«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#21, 2005-02-08 | #22, 2005-02-09 | #23, 2005-02-10


ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍՎԵՆ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2 ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Վաղվանից խորհրդարանում կսկսվեն սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումները: Այդ նախագծերի քննարկումները գլխադասային հանձնաժողովում կմեկնարկեն փետրվարի 11-ից (եւ ոչ փետրվարի 2-ից, ինչպես նախօրոք ասվել էր): Այդ պատճառով էլ հետաձգվեց դրանց ընդգրկումը եռօրյա նիստերի օրակարգ: Հիշեցնենք, որ անցած տարեվերջին ստացվել է սահմանադրական բարեփոխումների 3 նախագծերի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի միացյալ եզրակացությունը:

ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի տեղեկացմամբ, «անկախ այն բանից, թե ինչպիսի առաջարկներ կամ դիտողություններ կլինեն հանձնաժողովում այս կամ այն նախագծի վերաբերյալ, առաջարկվելու է Ազգային ժողովի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկել եւ քննարկել բոլոր 3 նախագծերը»:

Արդեն ստացվել եւ թարգմանված է նաեւ Վենետիկի հանձնաժողովի միացյալ եզրակացությունը ընտրական օրենսգրքում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ: Շուտով կմեկնարկեն դրա քննարկումները, այս ամսվա ընթացքում կանցկացվեն նաեւ սեմինար եւ հանդիպում Վենետիկից ժամանած եւ ԵԱՀԿ համապատասխան կառույցի փորձագիտական հանձնաժողովների հետ: Դրանից հետո միայն նախագիծը կներկայացվի եռօրյա նիստերի օրակարգ` երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4