Ֆրանսիացի համանախագահը պատմում է իր տպավորությունները
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն իրենց վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներում բնակեցման կազմակերպված քաղաքականություն չեն վարում: Բեռնար Ֆասիեն, որն իր ռուս եւ ամերիկացի գործընկերներ Յուրի Մերզլյակովի ու Սթիվեն Մանի (վերջինս միայն եղավ Քելբաջարում), ինչպես նաեւ ԵԱՀԿ 10 հոգանոց փաստահավաք հատուկ առաքելության հետ այցելել էր ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Հակառակ նրան, թե ինչպես են մտածում շատերը, այս տարածքների բնակեցման մտածված եւ լայնամասշտաբ ծրագիր, ամենայն հավանականությամբ, գոյություն չունի: Միակ բացառությունը Լաչինն է, որի վերաբերյալ կարելի է ասել, որ բնակեցմանն աջակցում են եւ հովանավորում: Ինչ վերաբերում է մնացած 6 շրջաններին, տպավորություն է ստեղծվում, որ բնակություն հաստատածների 80-90 տոկոսն այնտեղ տեղափոխվել է ինքնուրույն, տեղական ոչ կառավարական կազմակերպությունների կամ հայկական սփյուռքի աջակցությամբ: Այնտեղ Ստեփանակերտի եւ Երեւանի լայնամասշտաբ ներգրավվածություն չկա», Ֆասիեի խոսքերը մեջբերում է «Մեդիամաքսը»:
1992-93 թթ. ղարաբաղյան զինված ուժերը հետ մղելով Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան, կարողացան ոչ միայն ազատագրել ադրբեջանական զինուժի գրաված Ղարաբաղի տարածքի կեսը, այլեւ առաջ շարժելով վերահսկողություն հաստատեցին վարչականորեն Խորհրդային Ադրբեջանին պատկանող Լաչինի, Քելբաջարի, Աղդամի (մոտ 70 տոկոս), Ղուբաթլուի, Ֆիզուլիի (մոտ 30 տոկոս), Ջեբրայիլի եւ Զանգելանի շրջաններում: Փաստահավաք առաքելությունը, որի կազմում ներգրավված էին Գերմանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները, փետրվարի առաջին շաբաթն անցկացրեց վերոնշյալ 7 շրջաններում:
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ հայկական կողմը բնակեցման եւ յուրացման քաղաքականություն է վարում: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ավելի վաղ ասել էր, որ այդ տարածքներում 23 հազար հայ է վերաբնակեցվել: Երեկ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը «Դեյ» ադրբեջանական կայքում ասել է. «Ներկայացված թվերում կարող են լինել որոշ անճշտություններ, ինչը, սակայն, չի փոխում ընդհանուր արդյունքները: Կան փաստեր, որ իրականացվում է անօրինական բնակեցում»:
Բեռնար Ֆասիեն «Ազատությանը» տված հարցազրույցում նշել է, որ բնակություն հաստատածների մեծ մասը հայ փախստականներն են, որոնք լքել են Ադրբեջանը հակամարտության առաջին ամիսներին: Ենթադրաբար ֆրանսիացի համանախագահը նկատի ունի Շահումյանի եւ Գետաշենի շրջանները, Մարտակերտի հյուսիսը, ինչպես նաեւ Բաքվից, Սումգայիթից, ադրբեջանական այլ բնակավայրերից տեղահանված հայերին:
Երկրորդ խումբը, ֆրանսիացի դիվանագետի խոսքերով, 1988 թ. Սպիտակի երկրաշարժից տուժած մարդիկ են: «Վերջապես երրորդ եւ առավել փոքրաթիվ խումբը կազմում են մարդիկ, որոնք թողել են Հայաստանը տնտեսական պատճառներով»: Ֆասիեն ասել է, որ կան նաեւ մարդիկ, որոնք Հայաստանի լեռնային շրջաններում զբաղվում են անասնաբուծությամբ եւ գալիս են այդ տարածքներ ձմռան ամիսներինՙ ավելի բարենպաստ կլիմայական պայմանների պատճառով:
Ֆրանսիացի դիվանագետն ասել է, որ վերաբնակներն օգնություն չեն ստանում Ստեփանակերտից կամ Երեւանից: Նրա խոսքերով, մի քանի ընտանիքներից կազմված բնակավայրերն իրարից մեկուսացված են ճանապարհների եւ հաղորդակցության այլ միջոցների բացակայության պատճառով: Բացառությամբ Լաչինի, ասել է Ֆասիեն, չեն ձեռնարկվում որեւէ կազմակերպված գործողություններ պատերազմի ընթացքում ավերված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ:
«Շատ շրջաններում չկա էլեկտրաէներգիա, աղքատություն է տիրում: Ես չէի ասի, որ այդ մարդիկ ապրում են: Նրանք գոյատեւում են ծակված առաստաղներով ծածկված կիսաքանդ պատերում», ասել է Ֆասիեն:
Ստեփանակերտցի քաղաքական վերլուծաբան Դավիթ Բաբայանն ամբողջ շաբաթն անցկացրել է Մինսկի խմբի համանախագահների եւ փաստահավաք առաքելության հետ: «Ֆրանսիացի համանախագահը տալիս է ազատագրված տարածքներում տիրող իրավիճակի ընդհանուր պատկերը, ընդգծում, որ պաշտոնական Բաքվի պնդումները, թե այդ տարածքներում պետական մակարդակով վերաբնակեցում է կատարվում, չեն համապատասխանում իրականությանը: Այդ տեսակետից հարցազրույցը միանգամայն համապատասխանում է իրականությանը», «Ազգի» հետ զրույցում ասաց Բաբայանը:
Վերլուծաբանը Ֆասիեի հարցազրույցում նկատել է «մի քանի անհասկանալի դրույթներ»: «Օրինակ, նա հայտարարում է, որ այս առաքելությունը հնարավոր դարձավ միայն Բաքվի եւ Երեւանի թեժ բանակցությունների արդյունքում: Նման բանակցություններ, իհարկե, տեղի են ունեցել: Բայց այս առաքելությունն անհնար կլիներ, եթե պաշտոնական Ստեփանակերտը դեմ լիներ: Չգիտես ինչու, ֆրանսիացի դիվանագետն այդ մասին ոչինչ չի ասում», ասաց նա:
ԼՂՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով, Ֆասիեն տուրք է տվել քաղաքական կոնյունկտուրային: «Եթե Մինսկի խմբի համանախագահ պետություններն այս պահին չեն ճանաչում ԼՂՀ անկախությունը, ապա Ֆասիեն իր մտքերը ձեւակերպել է այդ կերպ: Սակայն դրանից ոչինչ չի փոխվում: Համենայն դեպս, փաստահավաք առաքելությունը ԼՂՀ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներում աշխատել եւ փաստեր հավաքել է ԼՂՀ իշխանությունների համաձայնությամբ եւ օժանդակությամբ», ասաց Աթանեսյանը:
Ինչ վերաբերում է Լաչինին, ապա Աթանեսյանի կարծիքով, ֆրանսիացի դիվանագետը փորձել է Լաչինը տարանջատել մյուս տարածքներից: «Իմ տպավորությամբ, միջնորդությունը հակված է այս կամ այն կերպ Լաչինը դիտել որպես ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ կենդանի հաղորդակցության օղակ, եւ Լաչինի շրջանը պետք է դուրս պատկերացնել այն ամբողջ համատեքստից, որը կարող է ուրվագծվել, ԵԱՀԿ վերջին շրջանի գործունեության արդյունքում», ասաց նա:
Հավելենք, որ մոտակա շաբաթներին ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ այցելության եւ մոնիտորինգի արդյունքներով ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը կպատրաստի զեկույց եւ կներկայացնի Մինսկի խմբի համանախագահներին: