«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2005-02-08 | #22, 2005-02-09 | #23, 2005-02-10


ՔԱՐՎԱՃԱՌԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՆՁՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

32-ամյա Դավիթ Բաբայանը ստեփանակերտցի քաղաքական վերլուծաբան է, ավարտել է Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ավելի վաղՙ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Մասնակցել է ղարաբաղյան եւ ընդհանրապես կովկասյան հարցերով մի շարք կոնֆերանսների Մոսկվայում, Սոֆիայում, Ավստրիայում, Վարշավայում, Հունգարիայում: Հեղինակ է շուրջ 50 գիտական հրապարակումների:

-Դավիթ, դու ԵԱՀԿ փաստահավաք առաքելության հետ շրջում էիր ԼՂՀ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Քարվաճառում ասացիր, որ չի կարելի այդ շրջանը Ադրբեջանին վերադարձնելՙ տնտեսական, ռազմական եւ ջրային պաշարների տեսանկյուններից ելնելով:

- Քարվաճառի շրջանը կարելի է համարել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգությունն ապահովող ամենակարեւոր տարածքներից մեկը: Բարձր լեռնային ռելիեֆը Քարվաճառը դարձնում է պաշտպանության համար շատ նպաստավոր տարածք: Սակայն Քարվաճառի կարեւորությունը չի սահմանափակվում միայն դրանով: Այստեղ են սկիզբ առնում Ղարաբաղի ամենախոշոր եւ Հայաստանի կարեւոր գետերըՙ Թարթառը, Խաչենը, Արփան եւ Որոտանը: Նախկին ԼՂԻՄ հիմնական գետերի միջին տարեկան հոսքը կազմում է 942 մլն. խմ, որից 83,4 տոկոսը սկիզբ է առնում հենց Քարվաճառի շրջանում: Արփան եւ Որոտանը Սեւանա լճի փրկության միակ երաշխիքն են: Եթե այս տարածքն անցնի Ադրբեջանին, ապա կստանա Արցախի եւ Հայաստանի վրա ճնշում գործադրելու շատ ուժեղ լծակ: Նա կարող է նույնիսկ աղտոտել մեր ջրերը: Այդպիսի քաղաքականություն Բաքուն արդեն իրականացրել է նախկին ԼՂԻՄ-ի նկատմամբ: Այդ քաղաքականության հետեւանքով Ղարաբաղի բնակչության շրջանում 70-80-ական թվականներին չարորակ նորագոյացություններով հիվանդությունները կտրուկ աճել են: Լեռնային Ղարաբաղն այդ հիվանդությունների քանակով Անդրկովկասում գրավում էր առաջին տեղը: Բացի այդ, Բաքուն ամենուր հայտարարում է, որ իբր Քարվաճառում հայերը միջուկային թափոններ են թաղում: Հետեւաբար, վաղը նա կարող է թունավորել մեր ջրային պաշարները եւ ամբողջ պատասխանատվությունը դնել մեզ վրաՙ բացատրելով գետերի թունավորումը մեր իսկ իբր թաղած թափոններով:

- Դավիթ, այս փաստահավաք խումբը կատարում էր տեխնիկական աշխատանք: Քո կարծիքով, զեկույցը պատրաստելուց հետո ի՞նչ զարգացումներ են հնարավոր ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ:

- Կարող են տեղի ունենալ տարբեր տիպի զարգացումներ, որովհետեւ զեկույցը ամենայն հավանականությամբ միանշանակ չեն ընդունելու ոչ հակամարտ կողմերը, ոչ էլ տարբեր միջազգային ատյանները: Հնարավոր զարգացումները ես կբաժանեի արտաքին եւ ներքին խմբերի: Չի բացառվում, որ կգտնվեն արտաքին ուժեր, որոնք փաստահավաք խմբի զեկույցի այս կամ այն դրույթը կփորձեն օգտագործել մեր դեմ: Նման ուժեր կարող են լինել Ադրբեջանը կամ էլ նրան սատարող ուժերը: Այս ուժերի հիմնական ռազմավարությունը կլինի որոշ հարցեր հումանիտարից քաղաքական հարթություն տեղափոխելը: Օրինակ, համոզվելով, որ ԼՂՀ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում պետական մակարդակով բնակեցում չի իրականացվում եւ այնտեղ տարերայնորեն բնակություն է հաստատել մի քանի հազար մարդ, ովքեր իրենց տները կորցրել են Գետաշենում, Շահումյանում, Մարտակերտում, Բաքվում եւ այլուր, այդ ուժերը կարող են շահարկել այն հանգամանքը, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ բնակվում են վրաններում, եւ պահանջել այդ մարդկանց վերադարձը: Նման պահանջները, բնականաբար, չեն նպաստելու հակամարտության կարգավորմանը: Սակայն պետք չէ մտածել, որ այդպիսի մոտեցումը գերակշռող կլինի միջազգային ատյաններում: Փաստահավաք խմբի աշխատանքը եւ ԼՂՀ իշխանությունների ստեղծած բոլոր պայմանները դրականորեն կազդեն աշխարհում ԼՂՀ-ի վարկի վրաՙ եւս մեկ անգամ ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ժողովրդավարական եւ ազատ պետություն է: Սա շատ կարեւոր հանգամանք է, եւ անկասկած կաշխատի մեր օգտին: Ինչ վերաբերում է ներքին զարգացումներին, ապա, ինչպես ԼՂՀ-ում, այնպես էլ Ադրբեջանում, հասարակութունը կարող է որոշ պահանջներ ներկայացնել իշխանություններին: Մեր հասարակությունը կարող է պահանջել ազատագրված տարածքների վերաբնակեցման պետական ծրագրի մշակում եւ իրականացում: Իսկ ադրբեջանական հասարակությունը կարող է պահանջել, որ Բաքուն էլ ավելի ուժեղացնի փախստականների վերադարձի խնդրի շահարկումը միջազգային ատյաններում:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ միջազգային հանրությունն ուղղակի ստիպի Հայաստանին եւ Ղարաբաղին, որպեսզի հետ տրվի այդ տարածքների առնվազն մի մասն այն բացատրությամբ, որ այդ տարածքներում հայ բնակիչներ չկան, բնակեցում չի կատարվում, մինչդեռ հազարավոր ադրբեջանցիներ տառապում են ծանր պայմաններում:

- Չեմ կարծում, որ միջազգային հանրությունը ուղղակի ստիպի Լեռնային Ղարաբաղին վերադարձնել որեւէ տարածք: Տարածքների հարցը քաղաքական է եւ կազմում է մեկ միասնություն կարգավիճակի հետ: Առանց կարգավիճակի որեւէ տարածքային հարց չի կարող լուծվել:

- Վերջերս ադրբեջանական մամուլում հաճախ է շրջանառվում այն թեզը, որ Իրանի վրա հարձակվելու դեպքում ԱՄՆ-ը կարող է օգտվել ԼՂՀ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Որքանո՞վ է հավանական նման տարբերակը:

- Ես կարծում եմ, որ դրանք քաղաքական շահարկումներ են, որոնց հիմնական նպատակն է սրել հայ-ամերիկյան եւ հայ-իրանական հարաբերությունները: Եթե նույնիսկ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ռազմական գործողություններ սկսվեն, ապա ԱՄՆ-ը հիմնական շեշտը կդնի օդուժի վրա: Այս պարագայում հասկանալի չէ ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքների ռազմավարական նշանակությունը, առավել եւս հաշվի առնելով, որ այնտեղ չկա օդանավակայան: Ավելի նպատակահարմար է հենց Ադրբեջանի տարածքը: Ինչ վերաբերում է ցամաքային գործողություններին, ապա այստեղ նույնպես ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներից ռազմական գործողությունների վարումը նպաստավոր չէ: Արաքսի լայնությունը ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներում տատանվում է 65-110 մետր, խորությունըՙ 1,1-1,8 մետր, իսկ հոսքըՙ 1-2,5 մետր վայրկյանում: Ափերի բարձրությունը կազմում է 1-5 մետր, իսկ որոշ տեղերումՙ մինչեւ 10 մետր: Դրանից բացի, Արաքսին հարող Իրանի տարածքը լեռնոտ է, այնտեղ կան բազմաթիվ կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ: Այս տեսակետից ԱՄՆ-ի համար նպատակահարմար է հենց Ադրբեջանի տարածքը:

Զրուցեց ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4