Գյումրու ընթացիկ տարվա համայնքային բյուջեի միջոցների շուրջ 3 տոկոսը նախատեսվում է ծախսել խիստ անապահով ընտանիքների ու քաղաքացիների սոցիալական աջակցությանՙ նրանց ձմռան վառելիք, առանձին խնդիրների լուծման համար դրամական օգնություն տրամադրելու, հարազատներ չունեցող հանգուցյալների հուղարկավորության ծախսերը հոգալու նպատակներով: Տեղական բյուջեի որոշակի սոցիալական ուղղվածության դրսեւորումներից մեկն էլ վերջին տարիներին համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողների աշխատավարձերի պարբերական բարձրացումներն են: Այս տարի նախատեսվում է մասնավորապես նախակրթարանների աշխատակիցների վարձատրության ավելացում մոտ 7 հազար դրամով:
2005 թ. բյուջետային տարում սեփական եկամուտների զգալի ավելացումը, տեղական բյուջեի միջոցների խիստ նպատակային օգտագործումը հիմք պետք է լինեն խթանելու ձեռներեցությունը եւ քաղաքային տնտեսության զարգացումը: Առավել արդյունավետ ծրագրային մոտեցումներ են հանդես բերվելու հատկապես քաղաքի աղբահանության, կանաչապատման, փողոցների ասֆալտապատման ու լուսավորության, բարեկարգման ուղղությամբ, որտեղ աշխատանքների ֆինանսավորումը կատարվելու է մրցութային կարգով: Եթե 1999 թ. վերջին քաղաքում եղել է, օրինակ, փողոցային լուսավորության ընդամենը 200 կետ, իսկ անցյալ տարեվերջինՙ 1670, ապա այս տարի նախատեսվում է դրանց թիվն ավելացնել եւս 200-250 կետով: Կվերանորոգվեն քաղաքի բնակֆոնդի շենքերի անմխիթար վիճակում գտնվող 40-50 կտուրներ, կկատարվեն Պ. Սեւակի փողոցի բնակելի շենքերի ճակատամասերի նորացման աշխատանքներ: Միջոցներ են ձեռնարկվում 2-րդ երաժշտական դպրոցի շենքի շինարարությունն ավարտելու ուղղությամբ:
Փոքր եւ միջին գործարարության զարգացումը, որը քաղաքապետարանը շարունակելու է խթանել, այստեղ հիմնականում խանութաշինության լայն ծավալումն է: Գյումրիում անցյալ տարի բնակարանաշինության լուրջ ծրագրերի բացակայության, զանգվածային գործազրկության պահպանման պայմաններում մասնավոր հատվածը կառուցել է 271 սպասարկման օբյեկտ եւ 52 տաղավար: Սրանց եւ 49 առանձնատների շինարարության համար ծախսվել է 4,5 մլրդ դրամ:
Գ. Մ.