«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2005-02-12 | #26, 2005-02-15 | #27, 2005-02-16


ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄՈՒՄ

Արարատյան հայրապետական թեմի «Երիտասարդական» միությունը երեկ հանդիպում էր կազմակերպել «Հղիության արհեստական ընդհատում. սպանությո՞ւն, թե՛ հարկադրված արարք» թեմայով: Միության երիտասարդների հետ նշյալ թեմայի շուրջ զրուցեցին Վարազդատ սարկավագ Քոչարյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Անդրանիկ Ավանյանը եւ էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը:

Հանդիպման ժամանակ հղիության արհեստական ընդհատումը հիմնականում որակվեց սպանություն, մեղք, որը, սակայն, ունենալով շատ պատճառներ եւ հանգամանքներ` երբեմն դառնում է անխուսափելի եւ հասկանալի: Մանկաբարձ-գինեկոլոգ Անդրանիկ Ավանյանը, որն արդեն երկու տարի չի զբաղվում հղիության արհեստական ընդհատմամբ, հարցին բժշկական, եկեղեցական, սոցիալական կողմերից էլ նայելու դեպքում ընդգծեց այն համոզումը, որ հղիության նմանատիպ ընդհատումը, միեւնույն է, սպանություն է: Էնդոկրինոլոգ Լուսինե Նավասարդյանը եւս, դեմ լինելով պտղի կյանքի ընդհատմանը, նշեց, սակայն, որ կան հանգամանքներ, երբ կարելի է կնոջ նման քայլը հասկանալ: «Օրինակ, երբ խոսքը վերաբերում է մոր կամ երեխայի կյանքի ընտրությանը, պարզ է, որ աբորտն անխուսափելի է դառնում», ընդգծեց էնդոկրինոլոգը:

Վարազդատ սարկավագ Քոչարյանն էլ նկատեց, որ ամեն պարագայում կյանքի ընդհատումը մեղք է համարվում:

Լուսինե Նավասարդյանն ընդգծեց, որ հղիության արհեստական ընդհատումը կնոջ վրա ազդում է ոչ միայն ֆիզիոլոգիական, այլեւ հոգեբանական առումով, ուստի ճիշտ կլինի ժամանակ առ ժամանակ դիմել բժիշկների խորհուրդներին, կանխավ ծրագրել սեռական կյանքը, որից հայ կանայք հիմնականում խուսափում են:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4