XX դարասկզբի անվանի մտավորական, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, թարգմանիչ Արշակ Չոպանյանի մահվան 50-րդ տարելիցը լրանում է այս տարի:
Այս առիթով Բեյրութում Թեքեյան մշակութային միության վարչական խորհրդի աջակցությամբ լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր Կարլեն Դալլաքյանի «Ծաղկեփունջ իր շիրիմին» գրքույկը, որն ամփոփում է հեղինակիՙ 1995-96 թթ. «Ազգ» օրաթերթի էջերում հրապարակած հոդվածները, որոնք մի ընդհանուր, ամբողջական պատկերացում են տալիս Չոպանյան գրողի, հրապարակախոսի, մտավորականի հասարակական գործչի մասինՙ ներառելով կենսագրական տվյալներ, գրական եւ գրականագիտական ժառանգություն, նաեւ քաղաքական գործունեության ոլորտ: Արշակ Չոպանյանը ներկայացվում է իբրեւ հայոց մշակույթի դեսպան Եվրոպայում:
«Ազգ» օրաթերթը ստացավ նաեւ Աելիտա Դոլուխանյանի բանասիրական մեկ աշխատությունՙ նվիրված Ա. Չոպանյանին եւ հայ հին գրականության առնչություններին: «Արշակ Չօպանեանը եւ հայ հին գրականութիւնը» («Զանգակ-97» հրատ., 134 էջ, 2004 թ.) մենագրությունը ներկայացնում է հայ միջնադարի գրականությունը մեր բացառիկ մտավորականներից մեկի լայնախոհ ու ինքնատիպ հայացքի ներքո: Չոպանյան գրականագետի ֆրանսերեն թարգմանության եւ խորազնին մեկնաբանության շնորհիվ միջնադարյան հայ քնարերգությունը ճանաչելի է դառնում նաեւ օտար ընթերցողին: Գիրքը բովանդակող 4 գլուխները ներկայացնում են հայ հին եւ միջնադարյան գրականության խնդիրները Չոպանյանի նամակներում, հայ միջնադարյան գրականության չոպանյանական հետազոտությունները, Նարեկացին Չոպանյանի գնահատմամբ:
Հրատարակված երկու գրքերն էլ արժեքավոր ենՙ նկատի ունենալով հատկապես մեր գրականագիտության մեջ Արշակ Չոպանյանի ժառանգության սակավ ուսումնասիրության եւ արեւելահայ գրասեր հանրությանՙ Չոպանյանի գրականության եւ գործունեության մասին գրեթե անտեղյակության հանգամանքները:
Մ. Բ.