«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2005-02-09 | #23, 2005-02-10 | #24, 2005-02-11


ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՍՆԻ ՆԱԵՎ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻՆ

Հայտնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը

Կառավարության հաստատած սոցիալական ոլորտի երկու օրենքների նախագծերը երեկ լրագրողներին ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ մինչ այժմ սոցիալական ծառայություններ իրականացնող մարմինների գործունեությունը կարգավորվում էր կառավարության որոշումների հիման վրա, իսկ այսուհետեւ դա կկատարվի «Սոցիալական աջակցության մասին» օրենքով (խորհրդարանի ընդունելուց հետո): Նախարարը հայտնեց, որ այս օրենքի համաձայն սահմանվում են սոցիալական աջակցության կազմակերպման եւ տրամադրման սկզբունքներն ու կարգը, ֆինանսավորման աղբյուրները: Ըստ Աղվան Վարդանյանի, պետությունն առաջիկայում նպատակադրվել է աջակցել նաեւ անօթեւան անձանց, որոնք ներկայումս դուրս են այդ աջակցությունից: Մասնավորապես այդ նպատակով միջոցների հատկացում է նախատեսվում եկող տարվանից: «Որքա՞ն է այդ մարդկանց թիվը Հայաստանում» հարցին Աղվան Վարդանյանը դժվարացավ ճշգրիտ պատասխան տալ, ասելով, որ հարյուրավոր նման մարդիկ կան: Այդ թիվը կառավարության տարբեր օղակների, այդ թվում ոստիկանության միջոցով ճշտելու աշխատանքներ են տարվում:

«Պետական նպաստների մասին» օրենքով սահմանվում են նպաստների տեսակները, տրամադրման կարգը, նշանակման եւ վճարման մեխանիզմները: Պատասխանելով լրագրողների հարցերին, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարը հայտնեց, որ ներկայումս նպաստ ստանում է Հայաստանի ընտանիքների 18 տոկոսը, որը կազմում է բնակչության մոտ 42-43 տոկոսը: Այսինքն, նախարարի հավաստմամբ, աղքատության ցուցանիշների հետ համամասնությունը պահպանվում է: Ի դեպ, աղքատության ցուցանիշների մասին խոսելով, Աղվան Վարդանյանը նախ հիշատակեց 1994 թ. ցուցանիշը (92 տոկոս), ապա 2003 թ. (51 տոկոս), մատնանշելով դրա նվազող բնույթը: Սակայն նախարարը «մոռացավ» նշել, որ խոսքը մեկ շնչին ամսական 12 հազար դրամ կազմող աղքատության սահմանագծի մասին է, որից առնվազն կրկնակի բարձր եկամուտն անգամ որոշակի վերապահումներով կարելի է համարել աղքատության սահմանագիծ: Հետեւաբար, 12 հազար դրամից փոքր-ինչ բարձր եկամուտ ունեցողների թվի ավելացումն իսկ չի կարելի համարել իրական աղքատության նվազում:

Նշվեց նաեւ, որ անցյալ եւ այս տարի նպաստառու ընտանիքների թիվը կազմել է 139 հազար, իսկ 2006 թ. նախատեսվում է հասցնել 132 հազարի: Այս տարի պետբյուջեից նրանց տրամադրված գումարը կազմել է 16,5 մլրդ դրամ, իսկ եկող տարի կկազմի 20 մլրդ դրամ: Նախարարն այն կարծիքը հայտնեց, որ նպաստները պետք է տրվեն առավելագույնս հասցեական: Դա, նրա հավաստմամբ, ավելի կհեշտանա, եթե ընդունվի «Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4