Թուրք լրագրողը կրկին տագնապ է հնչեցնում
Turkish Daily News թերթը չորեքշաբթի տպագրել է թուրք հայտնի լրագրող Մեհմեդ ալի Բիրանդի նոր հոդվածըՙ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի քաղաքականության մասին: «Մենք արդեն ուշացել ենք գնացքից» հոդվածում հեղինակը ընդունում է, որ միջազգային հանրությանը Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը ապացուցելու ուղղությամբ հայկական քարոզչությունը հաջողությունների է հասել հատկապես Արեւմուտքում: Բիրանդը առաջարկում է Թուրքիայի քաղաքականության մեջ մշակել նոր գիծ. «Վերջին 75 տարիներին հայերը հետեւողականորեն հասան իրենց նպատակին: Նրանք հրատարակեցին հազարավոր գրքեր ու հոդվածներ, համալսարաններում բացեցին ֆակուլտետներ եւ կարողացան համոզել միջազգային հանրությանն ու հասնել ցեղասպանության ճանաչմանը, չնայած նրանց ապացույցները բավարար չեն եւ չեն արտացոլում ճշմարտությունը»:
Բիրանդը կոչ է անում Թուրքիայի քաղաքականության մեջ նոր էջ բացելՙ ներկայիս իրադրությունից ելնելով եւ կորուստները նվազագույնի հասցնելով:
Նա մեջբերել է Թուրքիայի պատմության ինստիտուտի ղեկավար Յուսուֆ Հալաչօղլուի հետեւյալ խոսքերը. «Մենք այլեւս չենք կարող այս վիճակը հաղթահարել քարոզչությամբՙ փաստաթղթեր, գրքեր ու ֆիլմեր ստեղծելով:
Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, սակայն պետք է ձեռնարկենք հետաքրքրություն առաջացնող քայլեր: Պատմական գիտության հետ մեկտեղ պետք է գործենք նաեւ քաղաքականության մեջ, պետք է կենտրոնացնենք մեր ռազմավարությունը»:
Բիրանդը նշել է, որ Թուրքիան պետք է արթնանա, ռազմավարություն մշակի եւ գիտակցի, որ ոչնչի չի հասնի, եթե այդ աշխատանքը թողնի միայն պատմաբաններին: «Ժամանակն է ՄԱԿ-ում գործելու եւ նոր հորիզոններ բացելուՙ միջազգային ասպարեզում հաջողության հասնելու համար: Դե, արթնացեք», գրում է նա:
Ռ. Պ.