Շահեն Խաչատրյանի «Մինաս» պատկերագիրքը
Երեսուն տարի ապրում ենք առանց Մինաս Ավետիսյանի: Ուղիղ երեսուն տարի: 1975 թվականի փետրվարի 16-ին ավտոմեքենան հարվածեց Մինասին: Փետրվարի 24-ին իր երկրային կյանքն ավարտեց: Նրա համար սկսվեց անմահության ճանապարհը: Եվ, ահա, այս օրերին լույս է տեսնում արվեստաբան Շահեն Խաչատրյանի «Մինաս» պատկերագիրքը, անչափ կարեւոր ու անհրաժեշտ հրատարակություն: Այս հազվագյուտ գիրքն ըմբոշխնելուց առաջ կարդանք Շահեն Խաչատրյանի խոսքը:
«Սիրելի Մինաս, 1975-ի մեր երջանիկ փետրվարյան օրը Լենինականում, մեր սիրելի ընկերոջՙ Խաչատուր Վարդպարոնյանի մոտ, դաժան ողբերգությամբ ավարտվեց Երեւանում: Երեկո էր: Մտածելով, որ օպերայում քո ձեւավորած բալետային ներկայացումն արդեն ավարտվել է, որոշեցի քո արվեստանոցը գալ: Հանկարծ զանգեց հեռախոսը: Անծանոթ մի ձայն քո անունից խնդրեց, որ շտապ հասնեմ հիվանդանոց:
... Պառկած էիր պատգարակին, այնքա՜ն միայնակ ու անօգնական... Քեզ տարան վիրահատման: Զգեստներդ, բանալիներդ ձեռքիսՙ կանգնել էի շվարած... Դողում էի, պապանձվել էի...
Մի ամբողջ շաբաթ, գիշերներն անցկացրի քո հիվանդասենյակի դռան մոտ, աստիճաններին նստած: Երբեմն զգույշ մտնում էի ներս: «Միայն դուրս գամ այստեղից, միայն աշխատեմ...»,- կրկնում էիր անընդհատ: Թվում էր, մոտ է փրկությունդ: Բայց...»:
Բայց եղավ 1975 թվականի փետրվարի 24-ը, եւ սեւ շոր գցվեց Մինասի նկարակալի վրա: Երեսուն տարում բազմաթիվ գրքեր լույս տեսան, հազարավոր հոդվածներ տպագրվեցին այստեղՙ Հայաստանում եւ արտասահմանումՙ արվեստագիտական ուսումնասիրություններ, մենագրություններ, քննադատական հոդվածներ, անգամՙ հետաքննական, կրիմինալի, դետեկտիվի ժանրին հարող ֆիլմեր ու հեռուստատեսային հաղորդումներ ստեղծվեցին: Հատկապես գայթակղիչ էր Մինասի մահվան թեման, մահ, որը սոսկ ավտովթարի հետեւանք չհամարվեց: Սպանության, հատկապես խորհրդային իշխանությունների կողմից կազմակերպված եւ իրականացված սպանության վարկած ստեղծվեց: Բայց սա ուրիշ խնդիր է: Արվեստաբան Շահեն Խաչատրյանի կազմած այս հրաշալի պատկերագիրքը Մինաս Ավետիսյան նկարչի ստեղծագործության մասնագիտական ուսումնասիրություն է: Եվ ոչ միայն:
Շահեն Խաչատրյանը Մինասի բարեկամն է եղել, նրա արվեստի երկրպագուն ու պրոպագանդիստը: Եվ Մինասի կենդանության օրոք, եւ մահվանից հետո Խաչատրյանը հնարավոր ամեն ինչ արել է Մինասի ստեղծագործությունը ներկայացնելու համար ինչպես Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին, այնպես էլ օտարազգիներին: Անցած երեսուն տարում Մինասի գործերի ցուցադրումներն է անցկացրել Խորհրդային Միության եւ Եվրոպայի ավելի քան քսան քաղաքներում: Այս պատկերագիրքն էլ, որ արդեն պատրաստ էր տպագրության դեռեւս 15 տարի առաջՙ նկարչի ծննդյան 60-ամյակին, թեեւ մեծ դժվարությամբՙ հաջողվեց ավարտուն տեսքի հասցնել: Խորհրդային Միության փլուզման պատճառով 1990 թվականին չհաջողվեց առաքելությունը (իսկապես առաքելություն եւ ոչ մի դեպքումՙ ձեռնարկ) 2005-ին իրականացավ: Մինասի աշխատանքների ավելի քան 200 վերատպությունների հետ պատկերագրքում փաստացի հսկայական նյութ է ներկայացված: Արվեստի մասին Մինասի արտահայտած կարծիքները, նրա մասին մշակույթի եւ գիտության հանրահայտ գործիչների մտորումները կան այս պատկերագրքում, որոնք հնարավորինս ամբողջական են ներկայացնում նկարչին, նրա արարումը, նրա հրաշք պարգեւը մեր արվեստին:
... Ջաջուռի, ինչպես Հայաստանի բոլոր սահմանամերձ գյուղերի բնակիչներին, պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո հատուկ զգուշացված էր աչալուրջ լինել եւ, որեւէ կասկածելի անձնավորություն (լրտես) հայտնաբերելիս, անմիջապես զգուշացնել ուր որ հարկն է: Մի անգամ գյուղացիները սարալանջին ձեռնափայտով մի մարդու տեսան, որը տարօրինակ շարժումներ էր անում: Իրարանցում սկսվեց, եւ անծանոթին քարշ տվեցին կոլտնտեսության նախագահի գրասենյակ... Շուտով հայտնվեց նախագահը եւ սկսեց նախատել հավաքվածներին: «Ձեր կարծիքով սա շպիո՞ն է: Չէ՞ որ սա նկարիչ Հակոբ Անանիկյանն է...»:
Այդ ժամանակ նկարչին մոտեցավ լռակյաց մի պատանի եւ խնդրեց նայել իր նկարները: Դա Մինասն էր: Նրա աշխատանքները հիացրին Անանիկյանին, որը պատանուն նվիրեց ամեն ինչ, որ կար իր մոտՙ ներկապնակը, վրձինները: Եվ խոստացավ ավելի հաճախ այցելել գյուղ: Իսկ Մինասի մորըՙ Սոֆիկին, շշնջաց. «Տղան տաղանդ ունի: Օգնիր նրան, իսկ ամուսնուդ ասա, որ նրան անպայման ուղարկի գեղարվեստի դպրոց»:
Մայրը խոստացավ եւ իր խոսքի տերը եղավ: 1947 թվականին Երեւանի գեղարվեստական ուսումնարան ընդունված Մինասը հինգ տարով մեծ էր համակուրսեցիներից եւ, անհարմար զգալով, պարապմունքների ժամանակ միշտ նստում էր վերջին նստարանին:
Մի անգամ ուսումնարանի երկարամյա տնօրեն, հայտնի նկարիչ եւ մանկավարժ Վահրամ Գայֆեջյանը սովորողներին հանձնարարեց հաջորդ օրը կտավ բերել: Մինասը ենթաշրջանակի մեջ առավ պարկի մի կտոր եւ ներկայացավ դասի: Տեսնելով դա, Գայֆեջյանը ժպտաց եւ Մինասին իսկական կտավ տվեց: Հետագայում Մինասն այս պատմությունն իբրեւ անեկդոտ էր ներկայացնում եւ առիթը բաց չէր թողնում իր նրբազգաց ուսուցչին բարի խոսքով հիշելու համար... Անեկդո՞տ է սա, թե՞ իրականություն: Ամեն դեպքում Մինասի երկարամյա բարեկամ Շահեն Խաչատրյանին չհավատալու հիմքեր չունենք:
Մինասին նվիրված այս պատկերագիրքը հեղինակը նվիրել է իր հորՙ Գեւորգ Խաչատրյանի հիշատակին: Ինչո՞ւ: Ի՞նչ կապ կարող է լինել քարտաշ վարպետ Գեւորգի եւ նկարիչ Մինասի միջեւ:
1972 թ. հունվարի 2-ի օրը իսկական ողբերգություն էր Մինասի համար. այրվեց նրա արվեստանոցը: Վառվեցին, անէության գիրկն անցան Մինասի շատ գործեր: Թվում էր, ամեն ինչ վերջացած էր: Ընկերներն ամեն կերպ մխիթարում էին նրան: Մինասին գրեթե կաթվածահար վիճակից հանեց քարագործ վարպետ Գեւորգը, ով հայտնվելով արվեստանոցի շեմին, ուշադիր նայեց սեւացած պատերին, հատակին եւ ասաց. «Մինաս, եկավ ժամը, որ դու պետք է ապացուցես, թե բոլորից ուժեղ ես: Թող քո թշնամիները չմտածեն, որ դու ջարդվել ես»: Հրդեհից հետո Մինասի կատարած աշխատանքը պարզապես հրաշք է:
... 1968 թվականին Արշիլ Գորկու քույրըՙ Վարդուհին, Երեւան բերեց եղբոր լավագույն աշխատանքների լուսապատճենները: Շահեն Խաչատրյանը Գորկուն նվիրված երեկոյի ժամանակ խոսեց ԱՄՆ-ում ապրած նկարչի ստեղծագործության մասին: Մինասը հիացած էր. «Ինչպիսի՜ նկարիչ է, ինչպիսի՜ զգացմունքներ են, ինչպիսի՜ թախիծ: Ինչո՞ւ նրա մասին մենք ոչինչ չգիտեինք: Բայց չէ՞ որ նա իմ եղբայրն է եղել»... Ու հենց այդ ժամանակ էլ (1969 թվականին) նա ստեղծեց իր մոր դիմանկարը: Ուշադիր դիտեք Արշիլ Գորկու «Նկարիչը եւ իր մայրը» (1928-1936 թթ.) եւ Մինասի գործը: Մտածողության ու հոգեկան հարազատության որքան շատ եզրեր կգտնեք այդ երկու գործերում:
«Ես ասում եմ. «Սեփական զգացմունքներն արտահայտելՙ ահա արվեստագետի առաջնահերթ նպատակը»,- ասում է Մինասը: - Շտապեմ ճշտել ասածս, բնավ էլ ոչ բոլոր եւ ոչ ամեն զգացմունք, այլ միայն նրանք, որոնք գրավել են քեզ, դուրս են պրծնում հոգու խորքից, եւ մարդկանց հետ կիսվելըՙ դրանք կտավի վրա պատկերելով, հնարավորություն են տալիս նկարչին խաղաղվելու»:
Շահեն Խաչատրյանի «Մինաս» պատկերագիրքը հնարավորության սահմաններում ամբողջությամբ բացում է Մինաս Ավետիսյան նկարչի եւ մարդու ինքնությունը:
Անչափ կարեւոր մի պատկերագիրք է ստեղծել Շահեն Խաչատրյանըՙ եւս մեկ անգամ հավաստելով Մինասի անմահությունը:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ