«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2005-02-09 | #23, 2005-02-10 | #24, 2005-02-11


«ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ» ՀԱՂՈՐԴՈՒՄԸ` ՏԱՐԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը

Փետրվարի 8-ին «Ազգ» օրաթերթը «Անհայտ կորածների հարազատները կարիք ունեն հոգեբանական օգնության, իսկ անապահով խավը` իրավական» վերնագրով հոդված էր տպագրել, որում «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության իրավաբան Զարուհի Դանիելյանը, կարեւորելով հեռուստատեսության դերը իրավունքների մասին գիտելիքներ տալու առումով, անդրադարձել էր Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող դատավարություններին:

Զարուհի Դանիելյանը մասնավորապես նշել էր, որ այդ հաղորդումները «բնավ չեն ավելացնում մարդկանց իրավական գիտելիքները, ավելին` դրանք ծաղրուծանակ են, քանի որ Տիգրան Մուկուչյանը կայացնում է դատարանին հակառակ դատավճիռներ»:

Այս կապակցությամբ «Ազգ»-ի զրուցակիցն է արդարադատության փոխնախարար, «Իմ իրավունքը» հաղորդաշարում որպես դատավոր հանդես եկող Տիգրան Մուկուչյանը:

Ըստ պրն Մուկուչյանի, «գոնե այսօր, երբ արդեն ավելի քան 15 հաղորդում եթեր է հեռարձակվել, կարծիք չի հնչել, թե «Իմ իրավունքը» հաղորդումը ավելի շուտ ծաղրանքի է նման»: Արդարադատության փոխնախարարի խոսքերով, ամեն մեկն այս հաղորդումը յուրովի է ընկալում, բայց արձագանքը մեծ է, հաղորդման ինտերնետ կայքում բազմաթիվ նամակներ են ստացվում:

Ինչ վերաբերում է քաղաքացիական հարցերով տարբեր դատավարություններ ներկայացնող հաղորդմանը, ապա, ըստ Տիգրան Մուկուչյանի, այն ունի մի քանի նշանակություն: «Ամենից առաջ հաղորդման էությունը հանրային իրազեկման խնդիրն է` մատչելի եւ ընկալելի ձեւով մատուցել իրավական որոշակի խնդիրներ: Իհարկե, հանրային իրազեկումը կարելի է անել տարբեր ձեւերով»:

«Եթե ոմանք կարծում են, որ եթերի առաջ կարելի է նստել ու բարդ իրավաբանական լեզվով ու հոդվածների անուններ նշելով խոսել, կարծում եմ, այս կերպ գիտելիքի մասին խոսք չի կարող լինել: Իրավաբանության մեջ ամենաբարդ տերմինները մեր կենցաղում ավելի պարզ ձեւով են օգտագործվում: Օրինակ, նախավճարը կամ կանխավճարը համեմված ավանսով կամ բեհով ավելի հեշտ ընկալելի են դառնում», պարզաբանեց Տիգրան Մուկուչյանը:

Արդարադատության փոխնախարարի խոսքերով, ամեն մի հաղորդումից հետո բազմաթիվ են այցելությունները: «Մարդիկ հաղորդման ժամանակ ընթացող դատավարություններում ինչ-որ կերպ տեսնում են իրենց գործը: Եվ ըստ այդմ էլ որոշում են, թե արդյոք պե՞տք է դիմել դատարան»:

Ինչ վերաբերում է հաղորդման ժամանակ ընդունված որոշումների կապակցությամբ արտահայտված կարծիքին, ապա, Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ, հաղորդման ստեղծմամբ խնդիր չի դրվել վերլուծելու դատարաններում կայացվող վճիռները:

«Սա նոր մշակույթ է, քանի որ այս դատարանում գործերը քննվում են միջնորդ դատարանի սկզբունքով: Այստեղ կողմերը գալիս են ինքնակամ, գործն էլ չպետք է լինի դատարանում, կողմերը հետագայում չեն բողոքարկում վճիռը: Վճռի արդարացիության թիվ մեկ գրավականը հանրայնացումն է: Այստեղ արդարացի վճռի թիվ մեկ երաշխիքը դատավորի հեղինակությունն է: Բավական է մեկ դատական սխալ, եւ մարդը միարժեք կհեղինակազրկվի», հավաստիացնում է փոխնախարարը:

Ամեն դեպքում, պրն Մուկուչյանի խոսքերով, Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Իմ իրավունքը» հաղորդաշարը դիտում են նաեւ դատական համակարգի ներկայացուցիչներ, փաստաբաններ, դատախազներ: «Եթե որեւէ սխալ բան լինի, մարդիկ հետագայում վկայակոչելու են տեսածը որեւէ դատարանում, եւ այդ դեպքում դատավորն ուղղակի հեղինակազրկվում է: Բացի դրանից, կուտակած գիտելիքն ու փորձը կարող են մի սխալի պատճառով ի չիք դառնալ»:

Զարուհի Դանիելյանի արտահայտած կարծիքների առնչությամբ արդարադատության փոխնախարարը զարմանք արտահայտեց: «Ինձ համար զարմանալի էր նման գնահատականը, թե կայացվում են դատարանների վճիռներին չհամապատասխանող վճիռներ: Եթե նման վերլուծություն էր կատարվում, գոնե պետք է նշել անհամապատասխանությունը: Մեր վճիռները համադրվում են օրենքի հետ»:

«Մեր կյանքում դատական պրակտիկան ցույց է տալիս, որ կան տարրական բաներ, որոնք լրջագույն վրիպումներ են: Օրինակ, հարց տալու իրավունքից չեն կարողանում օգտվել, քանի որ մեծ մասամբ հարցերը դառնում են նույն վեճի պատմությունը, մինչդեռ հարցը պետք է լինի նպատակային, նոր հանգամանք ի հայտ բերող:

Այս հաղորդմամբ միայն գիտելիք տալը չէ խնդիրը: Մենք ցույց ենք տալիս ամեն ինչ` նույն վճիռներում մանրամասն վկայակոչելով քաղաքացիական օրենսգրքի հոդվածները: Ընդ որում, չպետք է մոռանալ, որ Հայաստանը նախադեպային իրավունքի երկիր չէ»:

Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ եթե մարդու իրավական գիտակցութունը թեկուզ մի փոքր բարձրանում է, դժվար է լինում դիմակայել այդ մարդուն: «Ըստ լատինական ասացվածքի, բժշկի համար դժվար է, եթե հիվանդը գրագետ է: Այս պարագայում էլ նույնն է: Եթե մարդը ի սկզբանե հասկանում է, որ դատը կարող է պարտվել, ապա նա չի դիմի փաստաբանի: Ամեն դեպքում, մեր հաղորդմանը մասնակցում են նաեւ փաստաբաններ` իրենց վերլուծություններով, եւ ես շնորհակալ եմ բոլոր աջակցողներից»:

Ծրագիրն արվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ներառված է հանրային իրազեկության ծրագրի շրջանակներում: Առաջին 40 հաղորդումների նկարահանումները ավարտվել են, շարունակվելու հարցը պարզ կլինի գարնանը:

«Ամեն դեպքում, հաղորդումներից հետո շատ են լինում նաեւ այցելություններ: Մարդիկ գալիս են հեռարձակված գործերին նմանվող իրենց գործի տարբեր հանգամանքներ քննարկելու: Նամակներում էլ կարելի է գտնել մեթոդական հուշումներ, ասենք, թե ինչպիսի գործերն են հաճախակի, ինչն է մտահոգության տեղիք տալիս եւ այլն:

Հաղորդումների վերջում արվում են վերլուծություններ, տեղի են ունենում քննարկումներ, որոնց ես ծանոթանում եմ եթերից հետո: Եվ մոնտաժային աշխատանքների ժամանակ փորձ է արվում եթեր չհեռարձակել ակնհայտ սխալ վերլուծություններ, քանի որ դրա եթեր հեռարձակման դեպքում դա կարող է նույնիսկ ենթագիտակցաբար ընկալվել»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4