաքննվել են փորձագետներըՙ հոգեբույժը եւ հոգեբանը, որոնք վկայել են, որ սպանությունն իրականացրած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովը հոգեպես առողջ է:
Տիկին Վարդանյանը հայտնեց նաեւ, որ փետրվարի 12-ին հայկական կողմը կվերադառնա Երեւան եւ դատական նիստի մանրամասները կհաղորդի մամուլի ասուլիսում: