Եվրոպական կառույցների ինտեգրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հավաստեց, որ սահմանադրության փոփոխությունների երեք նախագծերն էլ առաջին երկու գլուխներում, որոնք վերաբերում են սահմանադրական կարգին եւ մարդու իրավունքներին, շատ ընդհանրություններ ունեն: Այդ հիմքով էլ առայժմ ընթացող քննարկումներում առկա է հանդուրժողական աշխատանքային մթնոլորտ: Կոալիցիայի, ՄԱԿ-ի, Արշակ Սադոյանի ներկայացրած սահմանադրության փոփոխությունների առկա տարբերությունները հիմնականում վերաբերում են իշխանության տարբեր թեւերիՙ ՀՀ նախագահ, խորհրդարան, կառավարություն, փոխհարաբերություններին:
Երեք նախագծերում էլ հաշվի են առնվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկները: Սադոյանն իր հեղինակած նախագծի առավելությունն է համարում հանձնաժողովի բոլոր առաջարկների հաշվի առնումը: Բոլոր նախագծերն էլ չեն ամրագրել մահապատժի արգելքը, բայց ամրագրել են յուրաքանչյուր անձի կյանքի իրավունքը: Երեք նախագծերում էլ հանվել է երկքաղաքացիության արգելքը, սակայն վերապահումներ կան երկքաղաքացիության կարգավիճակ ունեցող անձանց ընտրել-ընտրվելու, հողային սեփականության իրավունք ունենալու հարցում: ՄԱԿ-ն առաջարկում է ամրագրել դրանց արգելքը, կոալիցիան եւ Արշակ Սադոյանն այդ հարցի կարգավորումը թողնում են օրենքինՙ ի սկզբանե համամիտ լինելով արգելքի սկզբունքին:
Նախագծերում ամրագրվում է խղճի ազատության գաղափարը, բայց նախագծերի հեղինակների կողմից կարեւորվում է նաեւ տոտալիտար գաղափարախոսություն ունեցող կազմակերպությունների գրանցման եւ գործունեության արգելքի կարգավորումն օրենքով: Երեք նախագծերում էլ ամրագրվում է հանրակրթության անվճար լինելու գաղափարը: Արշակ Սադոյանի նախագծում ամրագրվում է, որ պետությունը պարտավորվում է զանգվածային լրատվամիջոցների ազատ եւ անկախ գործունեության պայմաններ ստեղծել: Սադոյանը գտնում է, որ ԶԼՄ-ի օրենքը կոպիտ թերություններ ունի եւ պետք է վերանայվի, որպեսզի չկրկնվեն այն խայտառակ հետընթացները, որի ականատեսն ենք եղել, եւ բացի այդ, սահմանադրորեն լրացուցիչ պետք է ամրագրվեն նորմեր, որոնք կբացառեն նման օրենքների ընդունումը: Սադոյանը գտնում է նաեւ, որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ձեւավորման կարգը արմատապես պետք է վերանայվի:
Երեկ խորհրդարանում կայացած քննարկումների ավարտին Տիգրան Թորոսյանը հավաստեց, որ չնայած երեք նախագծերում էլ ընդհանրությունները բավական շատ են, սակայն վերջնական մեկ տարբերակի ստացման համար դեռ բավական աշխատանք եւ ժամանակ է անհրաժեշտ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ