Նախագահի ելույթից կարճ ժամանակ անց
Հիշո՞ւմ եք «ՀՀՇ-ի ժամանակների» հացի հերթերը: Եթե չեք հիշում եւ վերհիշելու ցանկություն ունեք, խնդրեմ, ամեն երկուշաբթի, երեքշաբթի կամ հինգշաբթի ժամը 15-18-ը այցելեք Երեւանի քաղաքապետարանի ինքնակամ շինությունների կարգավիճակը որոշող հանձնաժողով: Այստեղ պատկերը գրեթե նույնն էՙ մարդիկ շատ են, «հերթի օրենքները»` խիստ ու դաժան. մի քանի վայրկյան ուշացար, հերթդ անցավ, ստիպված ես նորից սկսել: Տարբերությունը մեկն է. այստեղ ոչ թե հաց, այլ քաղաքապետի որոշում են բաժանում:
Օրինականացումը կարգավորվում է ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի օրենքով, որն ուժի մեջ է մինչեւ այս տարվա փետրվարի 22-ը: Դա նշանակում է, որ մինչեւ այդ օրը ՀՀ քաղաքացիները գոնե պետք է սկսեն օրինականացման գործընթացը: Երեւանցիները բողոքում են այն իրականացնող անշարժ գույքի կադաստրի եւ Երեւանի քաղաքապետարանի տարբեր օղակների գործունեությունից: Օրենքով սահմանված կարգով կադաստրում քաղաքացու դիմումը ստանալուց հետո օրացուցային 5 օրվա ընթացքում կառույցը պետք է համայնքի ղեկավարին (Երեւանումՙ քաղաքապետին) ներկայացնի ինքնակամի հատակագիծը, որից հետո վերջինս օրացուցային 30 օրվա ընթացքում պետք է դիմումի մերժման կամ ինքնակամի օրինականացման որոշում ընդունի: Նշված ժամկետում որեւէ որոշում չկայացնելու դեպքում oրենքի համաձայն ինքնակամը պետք է համարվի օրինական: Բայց եթե չհամարե՞ն:
Փաստորեն գործընթացը գրեթե մեկ ամիս է պահանջում: Բայց քաղաքապետարանում հերթ կանգնած քաղաքացիները փաստում են, որ հանձնաժողովի դռանն են հասել օրինականացման գործընթացը սկսելուց 7-8, երբեմն էլՙ 10 ամիս հետո: «Ավտոտնակս օրինականացնելու համար կադաստրում դիմում գրեցի, պատմում էր հերթ կանգնած 40-ին մոտ մի տղամարդ, որը բնականաբար հրաժարվեց ներկայանալ` արդեն վեց ամիս ձգձգված գործը ավելի չբարդացնելու համար: Ասացին` մի քանի օրից կգան, կչափագրեն, չեկան: 10 օր հետո գնացի, ասացին` զանգել ենք, տանը մարդ չի եղել: Նորից դիմում գրեցի, երկրորդ անգամ վճարեցի, բայց արդեն ոչ թե սպասեցի, այլ իմ մեքենայով մասնագետին տուն բերեցի: Նա էլ եկավ, նայեց այս ու այն կողմից, ինչ-որ նշումներ արեց, գնաց: Մեկ ամիս հետո ասացին, որ կասկածում են, թե մի օր ավտոտնակս արհեստանոց կամ բնակարան չեմ սարքի, դրա համար էլ գործը ձգձգում են: Բայց չէ՞ որ ես օրինականացնում եմ այսօրվա ավտոտնակը, եթե հետո ուրիշ բան կառուցեմ, թող գան, քանդեն»: Հերթում կանգնածներից մի քանիսը եւս վստահեցրին, որ նման խնդիրներ են ունեցել: Մեկ այլ տղամարդ էլ ասաց, որ ինքը հարցը 80 դոլարով է լուծել:
Ինչ վերաբերում է երկրորդ` քաղաքապետարանի փուլին, ապա այստեղ օրական մոտ երկու հարյուր մարդ է հավաքվում: Խառնաշփոթը, վեճերն անխուսափելի են: Ասում են` սեփական փորձը լավագույն խորհրդատուն է: Քաղաքացիներն ինքնակազմակերպվել են: Քաղաքապետի որոշման պատասխանն իմանալու համար վաղ առավոտյան` ժամը 7.30-8.00-ից, երբ քաղաքապետարանի աշխատակիցները դեռ քնած են, գալիս են, հերթագրվում: Մինչեւ ընդունելության ժամը` 15.00, գրեթե 150 հոգի արդեն հերթագրված է լինում: Եվս 50-70-ը հերթագրվում են առաջիկա ժամվա ընթացքում: Փորձառուները խորհուրդ են տալիս չսպասել, հերթը չի հասնի, իսկ հաջորդ օրվա համար նոր ցուցակներ են կազմվելու: Երկու օրերին էլ, երբ եղանք հանձնաժողովի աշխատասենյակի մոտ, ընդունելությունը սկսվեց 10-15 րոպե ուշացումով: Քաղաքացիները վստահեցնում էին, որ փոխարենն ուղիղ ժամը 18.00-ին փակվում են դռները: Մինչ ընդունելությունը սենյակի ներսից բարձր ծիծաղի, երաժշտության ձայներ էին լսվում: Ներսինների ընկեր-ծանոթները պարբերաբար թակում էին սենյակի դուռը, «Սյունե՜», «Լուսինե՜», «Հրածի՜ն», «Արթո՜ւր» կանչում, վերջիններս էլ, եթե ճանաչում էին կանչողին, դուռը բացում էին եւ հյուրին ներս հրավիրում: Երեւի աշխատակիցները քիչ գործ ունեն, որոշել էին ընդմիջումը երկարացնել:
Այստեղ քաղաքացիները միայն հանձնաժողովի անդամ Արփինեի մասին էին դրական խոսում: Նշում էին, որ նա միակն է, որը փորձում է քաղաքացիներին լսել եւ պատասխանել առանց կոպտելու եւ վիրավորելու: Մի տատիկ էլ ասաց. «Զարմանում եմ, էդ խելոք աղջիկը ինչ գործ ունի էս խուժանների մեջ»:
«Մի տղա կա սենյակում, պատմեց մի ծերունի, որը սենյակից այլայլված դուրս եկավ: Ոչ մի բան չի անում, այս ու այն աղջկա հետ է խոսում, ծիծաղում ու երբ հարցնում եմ, ասում է` որոշումը չկա: Կռվով ստիպեցի, որ ավելի ուշադիր փնտրի, մի շաբաթ է` գնում-գալիս եմ: Վերջում գտավ որոշումը, պարզվեց` մեկ շաբաթ առաջվա ամսաթվով է»:
Մեկ այլ տղամարդ էլ, նույնպես բարկացած, ասաց. «Արփինեին հարց տվեցի, մինչեւ նրա պատասխանելը մի տղա գոռաց վրաս: Հարցնում եմ` ով ես, ինչ ես աշխատում, պատասխանում է` աշխատող չեմ: Ասում եմ` բա ինչ ես անում, ասում է` քաղաքապետի որոշումներն եմ իրականացնում: Այդ ի՞նչ որոշումներ է ընդունում քաղաքապետը, որ ոչ թե աշխատողները, այլ ուրիշ մարդիկ պետք է իրականացնեն»:
Երբ լրատվամիջոցները պնդում էին, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթից հետո քաղաքապետարանում ոչ մի դրական տեղաշարժ չի նկատվում, Երեւանի քաղաքապետը պատասխանեց, որ ինքը չի կարող մեկ օրում լուծել տասնյակ տարիների ընթացքում կուտակված պրոբլեմները: Արդյոք տասնյակ տարիների ընթացքում կուտակված պրոբլեմնե՞րն են պատճառը, որ ինքնակամ շինությունների կարգավիճակը որոշող հանձնաժողովի քարտուղար Ժեւիկ Մկրտչյանին հարցով դիմելու անհրաժեշտություն ունեցող քաղաքացին ժամերով կանգնում է աշխատասենյակի դռան առջեւ, ապա, ներս մտնելու հնարավորություն չունենալով, ձեռնունայն տուն վերադառնում: Չնայած այդ ընթացքում դուռն անընդհատ բաց է ատամներով լուցու հատիկը ծամող միջին տարիքի մի տղամարդու համար: Գուցե նա է՞լ է «որոշումներ իրականացնող» եւ ելումուտի ժամանակ դրսից ներս ինչ-որ բաներ է տանում եւ այնտեղից ինչ-որ որոշումներ բերում:
Այն արկածախնդրին, որն այս ամենից ոգեւորված կամ հետաքրքրությունից դրդված կորոշի հենց այսօր սկսել ինքնակամ շինության օրինականացումը, հիշեցնենք, որ կարճ ժամանակ է մնացել: Այնպես որ` նյարդերդ կամ քսակդ, բայց ասենք, որ տպավորություն է ստեղծվում, թե արդյունքի հասնելու համար երկուսի միաժամանակյա գործածումն է անհրաժեշտ:
Բացի քաղաքացիների բողոքներից` ունենք սեփական փորձ, ինչը ստիպում է հավատալ, որ անփութությունը եւ «ականջի հետեւ գցելը» քաղաքապետարանի կառույցներին բավականին բնորոշ հատկանիշ է: 15 օր շարունակ փորձեցինք պատասխանատու որեւէ մեկից պարզաբանումներ ստանալ: Մեկ շաբաթ հեռախոսազանգերի եւ պայմանավորվածությունների արդյունքում «հարցերը գրավոր ուղարկեք» առաջարկը ստացանք: Ահա այն, ինչ ուղարկեցինք քաղաքապետարան եւ չստացանք որեւէ պատասխան.
«1. Ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ քաղաքացիները բողոքում են, թե ինքնակամ շինությունների կարգավիճակը որոշող հանձնաժողովի քարտուղար Ժեւիկ Մկրտչյանին հարցով դիմելու համար ժամերով կանգնում են աշխատասենյակի դռան առջեւ, ապա, ներս մտնելու հնարավորություն չունենալով, ձեռնունայն տուն վերադառնում:
2. Քաղաքացիներն իրենց հարցերով կարող են հանձնաժողովին դիմել շաբաթվա երեք օրերին` ժամը 15.00-18.00: Հերթերից կարելի է ենթադրել, որ հանձնաժողովը դեռ շատ աշխատանք ունի անելու: Ի՞նչն է պատճառը, որ հանձնաժողովի աշխատակիցները քաղաքացիների ընդունելությունը սկսում են 10-15 րոպե ուշացումով, սակայն ավարտում ուղիղ ժամը 18.00:
3. Քաղաքացիներն ինքնակազմակերպման ձեւ են գտել` վաղ առավոտից հերթագրվում են: Օրական հերթագրվում է մինչեւ 200 հոգի, որոնցից միայն 120-130-ի հարցերին են հասցնում պատասխանել: Կարելի՞ է ենթադրել, որ աշխատանքները ժամանակին չավարտելու մտահոգություն կա: Եթե այո, քաղաքապետարանն ունի՞ խնդիրը լուծելու որեւէ օպտիմալ առաջարկ»:
Երեւի որեւէ առաջարկ չունեն, իրավիճակն էլ բնական են համարում: Հանրապետության նախագահին էլ, երեւի, թվացել է, թե Երվանդ Զախարյանն աչքերը խոնարհել է, երբ լսել է երկրի ղեկավարի դիտողությունները:
Հիշո՞ւմ եք «ՀՀՇ-ի ժամանակների» հերթերը: Եթե չեք հիշում եւ վերհիշելու ցանկություն ունեք գուցե ՀՀՇ-ն արդեն գրավե՞լ է քաղաքապետարանը:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ