Երեկ մի խումբ ցուցարարներ «Երկիր» թերթի խմբագրատան դիմաց ցույց էին կազմակերպելՙ ցուցապաստառներով, իրենց բողոք-պահանջներով դիմելով խմբագրությանը: Ցուցարարները ներկայացան որպես մի խումբ քաղաքացիներ, որոնց բողոքի պատճառը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանիՙ չորեքշաբթի կայացած հարց ու պատասխանի ժամանակ թույլ տված վիրավորական արտահայտություններն էին:
Նրանք հարցը քննելու պահանջով դիմել էին «Երկիր» թերթի խմբագիր Սպարտակ Սեյրանյանին, որն էլ, ինչպես նշեց մեզ հետ զրույցում, խոստացել է քննել հարցը:
Սրան զուգահեռ երեկ «Ազգը» Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ Գեւորգ Մանուկյանից բաց նամակ ստացավ, որտեղ նամակագիրը, բազմահազար քաղաքացիների անունից պարսավելով Աղվան Վարդանյանի «անպարկեշտ» վարմունքը, պահանջում էր նախարարից հրապարակավ ներողություն խնդրել, ինչպես նաեւ դադարեցնել «սեփական շահառուների նկատմամբ հակասահմանադրական, ապօրինի գործողությունները տարբեր օրենքներում եւ ենթաօրենսդրական ակտերում սոցքարտերի պարտադրանք նախատեսող դրույթներ անցկացնել»:
Գ. Գ.