Իսկ Հայաստանում Էլենը ստիպված է մի շարք խոչընդոտներ հաղթահարել
Թամարա-Էլեն Հովհաննիսյանի մարզական հաջողությունների մասին ցավոք այսօր Հայաստանում քչերը գիտեն: Մեր ակնարկի հերոսուհին գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար անսովոր մարզաձեւով է զբաղվում: 25-ամյա Էլենը Հայաստանում միակ կին բռնցքամարտիկն է: Ինչպես ընդունված է հայ ընտանիքներում, Էլենի ծնողներն էլ ցանկանում էին, որ իրենց դուստրը երաժշտական դպրոցում սովորի: Սակայն աղջիկն այլ նախասիրություն ուներ: Նա հրապուրվել էր սպորտով եւ երազում էր բռնցքամարտիկ դառնալՙ իր առջեւ նպատակ դնելով մի օր ռինգ դուրս գալ եւ Հայաստանին հաղթանակներ պարգեւել: Սակայն իր նպատակի իրագործման ճանապարհին Էլենը ստիպված էր մեծ դժվարություններ հաղթահարելՙ հիմնականում պարապելով ինքնուրույն: Հայաստանում բռնցքամարտի կանանց խմբեր չեն գործում, իսկ տղաների հետ պարապել մարզիչները չէին համաձայնում: Եվ ահա երկար դեգերումներից հետո քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն Արամ Միսկարյանը համաձայնվեց պարապել Էլենի հետ, սակայն գաղտնի: Էլենին շատ օգնեց նաեւ ամուսինը, որը նախկինում զբաղվել էր ըմբշամարտով ու սանդա ուշուով: Միասին պարապելով, Էլենը տիրապետեց քիքբոքսինգի, թայբոքսինգի, թհեքվանդոյի, ուշուի հնարքներին, նաեւ զբաղվում էին մոտոսպորտով:
Սակայն Էլենի երազանքը բռնցքամարտիկ դառնալն էր: Տարիներ շարունակ իր համառության շնորհիվ Էլենին հաջողվել է տարբեր ակումբներում գաղտնի մարզվել: Մարզիչները նրան համոզում էին կանանց հատուկ մարզաձեւով զբաղվել, նշելով, որ իզուր է չարչարվում, միեւնույն է ոչնչի չի հասնի: Բայց Էլենը հաստատակամ հավատում էր, որ մի գեղեցիկ օր ինքը ռինգ է դուրս գալու եւ ապացուցելու է բոլորին, որ հայ կինը կարող է մենամարտել ու հաղթել: 2002 թ. քիքբոքսինգի Հայաստանի առաջնությունում վերջապես ընդունեցին Էլենի հայտը եւ նրան ընդգրկեցին մասնակիցների ցանկում: Սակայն նա մրցասպարեզ դուրս չեկավ, քանի որ մրցակցուհի չուներ: Առանց մենամարտի Էլենը չեմպիոն հռչակվեց, ինչն, իհարկե, չէր կարող բավարարել մարզուհուն: Եվ ահա երկու ամիս անց Ուկրաինայից Էլենին հրավիրեցին մենամարտելու երկրի վերջին 10 տարիների անփոփոխ չեմպիոնուհու հետ: Էլենը մեծ ուրախությամբ ընդունեց հրավերը: Մարզուհուն օգնության ձեռք մեկնեց Գագիկ Ծառուկյանըՙ հոգալով ճանապարհածախսը եւ բարեմաղթանքներով ճանապարհեց Կիեւ: Հունվարի 3-ին Էլենն իր կյանքում առաջին անգամ ռինգ մտավ եւ պրոֆեսիոնալ քիքբոքսինգի առաջին մենամարտն անցկացրեց: Ուկրաինացի հանդիսականների համար իսկական անակնկալ էր հայ մարզուհու մրցելույթը, որը վստահ հաղթանակ տոնեց:
Երկու ամիս անց նրան կրկին հրավիրեցին Կիեւ: Այս անգամ 51 կգ քաշային հայ մարզուհին պետք է մրցեր 65 կգ քաշային ուկրաինացու հետ: Շատերը խորհուրդ էին տալիս հրաժարվել մենամարտիցՙ վախենալով ծանր հետեւանքներից: Սակայն Էլենը չընկրկեց: Այս անգամ էլ «Դվին» կոնցեռնի հովանավորությամբ մեկնեց մրցավայր: Էլենը կրկին ռինգում իր տարերքի մեջ էր, հարվածներ էր հասցնում մրցակցին, երկու անգամ նրան նոկդաունի ենթարկեց: Բայց չգիտես ինչու, մրցավարները մեկ միավորի առավելությամբ հաղթանակը շնորհեցին ուկրաինացի մարզուհուն: Սակայն բարոյական հաղթանակն, անշուշտ, Էլենի օգտին էր: Մենամարտից հետո մրցակցուհին էլ այդ համոզմանն էր:
Այս մենամարտերն Էլենին մեծ ճանաչման արժանացրին: Նա տարբեր երկրներից հրավերներ էր ստանում, սակայն հնարավորություն չուներ մեկնելու մրցումների: Հայաստանում նրա հանդեպ նույն անտարբերությունն էր: 2003 թ. մայիսին Էլենին Հունգարիայից անհատական հրավեր ուղարկեցինՙ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ հանդես էին գալու 60 երկրների ներկայացուցիչներ: Շատ էր ցանկանում մասնակցել եւ Հայաստան բերել ոսկե գավաթը: Ուստի որոշեց մոտոցիկլետը վաճառել: Ֆինանսական որոշ աջակցություն էլ ստացավ Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի ռեկտորից (Էլենը սովորում էր իրավաբանական ֆակուլտետում): «Վերնիսաժից» գնեց Հայաստանի դրոշը եւ ուղեւորվեց Հունգարիա: Կազմակերպիչները դահլիճում Հայաստանի դրոշը չէին կախել եւ այդ բացը լրացրեց Էլենըՙ իր բերած դրոշը հանձնելով նրանց: Բոլորը զարմացած էին, որ հայ մարզուհին մրցումների է ներկայացել միայնակ, առանց մարզչի ու մերսողի: Բայց Էլենը վստահ էր իր ուժերին, լի հաղթանակի վճռականությամբ: Առաջին մրցակիցը հունգարուհի էր, որը չդիմացավ Էլենի հուժկու հարվածներին: Քթից անընդհատ արյուն էր հոսում եւ հաճախակի էր դադարեցվում մենամարտը: Երկրորդում էլ հաղթելով հունգարացուն, Էլենը պարգեւատրվեց ոսկե գավաթով: Այնուհետեւ Արաբկիրի թաղապետ Լեւոն Հարությունյանի ֆինանսական աջակցության շնորհիվ մասնակցեց Սոչիի մրցաշարին եւ կրկին հաղթանակած վերադարձավ հայրենիք:
Անցյալ տարվա դեկտեմբերին Էլենը հրավեր ստացավ Յակուտսկիցՙ Սահա հանրապետության «Արծիվներ» ակումբի նախագահ Ալեքսեյ Ուվարովից: Վերջին 3 տարիներին նա բազմիցս առաջարկել էր հայ մարզուհուն մարզվել իրենց ակումբում, մասնակցել զանազան մրցումների: Սակայն Էլենը չէր համաձայնվել լքել հայրենիքը: Ընդհանրապես նման առաջարկներ Էլենը տարբեր երկրներից շատ էր ստացել, սակայն միշտ մերժել էր: «Ասիայի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռինգի հերոս» տիտղոսի համար Էլենը պետք է մենամարտեր աշխարհի բազմակի չեմպիոնուհի Լիդիա Անդրեեւնայի հետ, որն աշխարհի գավաթակիր էր, շատ ուժեղ ու փորձառու մարզուհի: Կազմակերպիչները տեղում բոլոր ծախսերը վերցնում էին իրենց վրա: Այդ ժամանակ Էլենը հրավեր ուներ նաեւ ԱՄՆ-ից, սակայն որոշեց մեկնել Յակուտսկ: Ինքնաթիռի տոմսի հարցով նրան օգնեց ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Էլենի մասին Յակուտսկում շատ էին գրել, գովազդել: Գուցե դա էր պատճառը, որ մրցակիցը հրաժարվեց մենամարտից: Կազմակերպիչներն անելանելի վիճակում էին հայտնվել: Հայ մարզուհին երկար ճանապարհ էր կտրել-անցել: Մեծ դժվարությամբ համաձայնվեցին ռինգ դուրս բերել Ուվարովի լավագույն սաներից մեկինՙ Կատյա Ակիմովային, որը պրոֆեսիոնալ ռինգում 13 հաղթանակ էր տոնել: Վախենում էին, որ նա կպարտվի, թեեւ քիքբոքսինգում աշխարհի գավաթակիր էր, բռնցքամարտի Ռուսաստանի չեմպիոնուհի: Յակուտսկում սառնամանիք էր (-70 աստիճան) եւ Էլենը 39 աստիճան ջերմությամբ ռինգ դուրս եկավ: Նրան համոզում էին, որ հրաժարվեր մենամարտից, սակայն հետեւեց պատասխանը. «Հիվանդ է մարմինս, բայց հոգիս առողջ է, պիտի մենամարտեմ ու հաղթեմ»: Դեկտեմբերի 26-ին մարզադահլիճը լեփ-լեցուն էր հանդիսականներով, որոնց թվում էին Յակուտսկում գտնվող մոտ 200 հայեր, որոնք իրենց բացականչություններով ոգեւորում էին Էլենին: Էլենն անընդհատ հարվածում էր մրցակցին: 2-րդ ռաունդում մրցակիցը նույնիսկ նոկաուտի ենթարկվեց, սակայն նրա մարզիչները չէին ցանկանում դադարեցնել մենամարտը: Էլենն այստեղ էլ փայլուն հաղթանակ տոնեցՙ կրկին ապացուցելով իր առավելությունը:
Ցավոք, այսքան հաջողություններից հետո էլ Էլենը Հայաստանում արժանի ուշադրության չի արժանանում: Հունգարիայից վերադառնալուց հետո նա եղել էր Իշխան Զաքարյանի մոտ, որը պարզապես զարմացել էր Էլենի նվաճումներով, խոստացել օգնել մարզումների եւ մրցումների մեկնելու հարցում, բայց այդպես էլ ոչինչ չարեց: Էլենին օգնության ձեռք մեկնեց Էջմիածնի քաղաքապետ, նախկին բռնցքամարտիկ Հրաչիկ Աբգարյանը, եւ մարզուհին անցյալ տարվա սեպտեմբերից պարապում է Կարեն Աղամալյանի մոտ: Երկու օրը մեկ Էլենը մարզվելու է մեկնում Էջմիածին: Սակայն ձմռան այս ամիսներին ջեռուցման բացակայության պատճառով հնարավոր չէ մարզվել:
Էլենն իր նպատակի իրագործման ճանապարհին շատ խոչընդոտներ է հաղթահարել եւ դեռ կհաղթահարի: Նա տարբեր առաջարկներ ունի շատ երկրներից, նույնիսկ Թաիլանդից հրավիրում են նկարահանվել մարտաֆիլմում: Ծրագրերը շատ են: Էլենն առայժմ խորհում է դրանց շուրջ: Բացառված չէ, որ մի օր էլ հոգնած հայրենիքում իր նկատմամբ տիրող անտարբերությունից, Էլենը հեռանա Հայաստանից: Էլենի ցանկությունն է, որ հայերը միասնական լինեն, սիրեն, հարգեն միմյանց, իրենց չթերագնահատեն, միշտ հիշեն, որ մենք ինչպիսի քաղաքակիրթ, հզոր ազգ ենք եղել ու կլինենք:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ