Փարիզի «Չոպանյան» հաստատությունը «Հայացք Եվրոպային» մատենաշարով լույս է ընծայել «Սպիտակ գիրք. Եվրոպա-Թուրքիա» խմբային աշխատությունը, որի հեղինակների շարքում են անվանի գրողներ, լրագրողներ, քաղաքագետներ, պատմաբաններ եւ այլք:
Նախկին նախարար, Իսի լե Մուլինոյի քաղաքապետ եւ պատգամավոր Անդրե Սանտինին գրքի նախաբանում զգուշացնում է, որ Թուրքիայի հետ 2005 թ. անդամակցության բանակցություններ սկսելու Եվրոմիության խոստումը վտանգավոր է, քանզի նահանջելը փաստորեն անհնար է:
Այսօր Թուրքիայի անդամակցության ջատագովները հետապնդում են 2 նպատակ. մեկը շահադիտականն է (առեւտուր եւ փոխանակումներ), մյուսըՙ արմատական իսլամիզմի կասեցման համար Թուրքիային օգտագործելու սին հույսը (այնտեղ արմատականությունը կասեցվում է միայն բանակի ջանքերով):
Անդամակցությանը կտրականապես դեմ արտահայտվելովՙ Սանտինին ընդգծում է, որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, դաժանորեն պատժում այն արծարծողներին, զավթել է Կիպրոսի մի մասը, շարունակում է Հայաստանի շրջափակումը եւ քրդերի հալածանքները:
Բացի դրանից, 70 միլիոնանոց մահմեդական եւ ասիական երկիրը ԵՄ անդամ դառնալու դեպքում գերիշխող դիրքեր կզբաղեցնի եվրոպական հաստատությունների մեծ մասում:
«Չոպանյան» հաստատության տնօրեն, ՌԱԿ հայտնի գործիչ Վարուժան Սիրափյանը գրքի ներածության մեջ մասնավորապես շեշտում է, որ Ֆրանսիայում Թուրքիայի հետ կապված ողջ ճշմարտությունը մինչ օրս բարձրաձայնած միակ պետական գործիչը նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ՛Էստենն է:
«Հիշատակի Եվրոպա» կազմակերպության նախագահ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգիչ խորհրդի եւ Ապրիլի 24-ի հանձնախմբի նախկին նախագահ Ալեքսիս Գյովճյանն ընդգծում է, որ Եվրոպան չի կարողանա մի քանի տասնամյակի ընթացքում փոխել Թուրքիային, մինչդեռ վերջինս, անկասկած, կփոխի Եվրոպայի բնույթը: Քաղաքագետ, «Թուրքիան Եվրոպայում. իսլամիզմի տրոյական ձի՞» գրքի հեղինակ Ալեքսանդր դել Վալեն անհեթեթ է համարում այն պնդումը, թե կարելի է աշխարհիկ երկիր համարել Թուրքիային, որտեղ կանանց 70 տոկոսը քող է կրում, պետության հովանավորության տակ են 90 հազար իմամներ եւ հազարավոր մզկիթներ, որտեղ ինքնության վկայականի վրա նշում է արվում տիրոջ դավանանքի մասին:
Նշանավոր գրող, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Մորիս Դրյուոնը նշում է, որ եվրոպական մշակույթին թուրքերի «մասնակցության» միակ վկայությունն այն է, որ օսմանյան բանակները հասել են մինչեւ Վիեննա, մի քանի դար իշխել Հարավարեւելյան Եվրոպայում եւ ժառանգություն թողել Բալկանների ներկայիս քաոսը:
Քաղաքագետ Կառլա Կոստեն ընդգծում է, որ ռասիստական հիմունքներով կազմավորված թուրքական պետության մեջ փոքրամասնության հասկացությունը մշտապես ենթադրել է քրիստոնեական բոլոր փոքրամասնությունների ժխտում:
Հայտնի պատմաբան Իվ Թեռնոնը շեշտում է, որ սուտը 1920-ական թթ.-ից պաշտոնականացված է Թուրքիայում: Այն ժամանակ «Թուրքական պատմության ընկերությանը» հանձնարարվեց նորովի գրել պատմությունը եւ թուրքերին ներկայացնել որպես մեծահոգի, անթերի եւ հանդուրժող ժողովուրդ: Ցեղասպանությունները ժխտելու փորձերը, ըստ հեղինակի, հիշողության ոչնչացմանն ուղղված հանցագործություն են:
Դեսպան Բեռնար Դորենը նշում է, որ Թուրքիան եվրոպական երկիր չէ ոչ բնույթով, ոչ էլ դիրքով: 30 տարուց ավելի թուրքերը հրաժարվում են զորքը հանել Կիպրոսից: ԵՄ անդամ դառնալու դեպքում կարող է լոկ խառնաշփոթ ու երկպառակություն առաջացնել Եվրոպայում: Դեսպանն առաջարկում է անդամակցության հարցի առթիվ հանրաքվեներ անցկացնել ԵՄ անդամ պետություններում:
Գրքում կան հայ եւ օտարազգի հեղինակների մի շարք այլ հետաքրքրական հոդվածներ եւ փաստագրական նյութեր: Բերվում է նաեւ մատենագիտական ցանկ: