Հեռավորությունը մնաց ճանապարհների միջեւ
Արաբական 22 երկրներում կես միլիոն հայ է բնակվում: Այդ երկրների հայկական համայնքները լավ համարում ունեն թե՛ իշխանությունների, թե՛ ժողովրդի շրջանում: Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի այդ երկրների հետ, սակայն գործնական ծրագրեր տնտեսության, մշակույթի, զբոսաշրջության, գիտության ոլորտներում եւ միջազգային կազմակերպություններում համագործակցություն չեն իրականացվում: Նշված համագործակցությունը սկսելու եւ Հայաստանը Ծոցի երկու երկրներում ներկայացնելու նպատակով փետրվարի 5-9-ը Քուվեյթում, ապա Բահրեյնում էր ՀՀ խորհրդարանական պատվիրակությունըՙ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:
Այս երկրների հետ 10 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում սա հայկական կողմի առաջին պաշտոնական այցն էր Քուվեյթ եւ Բահրեյն: Փաստորեն պատվիրակությունը ներկայացրեց համագործակցության հայկական կողմի համար նախընտրելի եզրերն ու ստացավ Ծոցի երկու երկրների իշխանությունների առավելագույն պատրաստակամությունը: Երկու երկրներում էլ ընդունելությունը բարձր մակարդակով էր, ընդգծված ջերմությամբ ու մարդկային շեշտադրմամբ: Պաշտոնական բոլոր հանդիպումները կրում էին երկուստեք արտահայտվող բարեկամական վերաբերմունք:
Ե՛վ Քուվեյթում, ե՛ւ Բահրեյնում խորհրդարանների նախագահները, կառավարությունների, առեւտրի պալատների ղեկավարները, տեղեկատվության եւ առողջապահության նախարարները պատրաստակամությամբ ընդունեցին հայկական կողմի համագործակցության բոլոր առաջարկները եւ հավաստիացրին, որ Հայաստանն իրենց երկրներից կարող է աջակցություն ակնկալել ինչպես Երեւանում արաբական մշակույթի կենտրոն հիմնելու, այնպես էլ միջազգային կառույցներում համագործակցելու հարցերում: Աջակցություն խոստացվեց Հայաստանին նաեւ Արաբական երկրների լիգայում եւ Իսլամական կոնֆերանսում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու կապակցությամբ: Երկու երկրների իշխանություններն էլ հավաստիացրին, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում իրենք կողմնակից են խաղաղ կարգավորմանը, իսկ ընդհանրապես ազգերի ինքնորոշման իրավունքի ջատագով են:
Քուվեյթի Ազգային ժողովի նախագահն ափսոսանք հայտնեց, որ Հայաստանը մինչ այժմ չի համագործակցում Քուվեյթի Զարգացման հիմնադրամի հետ, որը ամեն տարի ԱՊՀ եւ այլ երկրների 6-7 մլրդ դոլարի աջակցություն է ցուցաբերում տվյալ երկրի տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար: Քուվեյթի զարգացման հիմնադրամի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում պատվիրակությունը պարզեց համագործակցության հնարավոր եզրերը: Հիմնադրամում նախնական հավանություն տվեցին Հայաստանում գազամատակարարման եւ ճանապարհաշինության ոլորտում վարկային միջոցների տրամադրման հեռանկարին: Առողջապահության ոլորտում համագործակցությունը ընթանալու է դեղագործության, առողջարարական համալիրների հիմնադրման, բժիշկների եւ բուժքույրերի վերապատրաստման եւ գիտական համատեղ ծրագրերի ուղղություններով:
Բահրեյնի թագավոր Ահմադ Իբն Իսա ալ Խալիֆան, ընդունելով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձ-հրավերը, գոհունակությամբ հայտնեց, որ հայկական կողմի այցելությունից հետո երկու երկրների միջեւ առանց այն էլ կարճ ճանապարհն ավելի կկարճանա, եւ իր աջակցությունը խոստացավ հայկական կողմի բոլոր ձեռնարկումներին: Քուվեյթի իշխանություններն էլ նշեցին, որ հեռավորությունը սրտերի միջեւ է լինում եւ ոչ ճանապարհների, իսկ տնտեսական հարաբերությունների զարգացման միակ խոչընդոտը Երեւան-Քուվեյթ տրանսպորտային ուղիղ կապի բացակայությունն է, որը հնարավոր է հաղթահարել արժեքավոր ծրագրերի գոյության դեպքում:
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Հայաստանը ներկայացրեց Ծոցի երկու երկրներում, իսկ մինչ այդ տվյալ երկրների իշխանությունները Հայաստանի մասին պատկերացում էին կազմում Արաբական Միացյալ Էմիրություններում, Քուվեյթում եւ Քաթարում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի (նա մասնակից էր այցի ողջ ընթացքին) աշխատանքով: Նավթի համաշխարհային պաշարների 10 տոկոսըՙ 98 մլրդ բարել ունեցող Քուվեյթում բնակվում է 5 հազար հայ: Նրանք հիմնականում զբաղված են մասնավոր հատվածում, ունեն սոցիալական բարձր կարգավիճակ եւ վայելում են երկրի իշխանությունների բարի վերաբերմունքը:
Արաբական երկրների բանկային կենտրոն Բահրեյնի թագավորությունում ապրում է 28 հայ, այս երկրում հայկական համայնքն ամենափոքրն է ողջ աշխարհում, սակայն Բահրեյնի համար նշանակալի դեր է խաղում: Երկրի անգլալեզու օրաթերթըՙ «Բահրեյն տրիբյունը» խմբագրում է Արա Ոսկյանը: Բահրեյնի թագավորի խնդրանքով երկրում առաջին բանկերից մեկի հիմնադրի կինըՙ Ադրինե Խաչատրյանը, հիմնադրել եւ ղեկավարում է թագավորի ժառանգներին կրթող դպրոցը: Երկու երկրների հայկական համայնքները մեծ ոգեւորությամբ ընդունեցին ԱԺ պատվիրակությանը եւ հույս հայտնեցին, որ այցն իրական եւ լայնածավալ համագործակցության հիմք կդառնա Քուվեյթի, Բահրեյնի եւ Հայաստանի միջեւ:
Գարնան վերջին, պայմանավորվածության համաձայն, երկու երկրների պատվիրակությունները փոխայցով Հայաստան կժամանեն, եւ վերջնականապես կհաստատվեն համագործակցության ծրագրերը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ