«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2005-02-09 | #23, 2005-02-10 | #24, 2005-02-11


«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՊՐԻԼՅԱՆ «ԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ»

Ներքաղաքական գզվռտոցներից հոգնած ու կշտացած մեր ժողովրդին «Նոր ժամանակներ» կուսակցությունը ապրիլի կեսին կփորձի ոտքի հանել նորՙ «ազգային հեղափոխության»: Հեղափոխության առաջնորդ Արամ Կարապետյանը երեկ հրավիրած ասուլիսում համոզված հայտարարեց, որ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական ճգնաժամի վերաբերյալ իր բոլոր կանխատեսումներն այսօր իրականություն են դարձել: Երկրի իշխանություններն անտեսեցին վերեւից հեղափոխություն իրականացնելու իր առաջարկը, որով նախատեսվում էր «արձակել Ազգային ժողովն ու լուծարել կուսակցական սկզբունքով ձեւավորված անարդյունավետ կառավարությունը»: Եվ քանի որ «հեղափոխություն վերեւից» տարբերակը չիրականացավ, անխուսափելի դարձավ «հեղափոխություն ներքեւից» տարբերակըՙ «ժողովրդի ամենալայն զանգվածների մասնակցությամբ»: Պրն Կարապետյանը չշտապեց կանխատեսումներ անել, թե ի՞նչ արձագանք կունենան իրենց «հեղափոխական կոչերը» ժողովրդի շրջանում, բայց կասկած չունի, որ «եթե հեղափոխությունը տապալվի, իրենք կլինեն բանտում»:

Նա կարծում է, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի ներկայիս ղեկավարները շարունակաբար պարտություն են կրում. «Ղարաբաղյան խնդիրը մտնում է շատ վատ հանգրվան, հայկական կողմի հաղթական ելույթները սկսել են դիվանագիտական պարտությունների հերթական շարանը»: Նրա ասելով, դրա պատճառը աշխարհաքաղաքական կենտրոնների համար Հայաստանի թույլ պետություն լինելն է: «Եթե երկրում որեւէ փոփոխություն չի կատարվում, այլ միշտ խոսվում է մեկ բանի մասին, որ ունենք տնտեսական շատ մեծ աճ, ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չունենք եւ ամեն ինչ լավ կլինի: Եթե փոփոխությունների չգնանք, ցավագին պարտություն ենք կրելու դիվանագիտական դաշտում», եզրահանգեց նա:

Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին խոսելիս նա նշեց. «Վարչապետ Զուրաբ Ժվանիան կյանքից հեռացել է ոչ իր կամքով եւ ոչ էլ ինքնասպանություն է գործել»: Նա վերհիշեց անցած տարվա իր հայտնի արտահայտությունը, որ «հորթի հրճվանքով պետք չէ մոտենալ այն ամենին, ինչ եղավ Վրաստանում»: Ռուսական հատուկ ծառայություններին Ժվանիայի մահվան մեջ մեղադրելու վարկածը նա համարեց տրամաբանությունից դուրս, քանի որ Ժվանիան հավասարակշիռ քաղաքականություն է վարել Ռուսաստանի հետ, լայն դռներ բացելով ռուսական կապիտալի համար:

Վրացական «թավշյա» եւ ուկրաինական «նարնջագույն» հեղափոխություններից հետո Հայաստանում նախապատրաստվող «ազգային» հեղափոխությունը գույն չի ունենա, պրն Կարապետյանը դա էական հարց չի համարում, որովհետեւ Հայաստանին ընդամենը պետք են «հեղափոխական փոփոխություններ»: Եթե գոյություն ունի մի քաղաքական գործիչ, որը նախընտրում է «էվոլյուցիոն փոփոխություններ», պրն Կարապետյանը պատրաստ է հեռուստաբանավեճի, նույնիսկ դրա համար վճարելու պայմանով:

Ի դեպ, պրն Կարապետյանն ասուլիսից առաջ հանդիպել էր միջազգային գործերի ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Չեդ Ռոջերսի հետՙ տարածաշրջանային եւ ներքաղաքական հարցեր քննարկելու:

Նա պատրաստ է բանակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ, եթե վերջիններս ունեն «հեղափոխական» կամ «էվոլյուցիոն» ծրագրեր: «Չենք համագործակցելու միայն «Հայոց համազգային շարժման» հետ», հայտարարեց նա: «Մեր քաղաքական էլիտայի 90 տոկոսը տարբեր կազինոներում պարտվում է, իսկ դա գրանցվում եւ դառնում է քաղաքական լուրջ թեմա: Ես կազինո չեմ խաղում», խիստ շեշտված ասաց նա:

Նա վստահեցրեց, որ ապրիլյան «ազգային հեղափոխությունը» կանցնի խաղաղ, հանգիստ, առանց միջադեպերի, նույնիսկ փշալարերի կարիք չի լինի: Մի խոսքով, իսկական «երկնային հեղափոխություն»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ. Ապրիլյան «ազգային հեղափոխության» առաջնորդն այդպես էլ չհիշատակեց, որ ապրիլին նշվում է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4